Մտածող հասարակություն

Մտածող հասարակություն

Ստրուկների, ֆեյքերի, զոմբիների, աղանդավորների բանակներ ձեւավորելը ոչ մի իշխանության ու հասարակության պատիվ չի բերում։ Նրանց հետ հեշտ է, հարմար է, նրանք ինքնավստահություն են ներշնչում եւ կոմպլեքսներից ազատում թերի ու անվստահ մարդկանց, բայց դա հասարակությանն իջեցնում է, զրկում մտածելու եւ զարգանալու հնարավորությունից։ Այն ֆեյսբուքյան իրականությունը, որը ձեւավորվել է վերջին տասը տարիների ընթացքում, այնքան էլ անմեղ բան չէ։

Այն արդեն սպառնում է մեր ազգային ինքնությանն ու անվտանգությանը, եւ դա ձեւավորողները մի օր անպայման պատասխան են տալու։ Բայց մինչ այդ, մենք՝ հասարակության մտածող հատվածը, պետք է որոշենք, թե ինչպես կարելի է փոխել այդ իրականությունը, ինչպես ստիպել ծառայամիտների ու անուղեղների այդ մասսային չխաղալ մեր պետության ճակատագրի հետ, չթելադրել իրենց կամքն ու չխորտակել բոլորիս։ Պետք է ստիպենք իշխանություններին հրաժարվել այդ ֆեյք իրականությունը ձեւավորելու եւ իրենց իսկ ստեղծած ֆեյք իրականության կանոնները մեզ թելադրելու իրավունքից։ Պիտի ստիպենք ենթարկվել ոչ թե իրենց ստեղծած «քոմենթչիների» կարծիքին, այլ մեր՝ իշխանության հետ առնչություն չունեցող, անկախ ու մտածող մարդկանց կարծիքներին։

Լսել ու ենթարկվել հասարակության մտածող հատվածին, այլ ոչ թե Հովիկի բուծած ֆեյքերին, զոմբիացրած հեռուստադիտողին։ Յուրաքանչյուր հասարակության մեջ էլ կան մտածելու անընդունակ, մի քանի դրամով կաշառվող «դամքաշների» խմբեր, բայց խելացի իշխանությունը լսում է իր մտավորականին, իր ընդդիմությանը, իր բիզնեսմենին, հիմար իշխանությունը՝ իր տգետին ու սրիկային։ Սա քաղաքակրթական ընտրություն է, որը կատարում է իշխանության եկող յուրաքանչյուր անձ՝ լսե՞լ առաջադիմությանը, թե՞ դառնալ հետադիմության խորհրդանիշ։