Դա իմ շահերից չի բխում, կարող ա՝ ինչ-որ պատգամավորի շահերից բխում է․ Սասուն Միքայելյան

Դա իմ շահերից չի բխում, կարող ա՝ ինչ-որ պատգամավորի շահերից բխում է․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անկախության օրվա առթիվ եկել էր Եռաբլուր։ Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի «Դոսյե» վերլուծական կենտրոնի հրապարակման մասին, ըստ որի՝ ՀՀ-ում կան Կրեմլի գործակալներ, Միքայելյանը պատասխանեց․

«Սա մեր ներքին անվտանգության խնդիրն ա, մեր ներքին անվտանգությունը․․․ ԱԱԾ-ն ա պարտավոր, որ նման բան չլինի, իսկ ինչ վերաբերում ա՝ եթե մենք տանում ենք դեպի Ռուսաստան, արևմուտք կամ Եվրոպա, էդ խնդիրները պիտի կարգավորվի։ Մենք էսօր մեր պատերազմը գնում ա արդեն Թուրքիայի հետ, ոչ թե մենակ Ադրբեջանի, դրա համար մենք պիտի մի քիչ զգույշ լինենք, մեր շահերի համընկման դեպքում Հայաստանը Ռուսասատանի դարպասն ա, Ռուսաստանը պիտի օգնա Հայաստանին, և Դուք գիտեք՝ էսօր էս խոշոր տերությունների վերադասավորման մեջ մենք պիտի խելոք լինենք, ճիշտ քաղաքականություն վարենք»։

Միքայելյանին հարցրինք՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իմքայլական պատգամավորները թուրք պատգամավորների հետ միասին պատմության դասագրքերի չափորոշիչներ են կազմում, մինչդեռ ինքը ասում է, որ մենք պատերազմում ենք նաև Թուրքայի հետ․

«Ես որպես ԵԿՄ նախագահ, որպես Սասուն Միքայելյան, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ես իմ կարծիքն եմ ասում, պատկերացնո՞ւմ եք, հիմա թե մեր խմբակցության անդամը ինչ կանի, ինչ չի անի, ես տեսնում եմ, մտավախություն ունեմ, ես հասկանում եմ, մենք էդ ճամփեն անցել ենք, թողել ենք, որ միլիոն ու կես ժողովուրդ փրթեն, էսօր մեր գերնպատակն էդ ա, ես չգիտեմ՝ ով ինչ ա անում, ուր ա տանում, Եվրոպա ա ուզում, Արևմուտք ա ուզում, բայց պետության շահ, հասկացություն, գաղափար կա, որ պիտի պահվի ու շատ զգույշ լինենք»,- պատասխանեց Միքայելյանը։

«Հրապարակի» ճշտող հարցին, թե հիմա մեր երկրի շահերից բխո՞ւմ է, որ թուրք պատմաբանների հետ համատեղ դասագիրք կազմվի, Միքայելյանն ասաց․

«Ասում եմ՝ դա իմ շահերից չի բխում, կարողա էդ պատգամավորի անձնական շահերից ինչ-որ բաներ են բխում, կամ ինչ-որ դիվանագիտական քայլեր ա անում էդ մարդը, դա չի նշանակում, որ պիտի բերենք, ընդհանրացնենք, ու էսօր ուրիշ ձև խաղանք»։