Պատերազմի հեքիաթը

Պատերազմի հեքիաթը

Նշում ենք բանակի տոնը: Հնչում են շնորհավորանքներ, նախատեսված են տոնական միջոցառումներ: Թեման, բնականաբար, մամուլի ուշադրության կենտրոնում է, լրատվամիջոցները հարցազրույցի են հրավիրում պատերազմի մասնակիցներին, ովքեր հիշողություններ են պատմում: Ամեն ինչ՝ ինչպես տոնն է ենթադրում: Բայց ահա կարդում ենք. «Երբ տղերքը շրջափակման մեջ ընկան Հասանաբադում և զոհվեցին, այդտեղ մեր երեք ընկերներից՝ Բախշյան Վարդանը, Վաչե Ռոստոմյանը և Գագիկ Գրիգորյանը, մենք հասանք օգնության, մի դրվագ կար, որ միշտ մեր աչքի առաջ է․ ձորում Արամ Պողոսյանը նռնակը բացել էր, հավաքել էր ընկերների դիերը իր շուրջը և սպասել էր թուրքերին, որ եթե գան՝ պայթեցնի, դիրքը չթողնի։ Գագիկը Գրիգորյան, որ այդպես վիրավոր մի կերպ գալիս է, ասում՝ տղերք, հաղթելու ենք, դուխներդ չգցեք․․․ այդպիսի տղեք էին, այդ մտածողությամբ, այդպիսի գաղափարով միշտ տարբերվել են մեր տղաները մյուսներից»,-հիշեց Իգոր Սարգսյանը։

Պատերազմի պատմությունը «Հասանաբադի ճակատամարտ» չգիտի: Խոսքը մի տարածքի մասին է, որտեղ հայտնվելու համար հակառակորդը պետք է նախ գրավեր Ասկերանը կամ Մարտունու շրջանը եւ ընդհուպ մոտենար Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: 1992թ. աշնանը նման վտանգ իրականում կար, բայց հայկական ուժերին հաջողվեց Ասկերանի եւ Մարտակերտի ուղղությամբ կասեցնել հակառակորդի հարձակումը՝ Ստեփանակերտից առնվազն 20-25 կիլոմետր հեռավորության վրա: Իսկ Հասանաբադը գրեթե Ստեփանակերտի արվարձան է: Մի խոսքով, մեջբերվածը պատերազմի հեքիաթներից է: Իսկ եթե ավելացնենք, որ ,,ասացողն,, անընդմեջ շեշտադրում է պատերազմին ՀՅԴ զինված ջոկատների բացառիկ դերակատարությունը՝ ստվերելով մյուսներին եւ նույնիսկ ասում, թե նման ռազմական ներուժ ունենալով Դաշնակցությունը կարող էր քաղաքական հարցեր լուծել, բայց ձեռնպահ մնաց, կստացվի, որ մեր 28-ամյա բանակի իրական պատմությունը դեռեւս չի ամբողջացված:

Մենք դեռ այն գիտակցությանն ենք, որ հայկական զինված ուժերը կազմավորվել են նվիրյալ անհատների ջանքերով: Եւ դա այնքան գերիշխող մտայնություն է, որ սոցիալական ցանցերում տեսահոլավակ է տարածվում, որտեղ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը գովեստի խոսքեր է ասում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Պաշտպանության նախարարի խոսքով գնահատում են նախագահին: Մինչդեռ ճիշտ հակառակը պիտի լինի՝ նախագահի գնահատականով բնութագրվի պաշտպանության նախարարը: Բանակի արդիականացման, կատարելագործման մասին ենք խոսում կամ «ազգ-բանակ» գաղափարախոսությունից՝ գովելի է:

Բայց ամենից առաջ պատերազմի պատմությունը պետք է մաքրվի հեքիաթաբանությունից: Որպեսզի մեկ անգամ եռամսյա հավաքով ճակատում հայտնվածն իրեն չնույնացնի պատերազմն от звонка до звонка անցածի հետ: Որպեսզի «Հասանաբադի ճակատամարտի» հիշատակում չլինի եւ դրա դիմաց՝ քաղաքական կամ այլ կարգի փոխհատուցման պահանջ: Որպեսզի, վերջապես, կարողանանք սթափ, մինչեւ վերջին մանրուք հաշվարկված գնահատել այսօրն ու կանխատեսել գալիքը: