«Երևանի հետ սիրախաղը թանկ կարժենա՛». Բաքվում հանդգնել են սպառնալ մեծ եղբայր Թուրքիային

Գրել ենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը տասն օր (մարտի 21-31) բաց կլինի՝ Հայաստանից մարդասիրական օգնություն Սիրիա տեղափոխելու համար։ Այս որոշումն ընդունվել է մարտի 20-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստում։ Մարտի 21-ի դրությամբ Հայաստանից մարդասիրական ավտոշարասյունն արդեն ուղևորվել է նշված անցակետով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը Հայաստանի համար շարունակում է փակ մնալ։ Վերջին անգամ այս սահմանային անցակետը բացվել է 2023 թվականի փետրվարին՝ հարևան երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Բաքվում արդեն մեծ աղմուկ են բարձրացրել այս կապակցությամբ, որն ուղեկցվում է ոչ միայն այսպես կոչված փոքր եղբոր խանդով, այլև ինչ-որ տեղ մեծամիտ հոխորտանքներով և սպառնալիքներով:
«Հարված թյուրքական միասնությանը. ո՞վ է Անկարայում խաղում Բաքվի թիկունքում» վերտառությամբ հոդվածում ադրբեջանական Մինվալն, օրինակ, գրում է.
«Մի փոքր բարձրացնենք «գաղտնիության» վարագույրը: Ինչպես տեղեկացել ենք լավատեղյակ աղբյուրներից, այս հարցը երկար ժամանակ քննարկվում էր փակ դռների հետևում։ Սակայն Ադրբեջանին տեղյակ չեն պահել տեղի ունեցածի մասին, չնայած այն հանգամանքին, որ Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղի է ունենալու Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Բայց, ինչպես պարզվում է, խոսքն ու գործը կարող են տարբերվել։
Սակայն հայտնի է նաև մեկ այլ բան: Նախ, կասկած չկա, որ այս գործընթացի հետևում Թուրքիայում կան որոշակի շրջանակներ, որոնք կցանկանային որքան հնարավոր է շուտ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվ երկրորդը, մեղմ ասած, առանց արտաքին մասնակցության նման որոշումներ չեն կայացվում։ Նրանց թիկունքում, անկասկած, կանգնած են գլոբալ իմպերիալիստական ուժերը, որոնք քաջ հայտնի են ադրբեջանական, և ոչ միայն ադրբեջանական լսարանին՝ առաջին հերթին Բայդեն-Բլինկեն վարչակազմ, ԵՄ և հայկական լոբբիի։ Առավել զարմանալի է, որ Բայդենի վարչակազմն արդեն հեռացվել է իշխանությունից և, հասկանալի պատճառներով, այլևս չի մասնակցում այդ գործընթացին, սակայն Թուրքիայի հակաժողովրդական ուժերը շարունակում են իրագործել նրա կազմած ծրագիրը։
Ավելին, «Մարգարայի» անցակետի բացումն այս ծրագրի միակ կետը չէ։ Մինչ այս Էրդողանի և Փաշինյանի միջև հանդիպում էր կազմակերպվել, Էրդողանը Հայաստանի վարչապետին գիրք է նվիրել։ Այնուհետ թուրք լրագրողներն այցելեցին Հայաստան, խանդավառ զեկույցներով հանդես եկան և ստուգեցին հայ-թուրքական սահմանը։ Կասկածից վեր է, որ այս ամենը մեկ ծրագրի մաս է։ Ավելին, այդ ուժերը կարողացան համոզել Թուրքիայի ղեկավարությանը գնալ այդ սխալ քայլին։
Թե ինչ փաստարկներ և քաղաքական տեխնոլոգիաներ են դրվել, անկասկած, Թուրքիայի ներքին գործն է։ Բայց ընդգծենք. նման կասկածելի և միակողմանի քայլերը հիասթափություն և արդարացի զայրույթ են առաջացնում ադրբեջանական ժողովրդի մոտ։ Ադրբեջանական հողերի բռնազավթում, էթնիկ զտումներ, տասնյակ հազարավոր նահատակներ, հարյուրավոր ականների զոհեր, ավերված քաղաքներ, պղծված մզկիթներ. չէ՞ որ այս ամենը շատ արագ է մոռացվել։ Ավելին, մենք ստիպված ենք հիշեցնել՝ այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջադրած պահանջները միաժամանակ պաշտպանում են Թուրքիայի շահերը։ Արդյո՞ք Անկարան չափից արագ շտապեց մոռանալ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված հարևան պետությունների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները և զինանշանի վրա Արարատ լեռան պատկերը:
Եվս մեկ անգամ հիշենք ներկայիս դիվանագիտական իրողությունները։ Թուրքիան Ադրբեջանին հավաստիացրել է, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի բացվել «Զանգեզուրի» միջանցքը։ Բայց այս խոստումն էլ մոռացվեց։ Չնայած Թուրքիան բանավոր աջակցում է նախագահ Իլհամ Ալիևի՝ թյուրքական աշխարհը միավորելու նախաձեռնություններին, իրականում դա չի զգացվում, և այն, ինչ կատարվում է այսօր, հասկանալի հիասթափություն է առաջացնում թյուրքական աշխարհում։ Այսպիսով, Երեւանի հետ ներկայիս սիրախաղերի գինը կարող է շատ բարձր լինել»։
Կարծիքներ