Կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց լիազորությունները դադարեցրեցին

Կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց լիազորությունները դադարեցրեցին
Զարզանդ Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  համար:

12.07.2018թ. Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ:

2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ:

20.02.2019թ. որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին մեղադրանք առաջադրելու մասին։

Նույն օրը որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին:

27.02.2019թ. ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

28.02.2019թ. որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված  ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար: