Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև. Արման Աբովյան

Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև. Արման Աբովյան

ԲՀԿ-ից պատգամավոր ընտրված Արման Աբովանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել. «Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև։ 

Սա ես չեմ ասել այլ, մի շատ խելացի մարդ՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ...տեսեք թե ինչ պարադոքսալ իրավիճակի մեջ է հայտնվել հասարակությունը։

Մենք բղավում ենք, որ օրենքը խախտած մարդկանց պետք է անխտիր պատժել և դրա հետ մեկտեղ բացահայտ սադիստ-մարդասպանին պատրաստ ենք հայտարարել «սուրբ»: Մենք բղավում ենք, որ պետք է օրենքի գերակայություն լինի և դրա հետ մեկտեղ հրճվանքով վիրավորում ենք փաստաբանի ով պարզապես կատարում է իր աշխատանքը։ Մենք գոռում ենք, որ պետք է ամեն գնով պաշտպանվենք ադրբեջանցիների ագրեսիվ քարոզչությունից և դրա հետ մեկտեղ վիճում ենք ճիշտ է թե սխալ նկարվել ԹՇՆԱՄՈՒ դրոշի տակ։ 

Մենք հպարտանում ենք մեր դարավոր ավանդույթներով, հավատքով, թասիբով և դրա հետ մեկտեղ պատրաստ ենք դրսից ներքաշել մեր հասարակություն բացահայտ աննորմալությունը և լկտի այլասերվածությունը։

Մենք գոռում ենք, որ Արցախի համար պատրաստ ենք «ազգովի մեռնել» դրա հետ մեկ տեղ հենց մեզ «վատով» փորձում ենք դասակարքել «Ղարաբաղցի-Հայաստանցի»: Մենք բարկանում ենք, որ ինչ որ մեկը երթևեկության կանոններն է խախտում և անմիջապես պատրաստ ենք կարմիր լույսի տակ «ճղենք» եթե մեզ պետք է։ 
Մենք Ամանորի օրերին ինչքան աղբակույտ կա նկարեցինք և տեղադրեցինք համացանցում և դրա հետ մեկտեղ ծխած ծխախոտի մնացորդը նետեցինք փողոցում գետնին։

Հեղափոխությունը առաջին հերթին պետք է լինի ընկալումների, աշխարհայացքի և գաղափարների մեջ, այլ ոչ թե դեկլարատիվ ինքնահաստատման ստատուսների միջոցով։ Մինչ մեր պահանջելը եկեք հասկանանք իսկ մենք ինչ ենք պատրաստ տալ, պատրաստ ենք արդյոք մենք ինքներս փոխվել, թե նստելու ենք թախտին և մենակ պահանջենք, պահանջենք, պահանջենք...»: