Գումարները ծախսվելու են ենթակառուցվածքների եւ ոչ թե սոցիալական ծրագրերի վրա

Գումարները ծախսվելու են ենթակառուցվածքների եւ ոչ թե սոցիալական ծրագրերի վրա

Օրերս Ռուբեն Վարդանյանն արցախցիների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախում՝ կենսական նշանակության հարցեր լուծելու համար։ Առնվազն տարակուսելի է, թե 20 միլիարդ գումարը որտեղ պետք է ներդնի Ռուբեն Վարդանյանը․ շրջափակված Արցախում շինարարություն չի իրականացվում, հանքարդյունահանումը կասեցված է, եւ, առհասարակ` փող ներդնելու հնարավորությունները շատ սահմանափակ են: Մենք «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե բոլկադայի ենթարկված Արցախում այդ գումարն ինչպես կարող է օգտագործվել։

Նա ասաց, որ այս պահին Արցախի համար նույնիսկ մեկ-երկու միլիոն դրամն է նշանակություն ունենալու, իսկ ինչ վերաբերում է 20 մլրդ դրամին՝ շատ լուրջ խնդիրներ կարող են լուծվել։ «Տնտեսությունն ամբողջությամբ կանգնած է, Արցախում ժողովուրդն այսօր ունի գոյատեւման խնդիր, եւ այս գումարները կնպաստեն, որպեսզի ամենահասարակ գործիքներն էլ կիրառվեն եւ փրկության օղակ լինեն Արցախի համար»,- ասաց Գրիգորյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Վարդանյանը դեռեւս Արցախի պետնախարար եղած ժամանակ ներկայացրել էր այն առաջնահերթությունները, որոնք կային։

«Այն ժամանակ դեռեւս չէր ստեղծվել Արցախի անվտանգության եւ փրկության, զարգացման ճակատը, բայց մի քանի ծրագրեր կան, որ արդեն ընթացքի մեջ են։ Օրինակ, նույն արեւային ջրատաքացուցիչների ծրագիրը, որի նպատակն է՝ Արցախի ոլորտներն ապահովել արեւային ջրատաքացուցիչներով, որն էներգետիկ այս ճգնաժամի հաղթահարման կարեւորագույն քայլերից է։ Հիմնական ծրագրերը, որ քննարկվում են եւ առաջիկայում կներկայացվեն, մասնավորապես վերաբերում են ենթակառուցվածքներին եւ ոչ թե սոցիալական ծրագրերին, որ հնարավորություն ստեղծի Արցախին այս իրավիճակում ճգնաժամի պատճառով առաջացած ոլորտային խնդիրները լուծել ե՛ւ էներգետիկ, ե՛ւ անվտանգային, կրթական եւ առողջապահական ոլորտներում»,- ասաց Առաքելյանը։

Նա նաեւ շեշտեց, որ Վարդանյանի կողմից հայտարարությունն արվել է այդ ծրագրերն ավելի լայնամասշտաբ դարձնելու նպատակով։ Իսկ այս ծրագրերը շարունակակա՞ն են լինելու․ Առաքելյանն ասաց, որ չնայած բլոկադան սահմանափակումներ է ստեղծել այդ ծրագրերի իրականացման համար, բայց ինչը որ հնարավոր է իր նշած ոլորտներում, իրականացվելու է եւ առաջիկայում էլ ավելի մեծ թափ է ստանալու։

Արդյոք այս ծրագրերը միտվա՞ծ են բոլկադայում հայտնված արցախահայերի կյանքի համար մինիմալ պայմաններ ստեղծելուն, թե՞ այլ ուղղությամբ են ծախսվելու։ Առաքելյանն ասաց․ «Հաշվի առնելով, որ այս պահին գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խնդիրներ կան, այս քայլերը չափազանց կարեւոր են․ էներգետիկ անվտանգությունն այս պահին շատ կարեւոր է։ Անել մնացած ոլորտներում ծրագրեր, որ արցախցին այս ծանր իրավիճակում ավելի լայն հնարավորություններ ունենա՝ շարունակել իր պայքարը՝ ապրելով Արցախում: Որովհետեւ մենք համոզված ենք, որ Արցախը մնալու է հայկական, եւ այդ ուղղությամբ մենք պետք է ուղղակի ավելի շատ ներդրումներ եւ աշխատանքներ իրականացնենք»։