Հրաժարական չի սպասվում․ Արմեն Սարգսյանը հետամուտ է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը

Հրաժարական չի սպասվում․ Արմեն Սարգսյանը հետամուտ է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը

Թավշյա հեղափոխությունից հետո որոշ ԶԼՄ-ներ պարբերաբար տարածում են լուրեր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինել ՀՀ առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանով։ Նման լուրերում , որպես փաստարկ, ներկայացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Նիկոլ Փաշինյանն ապավինում է  Լեւոն Տեր-Պետրոսյանի  քաղաքականությանը, նրա ծրագրերին, ուստիեւ ՝ մտադիր է հասնելու Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Դժվար է ասելը, թե որքանով են հիմնավոր այդ լուրերը, ինչ մտադրություններ ունի իրականում վարչապետ Փաշինյանը, որը ժամանակին, դեռ ԱԺ պատգամավոր  աշխատելիս էր տարանջատվել Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա գլխավորած ՀԱԿ-ից։

Սահմանադրության 143-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է․ «Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեսականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, ՍԴ-ն կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին»։ Իսկ ի՞նչ է մտածում ինքը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջանառվող լուրերի մասին, որը պարբերաբար մեկնում է տարբեր երկրներ, հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով։ 
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ 
կապերի վարչությունը, ի պատասխան մեր հարցի, արձագանքել է․ 

«Նախագահ Արմեն Սարգսյանը լիարժեքորեն իրականացնում է իր գործառույթները: Սահմանադրությամբ իրեն վերապահված  լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահը շարունակում է հետամուտ լինել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, համազգային խնդիրների լուծմանը, երկրի առաջընթացին միտված տարբեր, այդ թվում՝ տնտեսական եւ ներդրումային երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաեւ արտերկրի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»: