Նավասարդ Կճոյանի համար մեղադրանքը անսպասելի եւ տարօրինակ է եղել

Նավասարդ Կճոյանի համար մեղադրանքը անսպասելի եւ տարօրինակ է եղել

Ինչպես արդեն հայտնի է, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափով  խարդախություն և փողերի լվացում։ 

Կճոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը։

«Առաջադրված մեղադրանքը շատ անսպասելի էր, որովհետեւ սրբազանը հրավիրվել էր զանգով ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, եւ ես իր հետ գնացել էի որպես փաստաբան։ Զարմանալիորեն միանգամից մեղադրանք առաջադրեցին, պարոն Կճոյանի համար շատ տարօրինակ էր եւ անսպասելի։ Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, չի ճանաչում եւ դրա վերաբերյալ մեղադրյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ՝ մանրամասն ներկայացնելով պատճառահետեւանքային այս ամբողջ երեւույթները։ Այն, որ մեղադրանքում մի քանի տեղ ֆիքսված է, որ Աշոտ Սուքիասյանի եւ այլոց հետ, նախնական համաձայնությամբ, խարդախություն է  կատարել, փողեր է լվացել, արդուկել, դրա հետ կապված՝ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն կամ կապ չունի։ Միակ խնդիրը նրանում է, որ ժամանակին ստեղծվել է ընկերություն, որպես մասնաբաժնի տեր՝ հանդես է եկել նաեւ իմ պաշտպանյալը, ընդամենը հիմնադրման առումով։ Հետագայում տնօրենն ինչպիսի գործարքներ է կատարել, ինքն առնչություն չի ունեցել։ Այս պահի դրությամբ չի կարող երկրային այս կյանքում հայտնվել որեւէ մեկը, որ ասի կամ մատնացույց անի մի ապացույց, որ, այ, տեսեք, սրբազանին առաջարկվել կամ տրվել է այդ գումարից մեկ ցենտ»։

- Մեղադրանքն ինչպե՞ս է հիմավորվում։

- Մեղադրանքը չի հիմնավորվում։ Ելնելով ինչ-ինչ իրավիճակից, ինչ-ինչ նպատակներով ամբաստանություն է իրականացվում։

- Առերեսում եղե՞լ է։

- Ոչ մի այլ քննչական գործողություն։

- Իրեն հրավիրել են վկայի՞ կարգավիճակում։

 - Իրեն զանգել-ասել են՝ գործ կա, արի քննչական դեպարտամենտ։ 

- Հաջորդ հարցաքննությունը նախատեսվա՞ծ է, ե՞րբ է լինելու։

- Դա էական չէ, հարցաքննությունը մեր նախաձեռնությամբ պետք է լինի, որ մենք ավելի մանրամասն ներկայացնենք փաստական տվյալները, որ մենք գործարքների հետ առնչություն չենք ունեցել։

- Ե՞րբ կլինի հարցաքննությունը։

- Ի՞նչ հետաքրքիր է դա։ Ասենք՝ երկու կամ չորս ժամ հետո այսօր, օրինակ։ Բոլոր դեպքերում, մենք պատրաստ ենք այս ամբաստանությունները մեր վրայից հանելու հետ կապված՝ ցուցմունքներ տալ։