Անձնական կապերը, երևի, երդումները․Նիկոյանն այն մասին, թե ինչու նախկինների մի մասը «քըխ» է, մի մասը պուպուշ

Անձնական կապերը, երևի, երդումները․Նիկոյանն այն մասին, թե ինչու նախկինների մի մասը «քըխ» է, մի մասը պուպուշ

«Հրապարակի» տված հարցազրույցում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին, նշում է, որ մեղադրանքն իրենց համար սպասելի էր, քանի որ 1․5 տարի շարունակ գիտեինք, որ ՀՔԾ-ն բոլոր այն մարդկանցից, որ հրավիրում էր իր մոտ, փորձում էր բոլոր հնարավոր միջոցներով փաստեր կորզել Սերժ Սարգսյանի դեմ։ Մոտավորապես այս բնույթի․

«Մենք գիտենք, որ դու մեղք չունես, քեզ ասել են, դու արել ես, ուղղակի իր անունը տուր»։ Ըստ նրա՝ եթե ՀՔԾ-ին պետք լիներ, որ Սերգո Կարապետյանն ասեր, որ ինքն է սկսել Առաջին Համաշխարհայինը կամ Քենեդուն սպանել, կասեր, քանի որ, այդ մարդուն ծանր հոգեբանական վիճակի մեջ են դրել։ Ներկայացնում ենք «Հրապարակին» տված ընդարձակ հարցազրույցից մնացած հատվածներն այլ հարցերի վերաբերյալ։

-Պարոն Նիկոյան,  այս 1․8 ամսվա ընթացքում Ձեզ համար հասկանալի դարձա՞վ, թե ինչ չափանիշներ են գործում Հայաստանի նոր իշխանությունների մոտ։ Ի՞նչ չափանիշներով նրանց մի մասը «քըխ»-եր են, սևեր, կոռուպցիոներներ, որոնց պետք է ցխել, պատերին ծեփել, դատելով իշխանությունների պերճախոսությունից ու երևակայությունից, քամել, չորացնել, իսկ նախկին կարկառուններից ոմանք՝ մաքուր ու սպիտակ, որոնք շատ սիրուն նորերի մոտ աշխատում են


-Դուք ինքներդ Ձեր իսկ հարցին գրեթե պատասխանեցիք։ Դա վերաբերում է նոր իշխանություններին և անձնական կապերը, անձնական, երևի, երդումները, անձնական կրոնի․․ ես չգիտեմ, բայց բոլոր այն մարդիկ, որոնք հիմա աշխատում են, բոլոր նրանց անձնապես հարգում եմ և բոլոր այդ մարդկանց հետ ունեցել եմ շատ ջերմ հարաբերություններ։ Եվ հիմա ինձ թույլ չեմ տա նրանց մասին որևէ վատ բան ասել։ Ես չեմ ուզում իմ ողջ կենսագրությունը ջնջել, որովհետև էդ մարդկանց հետ ես ունեցել եմ ջերմ, լավ հարաբերություններ։

-Հիմա, Ձեր կարծիքով, Հայաստանում կա՞ համակարգային կոռուպցիա, թե ոչ։ Եվ ի՞նչ կա։

-«Համակարգային կոռուպցիա», ամենազգադավ քարոզչությունն է, որն ազդեցիկ է, աշխատող է, բայց ահավոր ոչնչացնում է ամեն ինչ։ Եթե նախկինների մոտ համակարգային կոռուպցիա էր, ապա այդ նախկիններից քանի՞ նախարար կա։ Ուրեմն՝ նախկին կոռուպցիոներին բերել ես քեզ մոտ։ Բայց ես ասում եմ՝ ոչ։ Ոչ Ֆելիքս Ցոլակյանն է կոռուպցիոներ եղել, ոչ Դավիթ Տոնոյանը, ոչ Ատոմ Ջանջուղազյանը, ոչ Տիգրան Խաչատրյանը, ոչ էլ հարկայինի ու մաքսայինի պետը։ Դրանք, ես կարծում եմ, եղել են բարեխիղճ պետական չինովնիկներ, որոնք աշխատել են նաև նախկին իշխանությունների ժամանակ։ Եթե ասում ես՝ համատարած կոռուպցիա, նշանակում է՝ իրենց էլ ես ասում՝ կոռուպցիոներ։ Այսօրվա կառավարության ամենաառանցքային ու լծակներ ունեցող 3 պաշտոնյաներն են։ Բայց ես կարծում եմ՝ նրանք մաքուր մարդիկ են և եթե տարել ես՝ ուրեմն վստահ ես, որ մաքուր մարդիկ են։ Եթե էդպես է՝ ոնց կարող ես ասել՝ համակարգային կոռուպցիա։ Դու կարող ես ասել, որ եղել են մարդիկ, որոնք ունեցել են կոռուպցիոն դրսևորումներ։ Ասում ենք՝ այո, մարդկության պատմությունը սկսվել է դրանից և կվերջանա դրանով։ Աշխարհի բոլոր երկրներում դա կա և հասարակությունը միշտ պայքարում է դրա դեմ։ Ինչպես և իշխանությունը։ 5 օր առաջ, որ ասեիր՝ կրթության համակարգում կա՞ կոռուպցիա, գլուխդ կջարդեին, կասեին՝ էդ ինչ ես ասում,սրբերին ո՞նց ես կասկածում։

-Բայց իրենք կասեն, որ բռնում են իրենց կոռուպցիոներներին։ 

-Բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են նման երևույթներ և ձերբակալություններ, պաշտոններից ազատել և այլն։

-Ձեր ժամանակ բարձր պաշտոնյաներից հիշում եմ Վազգեն Խաչիկյանին միայն։

-Չէ, շատերը, չեմ ուզում անուններ տալ։ Հաճախ դա եղել ա․․․

-Ծածկադմփոց։

-Ոչ թե ծածկադմփոց, այլ մեկը գործից ազատվել է և հանրության մեջ խոսվել է, թե ինչի համար։ Մենք չենք հրապարակայնացրել, բայց յուրաքանչյուր մարդ իր պատիժը ստացել է։ Միգուցե շատ ավելի շատ մարդիկ պետք է ստանային էդ պատիժը, համաձայն եմ դրա հետ։
Յուրաքանչյուր իշխանություն ամեն ինչ իրականացնում է տվյալ ժամանակահատվածում հանրային գիտակցության պահանջներին համաձայն։ Մենք չենք կարող այսօրվա գաղափարներով դատել ասենք՝ 25-30 տարվա իշխանության քայլերը և դրանք գնահատենք այսօրվա չափանիշներով։ Չի կարելի, դու կսխալվես։