Դատարանը բավարարել է դպրոցի տնօրենի հայցն ընդդեմ Տավուշի մարզպետի

Դատարանը բավարարել է դպրոցի տնօրենի հայցն ընդդեմ Տավուշի մարզպետի

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո նորանշանակ մարզպետները արշավ են սկսել մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հիմնարկ- ձեռնարկությունների տնօրենների դեմ, տարբեր պատճառներով ազատել տնօրեններին, տեղը նշանակել՝ յուրայիններին: Նշանակետի տակ գտնվող տնօրեններից ազատվելու համար մարզպետները որդեգրել են հետեւյալը՝ ստուգումներ իրականացնել, տնօրենի նկատմամբ կիրառել 2 կարգապահական տույժ, որից հետո ազատել աշխատանքից:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Պառավաքար համայնքի Է. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն: Տնօրենը, սակայն չի համակերպվում մարզպետի որոշման հետ եւ դիմում է դատարան՝ 2020թվականին 10.03.2020 թ. թիվ 97-Ա մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: 1 տարի տեւած դատական նիստը ավարտվում է տնօրենի հաղթանակով: ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը բավարարում է:

Դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ 21 տարվա աշխատանքի ընթացքում որեւէ նկատողություն չի ստացել, իսկ նկատողության մասին պատահաբար է իմացել. «Ես խնդիրներ չեմ ունեցել մարզպետի հետ, ենթադրում եմ ինչ -որ ենթատեքստ ուներ, որ նման որոշում է կայացրել: Սկզբից ստուգումներ եղան, մարզպետը ինձ կանչեց, ասաց, որ առանձնապես խնդիրներ չեն եղել: Օրեր հետո պարզվեց, որ խնդիրներ են եղել, ինձ չի տեղեկացրել: Հետո պատահաբար իմացա, որ ինձ նկատողություն է տվել, մի քիչ երկար պատմություն է: Նկատողություն տվեց, այն ներկայացրեցի իմ փաստաբանին, եւ որոշեցինք դատարանի միջոցով բողոքարկել մարզպետի որոշումը: Ճիշտն ասած, երբ փաստաբանը ուսումնասիրեց, ինձ ասաց, որ նկատողությունը անհիմն է, մենք 100% դատարան դիմենք դատը կշահենք: Ես էլ գիտեի, որ անհիմն էր, բայց մի տեսակ սովորություն չկար, որ տնօրենը դատի կտա մարզպետին կամ մարզպետարանին: Ես երկար տարիների աշխատող տնօրեն եմ, բազմաթիվ պատվոգրեր եւ մեդալներ ունեմ: Սա իմ առաջին նկատողություն է եղել: Այդ նկատողությունը իմը չէր, Ես արժանապատիվ աշխատել եմ, կարելի է արժանապատիվ էլ հեռանալ, էլ նկատողությունը ինչի՞ համար է: Դատի տվեցի ու արդյունքի հասա»: