Առյուծի սիրտ կերածները

Առյուծի սիրտ կերածները

Որպես նախկինների իշխանության դեմ երկարատև պայքարի ակտիվ մասնակից՝ 2018-ի աշնանը որոշեցի, որ ժամանակն է ընդգրկվելու ՔՊ կուսակցության շարքերը: Այդ հարցով զբաղվում էր «Հրապարակի» ընթերցողներին հայտնի Վահագնը… Չէ, ոչ թե Ալեքսանյան, այլ Հովակիմյան, ով այսօր ԿԸՀ նախագահն է: Աայն ժամանակ Նիկոլի հետ խնդիրներ ունենալիս նա զանգում էր ինձ ու հանդիպում խնդրելով՝ խորհրդակցում ինձ հետ: Արդեն կարող եմ հրապարակել դա, քանի որ մեկ-երկու օր առաջ ՀԺ-ի նախկին լրագրող, տիկին Զոհրաբյանը պատմել է Հովակիմյան լրագրողի նկատմամբ խմբագիր Փաշինյանի արհամարհական վերաբերմունքի մասին: Ինչևէ, վերջինս ինձ հրավիրեց Թումանյանի վրայի գրասենյակ, լրացնել տվեց դիմումը, առավ հազար դրամ անդամատոմսը, հաջորդ հանդիպելուց ասաց, որ 8 հազար դիմում ունեն ու մարդկանց պետք է ստուգեն: Չհասկացա, թե դա ինչ կապ ուներ ինձ հետ, քանի որ մինչ այդ մենք կարծես թե ընկերներ էինք ու ինքն ինձ լավ էր ճանաչում: Ու այնպես չէ, որ Նիկոլը չէր ճանաչում: Ինչևէ, դրանով ավարտվեց տողերիս հեղինակի՝ ՔՊ-ականի վերածվելու գործընթացը:  

Ու ինձ համար հասկանալի չէր, թե ինչու դա տեղի ունեցավ, քանի որ մի քանիսին, ովքեր դարձել էին Նիկոլին մերձավոր, շատ լավ էի ճանաչում, մտածում էի, թե ովքեր են մնացածները, որ նրանց ընդունել են, իսկ ինձ` ոչ: Հետագայում, աստիճանաբար, բացահայտվեց, թե ովքեր էին մնացածները. դրանք այն մարդիկ էին, ովքեր անվերապահորեն ընդունում էին Փաշինյանի առաջնորդությունն ու անսխալականությունը: Դրանք մորթապաշտ, կամազուրկ անձինք էին, ովքեր հանուն պաշտոնի թքած ունեին հայրենիքի վրա, Արցախի վրա, իսկ մինչև պատերազմը հենց իրենք էին Արցախը համարում հայրենիք: Իսկ ես այդպիսին չէի կարող լինել, քանի որ ստացել էի խորհրդային դաստիարակություն: 
Դա՝ մեկ, և երկրորդ. ես չէի կարող լինել այն մարդը, ով ընդդիմադիր ժամանակ իրեն խելոք է պահում (սուսուփուսի իմաստով), իսկ իշխանություն ստանալուց հետո առյուծի սիրտ է ստանում: Դրա վկայությունն է մեր կազմակերպության կողմից կազմակերպված ակցիաներին իմ ակտիվ մասնակցությունը, ինչի համար հիսունին մոտ տարիքում ես սկսեցի զբաղվել «ծանրատլետիկ» վարժություններով ու մտածում էի, որ հենց այդպիսին պետք է լինի ընդդիմությունը՝ հատկապես երիտասարդությունը: Բայց իշխանություն գրավելուց հետո մենք պետք է ցուցադրեինք ոչ թե մեր մկանուտ բազուկները, այլ խելքը, հանդուրժողականությունը, մարդկանց վերադաստիարակելու պատրաստակամությունը: Հենց վերադաստիարակելու, քանի որ նախկինները թքած ունեին մարդկային որակների վրա՝ կարևորը փողն էր: Ու հանուն փողի՝ հասարակությանը պարտադրվել էր զոռբայության պաշտամունքը: Տարիքով մարդիկ կհիշեն այդ օրերի մեր «կուռքերին»՝ հաստ ոսկե շղթայով հաստ վիզ ունեցողներին:

Բայց մարդկանց վերադաստիարակելու համար, ինչը հենց նորմալ իշխանության թիվ մեկ պարտականությունն է, առաջին հերթին պետք է վերադաստիարակվեին իշխանավորները: Ի դեպ, իշխանության ութերորդ տարում Նիկոլը գիտակցեց, որ աշխարհը փոխելու առաջին քայլն ինքն իրեն փոխելն է: Բայց երևի չի հասել այն մակարդակին, որ գիտակցի՝ մարդը կարող է ինքն իրեն փոխել՝ երբ կճանաչի իրեն: Հենց այդ՝ «Ծանի՛ր զքեզ» աֆորիզմն է արձանագրված Դելփյան տաճարի պատին: Ու հենց դա էի որպես նշանաբան ընտրել ես՝ երբ 2009 թվականին բացեցի ֆեյսբուքյան իմ էջը: Չնայած հետաքրքրիր զուգադիպությամբ այն ժամանակ ես 50 տարեկան էի՝ այնքան, որքան կլինի շուտով երբեմնի «դուխով» Նիկոլը, ով 7 տարի առաջ իր «դուխով» լինելն ու ժողովրդի ահռելի վստահությունն օգտագործեց ոչ թե հայրենիքի հետագա բարգավաճման, այլ նախկիններից վրեժ լուծելու նպատակով: Ով, որպես նախկիններին ընդդիմադիր, դատապարտված էր ռազմական առումով հզոր ու մարդկային առումով հպարտ հասարակության միջից հանել բացասական հատկանիշներն ու ներարկել դրականը: Սակայն արեց ճիշտ հակառակն ու այսօր մեզ կանգնեցրեց կոտրած տաշտակի առջև: 

Ով Արցախի կորուստը՝ բազմահազար զոհերով հանդերձ, ՀՀ մի շարք տարածքների կորուստն ու անվտանգության սպառնալիքներ գեներացնելը բավարար չհամարելով, «օրինականացրեց» նախկինների «բեսպրեդելը», դարձրեց կյանքի նորմ: Օրինակները բազմաթիվ են՝ փողոցում, բակում, դպրոցներում (Մերձավանինն ու Մխչյանինը` որպես ամենաթարմ օրինակներ), նույնիսկ խորհրդարանում (բարի վերադարձ 90-ականներ) և աշխատավայրում: Եվ ամենուրեք, 7 տարում նախկինների «բեսպրեդելը» փոխարինեց ՔՊ-ականների (կամ «քպամերձների») «բեսպրեդելով»: Եվ եթե նախկինները գոնե ինչ-որ մասով Արցախի կամ հայրենիքի (ինչը որ նույնն է) համար կռված տղաներ էին ու դրանով էին փորձում արդարանալ, Նիկոլի թիմակիցներն այդ առումով ընդամենը ոչնչություն են՝ մեկ կամ երկու բացառությամբ: Ու դրա հետ միասին՝ այս օրերին նաև առյուծի սիրտ կերած: Ովքեր իշխանությունը կորցնելուց հետո՝ եթե չկարողանան փախչել Հայաստանից, մկան ծակում թաքնվելու համար կռիվ կտան: Բայց այսօր դրանք իշխանության մաս են կազմում ու վայելում են դրա ընձեռած հաճույքները՝ նյութական, թե հոգեբանական: