Սիսիանում բազարներ են գնում

Սիսիանում բազարներ են գնում

Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։

Ավագանու 21 մանդատ կա։ Համայնքապետ ընտրելու համար հարկավոր է 11 ձայն։ Ոչ մի ուժ 11 ձայն միանձնյա չունի։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ ողջ օրը կենաց-մահու պայքար են մղել մեկ մանդատի համար, ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել, չնայած, որպես կանոն, ավել մանդատը գումարում են ամենաքիչ ձայն ստացած ուժին։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։ «Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։

Սակայն վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը։ Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն։ Սիսիանի համյնքապետի ԺՊ, ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս ոչինչ չեն հստակեցրել:

«Դեռ ոչ մի հանդիպում չի եղել, ասենք թե՝ մի երեք հոգով քննարկել ենք կոալիցիա կազմելու հարցը, դա դեռ ոչինչ չի նշանակում», - ասաց Հակոբջանյանը: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են պատրաստվում դիմել «Ապրելու երկիր» կուսակցությանը և վերջապես ինչի՞ն են սպասում, մեր զրուցակիցն ասաց` «Ասենք թե ուրբաթ օրը, դրանից ի՞նչ ա փոխվում»: Ակնհայտ է, որ Սիսիանում իշխանություն ձեւավորելու հարցը կախված է «Ապրելու երկիր» կուսակցությունից, որը 4 մանդատ ունի եւ նա ում կմիանա՝ նա էլ կգրավի իշխանությունը։ Կմիանա ՔՊ-ին, ուրեմն ՔՊ-ն կձեւավորի իշխանություն, կմիանա՝ ընդդիմության 7 ձայնին, նրանք կձեւավորեն իշխանություն։ Սակայն մեր տեղեկություններով, «Ապրելու երկիրը» բանակցությունների մեջ է, ցուցակի առաջին համար Արա Զաքարյանը, որը գործարար է, որոշ կապեր ունի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ եւ չի բացառում ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Իսկ ընդդիմության հետ էլ բանակցում է, որ իրեն ընտրեն համայնքապետ, մի քանի ուժերի հետ կոալիցիա կազմելուն համաձայնելու դիմաց։