Ի՞նչ է հանձնելու Փաշինյանը․ նոր պահանջներ Ալիեւից

«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կա՛մ էլ՝ մենք։ Այլ ելք մենք չունենք»,- օրերս ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարեց Ալիեւը՝ նոր պահանջներ ներկայացնելով Փաշինյանին։ Այդ պահանջներից մեկը Մինսկի խմբի լուծարումն է։ Ադրբեջանի ղեկավարի սպառնալիքներից օրեր անց Փաշինյանը 12 կետանոց առաջարկ հրապարակեց, որից մեկը Մինսկի խմբի լուծարումն է։ Արցախյան հիմնահարցի լուծման եւ խաղաղ կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ դեռեւս ամռանն էր Ալիեւը Փաշինյանին ներկայացրել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Ալիեւի հերթական հոխորտանքից հետո Նիկոլ Փաշինյանը գլուխը կախ կատարեց նրա հրամանը եւ Հայաստանի անունից հայտարարեց Մինսկի խումբը լուծարելու առաջարկի մասին։
«Նախորդ 4 տարիների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած զիջում բերում է նոր՝ ավելի մեծ զիջման, պահանջի եւ դրա կատարմանը։ Երկու օր առաջ Ալիեւը Փաշինյանին մի քանի պահանջ է ներկայացրել։ Առաջինը վերաբերում է Հայաստանում «ֆաշիզմի» կործանմանը։ Ալիեւը Հայաստանն անվանել է ֆաշիստական երկիր։ Ակնհայտ է, որ Ալիեւը, օրինակ, Դաշնակցությանը կանվանի ֆաշիստական կառույց, կպահանջի լուծարել, Փաշինյանը կկատարի նրա պահանջը, եւ երկուսն էլ կլինեն գոհ ու երջանիկ։ Այսպես պասերով խաղում են։ Ալիեւը կպահանջի արցախյան պատերազմի մասնակիցներին արտահանձնել, Փաշինյանն այդպես էլ կանի։ Այս հարցում իրենք համագործակցում են»,- ասաց պատգամավորը։
Ալիեւի մյուս պահանջը վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը։ «Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է խզեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»,- հայտարարեց Ալիեւը։ Փաշինյանը, ըստ Արթուր Խաչատրյանի, ակնարկել է, որ պատրաստ է Ալիեւի պահանջը դիտարկել։
«Փաշինյանը չի ասում, որ չի զինվի, իհարկե՝ չէր ասի։ Նա հայտարարեց քվոտաներ սահմանելու մասին։ Զենքի վերաբերյալ այդ քվոտաները դեռեւս 1995թ․-ին ԵԱՀԿ-ն էր սահմանել, պահպանվեցի՞ն դրանք, իհարկե՝ ոչ։ Ադրբեջանը թքեց այդ ամենի վրա եւ մի քանի անգամ ավելի շատ զինվեց։ Հիմա էլ է այդպես լինելու։ Հայաստանը կկատարի պահանջները, սակայն Ադրբեջանը չի անի, իսկ Հայաստանը չի կարողանա Ադրբեջանին վերահսկել»,- նշեց նա։
Ալիեւի մյուս պահանջը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն կբացվի։ Որքան շուտ հայերը հասկանան դա, այնքան լավ։ Մենք չենք կարող նման վիճակում մնալ։ Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանի անբաժան մասը հանդիսացող Նախիջևան մեկնենք տարատեսակ այլ ճանապարհներով։ Մենք պետք է ուղիղ կապ ունենանք, և այդ կապը Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Նրանք պարզապես պարտավոր են կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները։ Արդեն ավելի քան չորս տարի է, ինչ մենք համբերություն ենք դրսևորում։ Դեռ ինչքա՞ն պետք է սպասենք և ինչո՞ւ։ Ես մի անգամ արդեն ասել եմ՝ նրանք մեզ չպետք է նյարդայնացնեն և պետք է հասկանան, որ խոսքի իրավունքն այս հարցում մեզ է պատկանում», - հայտարարեց Ալիևը։ Փաշինյանն Ալիեւի պահանջին ի պատասխան հայտարարեց, թե Խաղաղության խաչմերուկ ծրագիրն է առաջարկում, ըստ պատգամավորի՝ մի բան, որ հնարավոր չէ իրագործել։
«Ցանկացած բանական մարդու համար հասկանալի է, որ Հայաստանը չի կարող լինել տրանսպորտային խաչմերուկ, տրանզիտային կենտրոն, աշխարհագրությունը դա թույլ չի տալիս։ Սա հասկանալով՝ ինքն առաջարկ է անում Ալիեւին, ասում է՝ ճանապարհ կտամ։ Ադրբեջանին պետք է այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն։ Փաշինյանը դեռ մի երկու տարի առաջ հայտարարել է, որ այդ ճանապարհի վրա այլ ռեժիմ է լինելու, եւ այստեղ խոսքը չի գնում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված կետի մասին, որով ռուսական զորքն էր վերահսկելու տրանսպորտային հաղորդակցությունը։ Փաշինյանը հայտարարել է, որ «47 կիլոմետրի համար հո ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք պահանջելու»։ Այնպես որ, սկզբունքորեն ընդունել է այլ ռեժիմի հնարավորությունը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ խոսքը գնում է այն մասին, թե Ադրբեջանն ինչ աստիճանի վերահսկողություն կստանա, կարծում է՝ Ալիեւը կհասնի իր ուզածին։
«Ադրբեջանը կստանա կատարյալ վերահսկողություն։ Նիկոլ Փաշինյանը դեմքը փրկելու համար կասի՝ թո՛ղ մոտակայքում հայկական դրոշներ լինեն, հանրությունը կկարծի՝ հայկական դրոշներ կան, ուրեմն տարածքը մերն է, սակայն գործնականում դա կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս»,- նշեց նա։
Կարծիքներ