Գագիկ Ծառուկյանը կարդացել է Ստամբուլյան կոնվենցիան և տեսել տողատակային վտանգները

Գագիկ Ծառուկյանը կարդացել է Ստամբուլյան կոնվենցիան և տեսել տողատակային վտանգները
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «չի վավերացվելու» հեշթեգով գրառում է կատարել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի։ Մինչ այդ Ստամբուլյանի դեմ կատաղի պայքարում էր նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ընդհուպ մինչև «Գոմիկներին» «նվիրված» աքրոստիկոսներով։

«Հրապարակը» խմբակցության քարտուղարից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա խմբակցության պաշտոնական տեսակետն է, թե միայն Արման Աբովյանի։

-Պարոն Աբովյան, սա, այնուամենայնիվ, Ձե՞ր տեսակետն է, թե ողջ խմբակցության։

-Իմ ցանկությունն է, որ Ստամբուլյան կոնվենիցիան չպետք է վավերացվի։ Բայց մենք միանշանակ դեմ ենք Ստամբուլյան կոնվեցիային։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը, բայց բազմաթիվ անգամ նույնը հնչեցվել է մեր խմբակցության պատգամավորների կողմից։

-Այնուամենայնիվ, ֆրակցիայի մակարդակով այդ հարցը քննարկվե՞լ է, որոշում կա՞։

-Քանզի այս Ստամբուլյան կոնվենցիայի բոլոր պատմությունները սկսվել են ԱԺ -ի արձակուրդ գնալուց հետո, պարազ է, որ ֆրակցիան չի հավաքվել, բայց վստահ եմ, որ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները միանշանակ դեմ են վավերացմանը։ Պաշտոնական հայտարարություն, իհարկե, կլինի, բայց դա ոչ մի կերպ չի փոխի մեր դիրքորոշումը։

-Գագիկ Ծառուկյանի տեսակետը Ձեզ հայտնի՞ է։ Նա ևս դեմ է՞։

-Գագիկ Ծառուկյանը հայ մարդ է, և Գագիկ Ծառուկյանը շատ ուշադիր ծանոթացել է կոնվենցիայի հետ։

-Կարդացե՞լ է։

-Իհարկե, ինքը պնդել է և բոլորս էլ կարդացել ենք, և այստեղ խնդիրը այն է, որ մենք տեսնում ենք բոլոր տողատակային վտանգները։

-Դուք «Աժ կանոնակարգ-օրենքի» փոփոխությունների օրինագիծ եք հեղինակել, որով փորձագետների թիվը նախատեսում եք 3-ից դարձնել 5։ Այսպես թե անպես, այս ԱԺ պատգամավորների թիվը շատ ավելի է, քան նախորդը և հարկատուներիս վրա շատ ավելի թանկ է նստում։

-Ամբողջ խնդիրն այն է, որ քանի որ գալիս են շատ մեծ թվով օրինագծեր, ընդամենը տեխնիկական հարց է, որ մարդիկ հասցնեն նայեն, վերլուծեն այդ օրինագծերը։