Մա՞րդ են, թե՞ կենդանի

Մա՞րդ են, թե՞ կենդանի

Մարդը կենդանուց տարբերվում է ոչ միայն հիշողությամբ՝ ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում, այլեւ բարոյական արժեքների դավանումով։ Նրանով, որ հայր ու մայր հարգել գիտի, զավակների մասին հոգ տանել գիտի։ Չէ՞ որ ոչ միայն օրենքներով է սահմանափակվում մարդու վարքը, այլեւ չգրված կանոններով, այն կարմիր գծերով, որը հասարակությունը սահմանում է ինքն իր համար եւ պահպանում դրանք՝ հանուն նրա, որ հասարակությունը չկազմաքանդվի, եւ սերունդների շարունակականությունն ու արժեքների փոխանցումն ապահովվեն։ Իսկ երբ արժեքային համակարգը սկսում է աչքիդ առաջ փլվել, հասկանում ես, որ հասարակությունը կամաց սկսում է նմանվել կենդանական աշխարհին՝ վերանում են ամոթն ու արժանապատվությունը, սերն ու համերաշխությունը, դիմացինի իրավունքները դառնում են առոչինչ, արդյունքում՝ ապրելն է բարդանում։

Մեր երկրում կամաց-կամաց մոտենում ենք այդ վիճակին։ Նախօրեին հայտնի լրագրողի մահվան առիթով կրկին բախվեցինք վերջին տարիներին մեր կյանք մտած մի ամոթալի երեւույթի հետ՝ մահացածի հետեւից վատաբանելու, նրա անցած ճանապարհն անարդարացիորեն սեւացնելու եւ նրա վաստակը նսեմացնելու հետ։ Շուրջբոլորը դատավորներ են, որոնք բարոյականության եւ ճիշտ ապրելու դասեր են տալիս ուրիշներին՝ այլոց աչքի շյուղը գերան դարձնելով, իսկ իրենց աչքի գերանը չնկատելով։

Կարծում եք՝ այդ մարդիկ դպրոց չե՞ն գնացել, ծնողներից երբեւէ որեւէ խրատ չե՞ն ստացել, ահեղ դատաստանի մասին ոչինչ չե՞ն լսել,  չգիտե՞ն, որ մահը միակ բանն է, որից չես կարող խուսափել։ Թվում է՝ պարզ կանոններ ու ճշմարտություններ կան, որոնց մասին խոսելն անգամ անհարմար է, բայց դեգրադացման մեր օրերում, պարզվում է՝ ոմանց պետք է տարրական բաներ բացատրել։ Այն, ինչ նորմալ մարդիկ սովորում են 3-4-5 տարեկանում։