Բախում է եղել տաջիկա-ղրղզական սահմանին

Բախում է եղել տաջիկա-ղրղզական սահմանին

Միջէթնիկ բախում է տեղի ունեցել Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին, որը առաջացել է սովորական վեճի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտա»-ն, մանրամասնելով, որ վեճը սկսվել է Ղրղզստանի Բաթկենսկի մարզի հարավարեւմտյան մասում նոր ճանապարհի կառուցման պատճառով։ Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ղրղզական շինարարները փորձել են վերսկսել Ֆերգանայի հովտում գտնվող Վորուխ տաջիկական անկլավով անցնող ճանապարհահատվածի շինարարությունը, որտեղ ապրում են երեսուն հազար էթնիկ տաջիկներ։ Սահմանի երկու կողմերից սկսել են իրար վրա քարեր նետել, ինչի հետեւանքով երկու կողմերից էլ կան տուժածներ։ Ավելի ուշ բախումը սրվեց։ Տաջիկական կողմը հայտարարել է, որ ունի մեկ զոհ։ Ղրղզական կողմը նույնպես հայտարարում է հրազենային վիրավորում ստացած մեկ վիրավորի մասին։ Հետագա սրացումը կանխելու համար երկու կողմերում էլ սահմանապահների լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել։ Սկսվել են բանակցություններ Իսֆահար քաղաքում։