Բանակը քանդած ու կործանած, անհայրենիք դավաճանից սկսեք

Բանակը քանդած ու կործանած, անհայրենիք դավաճանից սկսեք

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանն է:

- Շուշան, փետրվարի 25-ին համերգային ծրագրով եք հանդես գալու: Մի փոքր պատմեք, թե ինչ կատարումներ են հնչելու:

- Այո, փետրվարի 25-ին մենահամերգս է, դեկտեմբեր ամսից վեցերորդ անգամ, մեկն էլ Արցախում ունեցա դեկտեմբերի 28-ին։ Հնչում են սիրված և անծանոթ երգեր, նաև երգի պրեմիերաներ են եղել։ Հունվարի 28-ին համերգս նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին ու կոչվում էր «Երազ, իմ երկիր…», տարբեր խորագրերով թեմատիկ համերգներ եմ ունենում, ուր միևնույն է սիրված երգերը հանդիսատեսի պահանջով կատարվում են։

- Երգելու պահանջ զգո՞ւմ եք: Արվեստագետներից շատերը պատերազմից հետո ստեղծագործել չեն կարողանում….

- Երգելու պահանջ մի՛շտ կա, մնում է սիրտը երգի։ Երբ գիտես, որ երգդ ոգի ու ուժ է տալիս, պարտավոր ես երգել եթե ո՛չ սրտով ապա մտածված, ամեն դեպքում չկոտրվող ոգով։ Գիտե՞ք, այդ չարարող արվեստագետները ինձ հիշեցնում են «վայ-վայ, ես Արցախ գնալ չեմ կարող, չեմ դիմանա… նրանց էլ Շուշիի մոտ կանգնած տեսնեմ, կգժվեմ…»: Հարց է ծագում՝ «Իսկապե՞ս», այսինքն՝ ակամայից միանալ Արցախ-Հայաստան կամուրջը քանդող կապիտուլյանտների ծրագրի՞ն, այլևս չգնալ Արցախ ու վե՞րջ։ Չեմ հասկանում։

-  Հիմա բանակում դավաճաններ եմ հայտնաբերվում: Սա ի՞նչ է՝ Ձեր կարծիքով:

- Հակիրճ ասեմ։ Բանակը քանդած ու կործանած անծագում, անհայրենիք դավաճանից սկսեք:

- Իշխանությունների թիրախում, կարծես, դատական համակարգն է: Այս գործընթացը հարի՞ր է ժողովրդավար երկրին:

- Ի՞նչ, ժողովրդավարությու՞ն։ Դատական համակարգում իսկականները (դատավորները) բնականաբար թիրախավորվում են, 33 արծաթով ծախվածներ ազատ ճեմում են ըստ տրամաբանության։ Արժանապատիվ իսկականներին հարգանքս։

-Մտավորականներն օրեր առաջ հանդիպել են նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին: Այդ առիթով համացանցում մեծ աղմուկ բարձրացավ: Ճի՞շտ էր նրանց այդ քայլը։

- Հայրենիքս, Արցախս, մի ամբողջ կորսված սերունդ ու տղերքի հիշատակը գերագույն արժեք են, ի՞նչ հարց եք տալիս ինձ հիմա։ էդ հարցը ԻՆՉԻ՞ մասին է։ Կասեք զառամյա՞լ են, չեն գիտակցել, կարդացի նման «արդարացնող» գրառումներ։ Մեծն Վիկտոր Համբարձումյանը 88-ին Մոսկվայում հացադուլի նստեց, նա 80 տարեկան էր, Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, 80 տարեկան էր, շարունակե՞մ։ Հրապարակում մեր կողքին մեծեր էին կանգնած, տարեցներ, ում համար Հայրենիքն ու արժանապատվությունը մեկտեղված էին։ Բաքվի, Սումգայիթի հայերի կոտորածները ինչպե՞ս կարող էր որևէ հայ՝ անկախ տարիքից, հանդուրժել։ Տարեցից երիտասարդ հրապարկում էինք։ Բա մի ամբողջ սերունդ չկա, զոհվածներ, անհետ կորածներ, գերեվարվածներ ու վիրավորներ… Այսինքն՝ ինչ-որ ընդունելի եզր դեռ կա՞ կապիտուլյանտի ու իր թիմից որևէ մեկի մեջ։ Հրաժարվում եմ հասկանալ:

- Շուշան, իսկ մտավորականներին արժե՞ ներքաշել քաղաքականության մեջ, ավելին` բաժանել սևերի ու սպիտակների:

- Մտավորականությունը քաղաքականության մեջ պետք է լինի այնքանով, որքանով որ մտավորականությունը հասարակության հենց այն շերտն է, որ ի զորու է տրամաբանել, մտածել։ Աշխարհի մարտահրավերների ամբողջական պատկերում մեր դժվար, թշնամիներով շրջապատված, թիրախային երկիրը ո՛չ միայն սրտով, այլև խելքով է պետք ճանաչել ու սիրել։ Մեր տանջահար ու հրաշք հայրենիքը արժանի չէ անտարբեր պատեհապաշտներին: Ինչ վերաբերում է սև-սպիտակ բաժանելուն, ապա միայն մտավորականությունը չէ, որ սևերի ու սպիտակների է բաժանված, ավաղ, ու առավել ևս, եթե մտավորականն է նման բաժանում անում, ուրեմն, բնավ, մտավորական կոչվելու իրավունք չունի, որովհետև մտավորականին է ի վերուստ տրված մտածելու ունակ լինել։ Իսկական հայի համար հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց Բանակը, դպրոցը, հայ մշակույթը ու հայը պետք է գերագույն արժեք լինեն։ Եթե այս ամենը կարևոր չեն, ուրեմն էլ ի՞նչ մտավորական։