Ինքնաբացարկ՝ Քոչարյանի գործով դատավորին. Քոչարյանը միացավ իր պաշտպաններին

Ինքնաբացարկ՝ Քոչարյանի գործով դատավորին. Քոչարյանը միացավ իր պաշտպաններին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկմանն այսօր պաշտպանական կողմը ինքնաբացարկ հայտնեց նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։ 

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը երեք հիմք ներկայացրեց ինքնաբացարկի։

Առաջին հիմքն այն էր, որ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտել։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։

Երկրորդ հիմնավորումն այն էր, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

Երրորդ հիմքն էլ այն է, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում կարգապահական վարույթ էր հարուցվել։ 

Արթուր Դավթյանը եւ մյուս մեղադրողները առարկեցին միջնորդության դեմ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը։

Քոչարյանը միացավ իր պաշտպանների միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու,  ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։