Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը կազմակերպողը նոր պաշտոն կստանա՞

Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը կազմակերպողը նոր պաշտոն կստանա՞

Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։

Մեր տեղեկություններով՝ նոր փոխնախարարի նշանակումից հետո այդ վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել, եւ այս պահին միակ թեկնածուն ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանն է։ Նա վերջերս հայտնվեց սկանդալի մեջ։

Մենք գրել էինք, որ հենց Զաքարյանի կազմակերպմամբ է տեղի ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ խոշտանգումը։

Արթուր Զաքարյանը ծնունդով Արարատից է եւ երկար տարիներ աշխատել է այդ մարզում։ Սակայն  ոստիկանապետ Վահե Ղազարյանը կամուկացի մեջ է՝ նշանակել այդ պաշտոնին  թե ոչ, քանի որ վերջինս հայտնվել է աղմուկի կենտրոնում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր աղմուկն իրենց անհրաժեշտ չէ։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Արթուր Զաքարյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ոստիկանությունից փոխանցեցին,որ այո, Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը թափուր է, սակայն Զաքարյանի թեկնածու լինելու վերաբերյալ փոխանցեցին, որ նման տեղեկություն չունեն։