Ոստիկանական հաշվեհարդար. Ալավերդում դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկվածներին

Ոստիկանական հաշվեհարդար. Ալավերդում դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկվածներին

Ալավերդու ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկել Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա ավազակային հարձակման մեջ կասկածվող երկու անձանց: 

Ծեծին մասնակցել են անձամբ ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, նրա տեղակալը: Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիական անձանց ծեծը տեղի է ունեցել Թումանյանի բաժնի պետի աշխատասենյակում, օգոստոսի 1-ին, ավազակային փաստի հայտնաբերումից րոպեներ անց: 

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացվել խանութի տիրոջից՝  Ալավերդու 53-ամյա բնակիչ Գարեգին Հախինյանից, որը նախկին ոստիկան է: Նրա որդին, ի դեպ, աշխատում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում: 
Իսկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ․ «Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք` ապօրինի ձեռք բերած և կրած զենքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող դանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող  առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով»:

Բերման ենթարկված տղաների դեմ ոստիկանները ոչ մի ապացույց չունեն: Նրանց «քացու տակ» գցելուց և մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո նույն օրը  բաց են թողել: Ծեծվածները քաղաքում հարգված տղաներ են: Մեզ պատմեցին, որ ներկա պահին ծանր վիճակում են: 

«Շատ գեշ են ծեծել, ընդհուպ մեկի կողերը ջարդված են, թոքի մեջ արյուն է լցվել, նա գտնվում է հիվանդանոցում, անշարժ պարկած է», - հայտնեց դեպքին անմիջականորեն առնչվող անձը: Նա վստահ է, որ ոստիկանները հին հաշիվներ ունեն բերման ենթարկվածների հետ: «Ուզում են նրանց գլխին սարքել, որովհետև նախկինում խանութի տիրոջ և նրանց մեջ կռիվ է եղել», - ասում է մեր աղբյուրը: Ըստ նրա, մինչև հիմա Թումանյանի բաժնի առաջ խստացված հսկողություն է սահմանվել, ավտոմատավորներ են կանգնած հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար: 

Նախկին ոստիկան Գարիկ Հախինյանի և Թումանյանի բաժնի պետի աշխատասենյակ բերման ենթարկված ու այնտեղ ծեծի ենթարկված տղաների միջև նախկինում կոնֆլիկտ է տեղի ունեցել: Բանն այն է, որ և Գարիկ Հախինյանը, և այդ տղաները անցնում են մեկ այլ քրեական գործով, որով տղաները մեղադրյալի կարգավիճակ ունեն: Նրանց մեղադրում են Հախինյանին 4 հոգով ծեծի ենթարկելու համար, սակայն երիտասարդներն իրենց մեղքը չեն ընդունում: Ալավերդիում պատմում են, որ կռիվը տեղի է ունեցել ավտովթարից հետո, երբ նախկին ոստիկանի մեքենան վնասվել է: 

Ահա ինչու Ալավերդիում համոզված են, որ օգոստոսի 1-ի ծեծը պարզ հաշվեհարդար էր նախկին հաշիվների համար: Ոստիկանությունից ծեծի վրաբերյալ  մեր տեղեկությունները չեն հաստատում, ոչ էլ հերքում են: Տեղեկացրեցին որ անպայման կուսումնասիրեն դրանք: