Սա անշուշտ հանգեցնելու է նոր տեղահանությունների և էթնիկ զտումների. Վահե Թորոսյան

Սա անշուշտ հանգեցնելու է նոր տեղահանությունների և էթնիկ զտումների. Վահե Թորոսյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հաճախ են բարձրաձայնում այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» Հայաստան և Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին: Այնինչ, Հայաստանում բնակվող ադրբեջանցիները հնարավորություն ստացան անշարժ շուկայի գներով վաճառել իերնց անշարժ գույքը և նոր միայն հեռանալ հայաստանից, բացի այդ Հայաստանի Հանրապետությունը հսկայական գումար վճարեց Արդբեջանին՝ վերջիններիս տեղավորման հարցերը հնարավորինս առանց խնդիր կազմակերպելու համար: Մինչդեռ Բաքվում, Սումգայիթում ու այլ ադրբեջանական քաղաքներում հայերին մորթազերծ էին անում, երկու ամսական երեխային ծնողների աչքի առաջ գազօջախի վրա խորովում, կտրատում, մասնատում ու այլ կտտանքների ենթարկում: իսկ ողջ մնացածները զրկվեցին իրենց ամբողջ ունեցվածքից: բայց այդ մասին լռում է ոչ միայն Ալիևը, ինչը տրամաբանական է, այլևս փաշինյանը՝ չնայած որ շատ մտահոգված է ադրբեջանցիների «իրավունքների» պաշտպանությամբ:

«Հրապարակը» իրավագիտության թեկնածու, դոցենտ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գաղափարական հանձնաժողովի պատասխանատու Վահե Թորոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նման պրատիկա կա միջազգային իրավագիտության դաշտում, վերջինս ասաց, որ միջազգային իրավունքը այսօր բռնադատված է:

«Այն գործում է այնքանով, որքանով ծառայում է այդ իրավունքը բանեցնողի և խաղարկողի շահերին։ Ցավոք մենք այսօր այնքան են իջեցրել մեր սուբյեկտայնությունը, որ բավականին բարդ է խոսել մեր իրավունքների և կենսական շահերի պաշտպանության մասին։ Ադրբեջանաարցախյան հակամարտության ընթացքում երկուստեք եղել են տեղահանվածներ, բայց դիվանագիտական խոսույթում միայն հիշատակվում է ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձի մասին։ Իսկ ո՞վ է խոսում Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ բռնի տեղահանված հայերի իրավունքների և խնդիրների մասին։ Միայն առաջին պատերազմում շուրջ կես միլիոն հայ է դարձել փախստական։ Կարծում եմ չենք մոռացել նաև վերջին պատերազմի ժամանակ ծխացող տանիքները և բեռնված քարավանները»,-ասաց Թորոսյանը:

Իրավագետը նշեց, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հավակնություններ է դրսևորում ընդհուպ մինչև Սյունիքի և Երևանի նկատմամբ, մեր իշխանությունները փաստացի հրաժարվում են Արցախից՝ անխուսափելի կերպով ճանապարհ հարթելով ադրբեջանական հեռահար նպատակների իրականացման համար։ Սա անշուշտ հանգեցնելու է նոր տեղահանությունների և էթնիկ զտումների՝ ընդ որում միջազգային հանրության լուռ թողտվությամբ։

Հետաքրքվեցինք նաև, թե հնարավոր է միջազգային դատական ատյաններում բարձրացնել Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքով արցախցիների կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ, ասաց.

«Միջազգային ատյաններ դիմելու առումով նման գործընթացներ ձեռնարկվում են, բայց դրանք որևէ ակնառու արդյունք չեն տալիս և ցավոք շատ հեռու են որևէ արդյունավետությունից։ Վերջերս ՄԻԵԴ-ը քննելով Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի Հանրապետության դիմումը  միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, արձանագրեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել միայն Բերձորի միջանցքով բժշկօգնության կարիք ունեցող հիվանդների և ճանապարհին անապաստան մնացած անձանց տեղաշարժը: Ստացվում է մնացած տասնյակ հազարավոր մարդիկ քանի դեռ ձեռք չեն բերել նման կարգավիճակ, կարող են անորոշ ժամկետով մնալ  արգելափակված վիճակում՝ զրկվելով իրենց հիմնարար իրավունքներից, ապրելով տագնապի և անորոշության մեջ։ 

Սա իհարկե վերջնական որոշում չէ, այլ միայն հայցի ապահովման միջոց է, բայց փաստ է, որ Եվրոպայի խորհրդի այս պատկառելի արդարդատական ատյանը բավարար ինքնուրույն  և անկախ չէ իսկապես արդար որոշում կայացնելու համար։ Նման անբովանդակ և դեկլարատիվ որոշումներով դատարանը արձանագրում է իր իրավական անզորությունը և քաղաքական կախյալությունը։ Այս որոշումը միջազգային իրավական հարցերով մեր ներկայացուցիչը մեկնաբանեց, որ մենք կարող ենք վեր կենալ և անցնել Բերձորի միջանցքով՝ քաջ գիտակցելով, որ մենք դե ֆակտո զրկված ենք այդ հնարավորությունից և եթե իսկապես ՄԻԵԴ որոշումը դա ենթադրեր, ապա չէին ունենա այն, ինչ որ ունենք այսօր»:

Միջազգային իրավունքը, որը հավասարազոր է համընդհանուր արդարության գաղափարին՝ ներկա հարացույցում  մտապատրանք է՝ շեշտում է Թորոսյանը։ «Չկա նման արդար համակեցություն և չի էլ եղել երբեք։ Ազգերի գոյության մրցապայքարում միջազգային իրավունքը սեփական քաղաքական շահերը պարտադրելու գործիք և միջոց է, կախված նրանից, թե ով է այն խաղարկում կամ ինչպիսին է տվյալ  պահի կոնյուկտուրան։  Մինչդեռ սա իրավական տեսանկյունից կամայականություն է,  իրավունքը չպետք է հարցնի՝ դուք ո՞ր ազգից եք, ուժե՞ղ եք թե տկար, սև՞ եք թե սպիտակ։ Իրավունքը պարտավոր է համանման փաստական հանգամանքների վերաբերյալ կիրառել նույնական մոտեցումներ։ Ուստի այսօր մեր խնդիրը ոչ թե իրավական հայցերն են միջազգային ատյաններ, այլ դրան զուգահեռ բանակի արդիականացումը, սահմանների անառիկության ապահովումը  և դրանց գործադրման քաղաքական կամքը, որը այսօր բացակայում է»,-եզրափակեց Վահե Թորոսյանը: