Հանքարդյունաբերությունն այն հարցը չէ, որը պետք է քննարկել փողոցում 

Հանքարդյունաբերությունն այն հարցը չէ, որը պետք է քննարկել փողոցում 

2019 թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանը գերազանցում է 9.3 %-ով։ Ընդ որում, նույն ժամանակաընթացքում հանքարդյունաբերության աճը կազմել է 23.9 %: Օրերս վիճպետկոմիտեն հրապարակեց նաեւ 2020 թ. առաջին 5 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները, ըստ որոնց՝ հանքարդյունաբերությունն աճել է 25 տոկոսով, եւ աճը հիմնականում ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման հաշվին, ինչը հնարավոր եղավ, երբ մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, վերագործարկվեց Թեղուտի հանքավայրը։ 2019-ի ցուցանիշներով՝ աճել են նաեւ պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալները: Ի տարբերություն հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերությունը համեմատաբար ավելի դանդաղ է աճում։ Ըստ վիճպետկոմի՝ 2019-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 281 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ընդամենը 8.2 %։

Այս խնդիրների շուրջ զրուցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնային գործ եւ շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանի հետ:

- 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունաբերության ծավալներն էական աճ են գրանցել: Այս իրողությունը քննադատողները հիշեցնում են, որ գործող իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ժամանակին, հանքարդյունաբերության առավել ցածր ծավալների համար, անողոք քննադատում էր նախկին իշխանություններին: Հանքարդյունաբերության աճի տեմպերը Ձեզ համար մտահոգի՞չ են:

- Գաղտնիք չէ, որ մեր փոքրիկ հանրապետության ընդերքը բավականին հարուստ է տարբեր օգտակար հանածոների պաշարներով, որը, սակայն, այդպես էլ չենք կարողանում մեր երկրի տնտեսական զարգացման հենքը դարձնել:

Ինքներդ դատեք․ պետական հաշվեկշռում հաշվառված է պղնձի, ոսկու, կապարի, մոլիբդենի, ոսկու, արծաթի, ցինկի, երկաթի 42 հանքավայր, որոնցից թեեւ արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված 29-ին, սակայն այսօր ընդամենը 7-8 մետաղական հանքավայր է շահագործվում: Այսինքն՝ ողջ ծանրաբեռնվածությունն այդ 7-8 հանքավայրի վրա է ընկած: Թե ինչպես ենք շահագործում՝ այլ հարց է, բայց արագ եւ շատ տնտեսական շահ ստանալու համար մեծացնում ենք արդյունահանման ծավալները կոնկրետ այդ սահմանափակ թվով հանքավայրերում: Մինչդեռ, եթե ճիշտ եւ հավասարաչափ բաշխում կատարվեր, ապա պատկերը միանգամայն այլ կլիներ: Մենք ունենք ընդերքի հարուստ ռեսուրսներ, եւ դրանք համաչափ պետք է արդյունահանվեն: 

- Այսինքն, Դուք խնդիր չե՞ք տեսնում հանքարդյունաբերության ծավալների աճի պարագայում:

- Ելնելով երկրի տնտեսական ներկայիս վիճակից՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է զարգանա: Մեր պետական բյուջեն այս ոլորտին փոխարինող այլ աղբյուր առայժմ չունի, եւ, ինչպես ասում են, մենք դատապարտված ենք այն զարգացնել: Այլ հարց է, թե ինչպես եւ ինչ ուղղություններով: Բայց եկեք հեծանիվ չհայտնագործենք եւ հետեւենք առաջադեմ, զարգացած երկրների օրինակին, որը տանում է դեպի ժամանակակից տեխնոլոգիաներով, բնապահպանական համեմատաբար անվնաս, կառավարելի եւ պատասխանատու հանքարդյունաբերության: 

- Ամուլսարի հանքի շահագործման շուրջ արդեն 2 տարի վեճ է ընթանում, թեեւ լրացուցիչ փորձաքննության արդյունքում վարչապետն էլ հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը լիցենզիայից զրկելու որեւէ հիմք չկա, բայց դեպի հանք տանող ճանապարհը դեռ փակ է, ընկերության աշխատանքները՝ պարալիզված: Հանգուցալուծում տեսնո՞ւմ եք: 

- Ամուլսարի հանքը պետք է շահագործվի: Ես սա ասում եմ որպես մասնագետ՝ երկարամյա գործնական ու տեսական փորձով: Այն բոլոր փաստարկները, որ բերվում են հակառակն ապացուցելու, որեւէ քննության չեն դիմանա եւ ընդհանրապես չեն լինի, եթե նման կարծիք ունեցողները գոնե մի փոքր ծանոթ լինեն արդյունահանման նորագույն եղանակներին ու կիրառվող տեխնոլոգիաներին: 

Սկսենք ցիանիդից։ Միանգամից ասեմ, որ այսօր ստեղծված նորագույն մեթոդների եւ տեխնոլոգիայի շնորհիվ պոչամբար կոչված արտադրական միավորը դարձել է անվտանգ, քանի որ նորագույն պաշտպանիչ շերտերը բացառում են այդ նյութի արտահոսքի բոլոր հնարավոր եւ անհնար սողանցքները: Կարող եմ ավելի պարզ ասել. իրականում այս եղանակով, այսպես ասած, դասական իմաստով պոչամբար գոյություն չունի։ 

Ցիանիդից ու թիթեռից հետո «պարզվեց», որ այնտեղ ուրան կա եւ գիտե՞ք ինչ մակարդակի: Եվ առաջ քաշվեց «բնական ֆոն» տերմինը, որը շարքային քաղաքացուն կարող է սարսափելի թվալ, քանի որ չկար մեկը, որ բացատրեր, որ այդ «բնական ֆոն» կոչվածը Երեւանում մի քանի անգամ կարող է ավելի բարձր լինել, կամ չկա այնպիսի մի վայր, որտեղ չլինի բնական ֆոն: Եվ այն էլ՝ մեր հանրապետությունում, որտեղ, ինչպես վերեւում ասվեց, ամենուր մետաղական երեւակումներ կարող են լինել: Հավատացնում եմ՝ եթե ստուգենք, կպարզվի, որ Ամուլսարում այդ ֆոնը, հավանաբար, ավելի ցածր է, քան, օրինակ, հենց կողքի բնակավայրում՝ Ջերմուկում: 
350-400 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, եւ ոչ ոք այդ ընկերությանը չի կարող ասել, որ դա արվել է օրենքի խախտումով: Ուրեմն, ո՞րն է այս աղմուկի հիմնավորումը: Մենք քաղաքակիրթ երկրում ենք ապրում, ունենք ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ գիտնականներ, փորձառու ինժեներներ, տեխնոլոգներ, բարի գտնվենք՝ նրանց կարծիքը լսենք: Սա այն խնդիրը չէ, որ պետք է լուծել փողոցում, սա գիտելիքահեն արտադրություն է, խնդրում ենք՝ մի վիրավորեք մեզ, մի անտեսեք մեր կարծիքը: Դա ապագա չէ մեզ համար:
Այլ հարց է, որ մեր ունեցածը մենք չենք կարողանում խելամիտ օգտագործել: Սակայն սա այլ խոսակցության թեմա է: 

- Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում լեռնամետալուրգիական արդյունաբերությունը:

- Դրա համար պետական մոտեցում է պետք՝ ցանկություն եւ ծրագիր: ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ապահովել է մոլիբդենի 20 տոկոսը, գունավոր մետալուրգիայի ասպարեզում ՌԴ-ից եւ Ղազախստանից հետո երրորդն է եղել, քիմիական արդյունաբերությունն էր շատ զարգացած, բայց 1990-ականներին «Նաիրիտի», «Քիմպրոմի» եւ այլ գործարանների, նաեւ ԱԷԿ-ի ժամանակավոր փակման ֆոնին կտրուկ անկում արձանագրվեց: Բնական ռեսուրսն ունենք, մտավորը՝ նույնպես, մնում է կառավարությունը պետական ծրագիր ունենա եւ կարողանա բնական պաշարները ծառայեցնել երկրի զարգացմանը: Օրինակ, Հայաստանը հիմա վաճառում է 24 տոկոսանոց պղնձի խտանյութ, որն արտահանում են մասնավոր ընկերությունները, եւ միջազգային շուկայում բավական ցածր արժեք ունի։ Եթե դա վերածենք մաքուր պղնձի, միջազգային շուկայում այլ գնով կարող ենք վաճառել կամ/եւ պղնձի արտադրանքներ ստանալ ու մեծ շահույթ ապահովել: Նաեւ՝ տեղում հավելյալ աշխատատեղերի հարց կլուծվի: Չեմ ասում, որ դա դյուրին գործ է, իհարկե, բավական բարդ է, մեծ թիմային աշխատանք է պահանջում, բայց եթե զարգացում ենք ուզում, ապա պետք է մեր առջեւ հստակ նպատակ դնենք, նշածս ներուժն արդյունավետ օգտագործենք՝ այն իրականացնելու համար:
Բազմաթիվ խնդիրներ կան, բայց քննարկում չկա: Հանքարդյունաբերությունը դարձել է այս երկրի բեռը, այնքան բացասական բաներ են ասել, որ մարդիկ խճճվել են: Ասում են՝ Սյունիքում կամ Լոռիում երկգլխանի երեխաներ են ծնվում։ Գիտեք, մարդիկ կան, որ նման բաների հավատում են: 
Մի առիթով Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը պաշտոնապես դիմեց առողջապահության նախարարին, եւ պարզվեց, որ չարորակ նորագոյացությունների հիվանդացության առումով 2016 եւ 2017թթ․ առաջին երեք տեղերը զբաղեցնում էին Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերը: Եթե այս փաստը Լոռիում պատճառաբանենք այնտեղ գործող հանքարդյունահանող ձեռնարկությունների գոյությամբ, ապա ինչպե՞ս բացատրել Շիրակի եւ Կոտայքի մարզերում այդ հիվանդության նման դրսեւորումը: 
Ուզում եմ ասել, որ բնապահպանական խնդիրներ կան ամենուր: Ընդ որում, Երեւանը, ցավոք, ոչնչով չի զիջում առաջատարներին, այն դեպքում, երբ այստեղ ընդհանրապես հանքարդյունաբերություն չկա: