Հայկական եւ վրացական ընդդիմության տարբերության եւ նմանության մասին
Ցավոք, էական տարբերություն կա ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների, այլեւ ընդդիմությունների միջեւ, հօգուտ Վրաստանի: Նոյեմբերի 25-ին Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստն էր․ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվել էր նոր խորհրդարան: Խորհրդարան էր անցել հինգ կուսակցություն` իշխող «Վրացական երազանքը» եւ եւս չորս ընդդիմադիր կուսակցություն: Բոլոր չորս ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններից ընդամենը մեկ օր անց հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ չեն վերցնելու պատգամավորական մանդատները: Իշխող «Վրացական երազանքը» ստացել էր 54 տոկոս եւ 150 տեղանոց խորհրդարանում ունի 89 մանդատ, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ 61 մանդատ: Նոյեմբերի 25-ին «Վրացական երազանքից» անցած 88 պատգամավորները` մեկը չէր ներկայացել հիվանդության պատճառով, առանց ընդդիմության նիստ արեցին եւ ընտրեցին խորհրդարանի ղեկավար։ Գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն նորից կառավարության ղեկավար դարձավ եւ ստացավ կառավարություն ձեւավորելու իրավունք: Ընդդիմությունը ցույց տվեց, որ հավատարիմ է մեկ ամիս առաջ արտահայտած իր դիրքորոշմանը, եւ չորս խմբակցություններից եւ ոչ մի պատգամավոր չվերցրեց մանդատն ու չներկայացավ խորհրդարանի առաջին նիստին:
Այս իրավիճակը համեմատեք 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակի հետ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց իր հաղթանակի մասին, իսկ ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները ճանաչեցին ընտրության արդյունքները, վերցրին պատգամավորական մանդատները եւ գնացին խորհրդարան՝ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ խորհրդարան են գնում ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու, այլ՝ իրենց օրակարգով, որն իբրեւ թե Փաշինյանին պաշտոնազրկելն է: Թե ինչպես իրականացրին իրենց օրակարգը ընդդիմադիր կամ, ավելի ճիշտ՝ ոչ իշխանական խմբակցությունները, տեսանելի է նրանց գործունեության քառամյա արդյունքներից: Նրանք պարտաճանաչորեն մասնակցում են խորհրդարանի նիստերին, իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում են արտասահմանյան գործուղումների, նկարվում խորհրդարանի նախագահի հետ, իսկ երբ վերջինս որեւէ գործուղման իրենց չի հայտագրում, սկսում են սոցիալական ցանցերով բողոք բարձրացնել, թե բա՝ ձեր ժողովրդավարությունը սա է` ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չկա գործուղվողների ցանկում: Ուրեմն երկրում ժողովրդավարության առկայությունը չափվում է ոչ իշխանական պատգամավորների գործուղում մեկնելու հաճախականությամբ: Եթե չափանիշը դա է, կարող են ասել, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է. երեկ կարդացի, որ Մոսկվա գործուղվող պատվիրակության կազմում երկու հոգի ոչ իշխանական «Պատիվ ունեմ» խմբակցությունից են՝ Հայկ Մամիջանյանը եւ Տարոն Մարգարյանը, եւ ընդամենը մեկ հոգի ՔՊ-ից՝ Հայկ Սարգսյանը: Սրանի՞ց էլ մեծ ժողովրդավարության դրսեւորում:
Կարող էին, չէ՞, վրացի պատգամավորները եւս վերցնել պատգամավորական մանդատները եւ գնալ խորհրդարան, վրացի ընտրողներին էլ ասել, որ մենք գնում ենք խորհրդարան, որ բացահայտենք այս իշխանությունների իրական դեմքը, օգտագործենք խորհրդարանական ամբիոնը՝ նրանց գործած հանցագործությունները հանրայնացնելու եւ դրանց մասին հասարակությանը տեղեկացնելու համար: Գնացել ենք խորհրդարան, որ համոզենք իշխող «Վրացական երազանքի» 15 պատգամավորների՝ անցնել ընդդիմության կողմը, որի արդյունքում կձեւավորվի նոր խորհրդարանական մեծամասնություն, եւ «Վրացական երազանքի» վարչապետը պաշտոնանկ կարվի, ու կձեւավորվի ժողովրդի կողմից ընդունելի ազգային համաձայնության իշխանություն: Բայց վրացական ընդդիմությունը ո՛չ հրապարակային եւ ո՛չ էլ թաքուն նման հիմարություններ չի ասում, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ վերցնել պատգամավորական մանդատները՝ նշանակում է ճանաչել գործող իշխանությունների հաղթանակը, լեգիտիմացնել նրանց իշխանությունը: Մնացածը ցածր կարգի պոպուլիզմ է, դատարկաբանություն: Սեփական տեսակետը հասարակությանը հասցնելու կամ գործող իշխանության հանցագործություների մասին պատմելու շատ ավելի մասսայական եւ ազդեցիկ միջոցներ կան, քան խորհրդարանական բարձր ամբիոնը:
Այնպես չէ, որ 2024 թվականին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ավելի մեծ թվով խախտումներ էին արձանագրվել, քան 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընդհակառակը՝ վրացական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ ներկայացնել ակնհայտ ընտրախախտումների ապացույցներ, եւ երբ այն մարդիկ, ովքեր հայտարարում էին ընտրախախտումների մասին, հրավիրվեցին իրավապահ մարմիններ՝ ընտրախախտումների մասին կոնկրետ ապացույցներ ներկայացնելու համար, նրանք հրաժարվեցին դա անել՝ պատճառաբանելով, որ չեն վստահում իշխանական իրավապահ մարմիններին եւ դա կանեն, եթե անցկացվի միջազգային անկախ քննություն, ինչը, բնականաբար, անհնար է, որովհետեւ ոչ մի անկախ երկիր չի թողնի, որ իր տարածքում անհայտ ծագման ինչ-որ մարմին քննություն իրականացնի եւ կայացնի մի որոշում, որը պետք է պարտադիր կատարման ենթակա լինի:
Հնարավոր է՝ հարցն այլ հարթության մեջ է. Վրաստանի ընդդիմությունն ուներ Արեւմուտքի` ԱՄՆ եւ ԵՄ երկրների աջակցությունը, այդ երկրների իշխանությունները եւս հայտարարություններ արեցին ընտրությունների արդյունքների ոչ հավաստի լինելու կամ իշխանության կողմից դրանց արդյունքների վրա ազդելու հնարավորության մասին: Մինչդեռ Հայաստանում նման բան տեղի չունեցավ, եւ արեւմտյան երկրները միանգամից ճանաչեցին ընտրության արդյունքները՝ շնորհավորելով Փաշինյանի իշխանությանը: Բայց եթե ընդդիմության վարքագիծը որոշվում է արեւմտյան երկրներում, ապա ընդհանրապես ի՞նչ իմաստ ուներ այդ ընտրություններին մասնակցելը, չէ՞ որ ի սկզբանե հայտնի էր, որ Փաշինյանի իշխանությունն ունի արեւմտյան երկրների աջակցությունը, եւ նրան թույլատրվելու է թեկուզ ամենախայտառակ ընտրակեղծարարությամբ վերարտադրվել:
Գուցե պատճառն այն է, որ ընդդիմությունը չի կարող դեմ գնալ արեւմտյան երկրներին եւ ասել կամ անել մի բան, որը կարող է հակասության մեջ մտնել նրանց հետ. եթե արեւմտյան երկրները ճանաչում են ընտրությունների արդյունքները, ընդդիմությունն ինչպե՞ս կարող է վիճարկել դրանց օրինականությունը: Ի վերջո, արեւմտյան երկրների բարձր հեղինակությունը ճանաչելու արդյունքում տեղի ունեցավ 2018 թվականի թավշյա հեղաշրջումը, երբ այսօրվա ընդդիմադիրներն իշխանությունը զիջեցին Փաշինյանին, որի պատասխանատվությունը փորձում են գցել այդ հեղաշրջումը ողջունած ժողովրդի վրա:
Կարծիքներ