Կարմիր կովը

Կարմիր կովը

Ամեն հարցազրույցից առաջ աղոթում եմ, հույս եմ փայփայում, որ այս անգամ կտեսնեմ լուրջ պետական գործչի, հասունացած ու շրջահայաց անձի, ով արդեն գիտակցել է իր խոսքի արժեքը, ազնիվ է հասարակության հանդեպ եւ չի փորձում 10-րդ հարկից ընկնող կատվի նման միշտ 4 ոտքի վրա իջնել, այլ զղջում է իր արարքների համար, հասկանում է իր պաշտոնավարման աղետաբերությունը, ափսոսում, որ մեզ՝ բոլորիս, նման զրկանքներ եւ հույզեր է պատճառել: Այս անգամ եւս այդ հույսով նստեցի էկրանի առաջ: Եվ անգամ ասուլիսի սկիզբը` բոյկոտող լրատվամիջոցներին վերաբերող, ներեցի: Ոչինչ` նեղված է, թող մի քիչ էլ փնովի մեզ: Կարեւորը՝ որ մյուս հարցերում պետականամետ ու խելացի գործչի խոսք լսենք, որը հրաժարվել է հայ-հույ անելուց, ատամները կրճտացնելուց եւ իր սխալների մեղքն այլ անձանց վրա դնելուց:

Ինչ-որ պահի թվաց` Աստված լսել է մեր աղերսները եւ կրթել է պետության ղեկին հայտնված անձին: «Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով որոշել է խղճալ հայերին եւ 4 տարվա փորձությունից հետո ինչ-որ բան շտկել: Ավաղ` մինչեւ այն պահը, երբ սկսեց խոսել բանակցային գործընթացից, Արցախից, Աղավնոյից ու ճանապարհներից: Հետո նորից տեղափոխվեց «թալանի ու նախկինների» դաշտը, սկսեց ընդդիմությանը հեգնել ու վիրավորել, սպառնալ ու հոխորտալ:

Նորից սկսեց անապացույց մեղադրանքներ շռայլել, հերոսանալ, որ ինքը կարող էր նախկիններին «բոմժ» դարձնել` չի արել: Նորից ֆալցետը միացրեց, ու հայացքը դարձավ անկառավարելի: Իսկ այդ ամենի պսակն ասուլիսի վերջն էր` երբ շանթ ու կայծակ տեղաց իրեն բոյկոտած խմբագիրների հասցեին եւ անգամ չհասկացավ հարցը` եթե 2018 թվական վերադառնայիք, ի՞նչ կանեիք: Հարց տվողը ենթադրում էր, որ մարդը կարող է գիտակցած լինել, թե ինչքան սխալ է եղել այդ աթոռին իր նստելը: