Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 3-րդ

Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 3-րդ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է երկրորդ «լոքդաունի»։ Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է։ Մի քանի օր առաջ բրիտանական Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը ВВС-ին տված հարցազրույցում ասել է․ «Մենք ցանկանում ենք խուսափել համազգային խիստ կարանտինից, սակայն պատրաստ ենք դրան»։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվը արդեն 42 հազարը գերազանցում է։ Դա ավելին է, քան ցանկացած եվրոպական երկրում կորոնավիրուսից համավարակի ողջ ընթացքում մահացության թիվը։

Կրկին աճում է նոր վարակվածների թիվը։ Ավելանում է նաեւ հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտների թիվը։ Այստեղ դեռ փորձում են եվրոպական մյուս երկրների նմանողությամբ, իրավիճակը զսպել բռնկման օջախների տեղային սահմանափակումներով։

Գլազգոյում, Բիրմինգհեմում եւ մի շարք այլ քաղաքներում կրկին գործում են սահմանափակումներ, ինչպիսիք են մարդկանց միջեւ կոնտակտների արգելքը փակ տարածքներում, ովքեր նույն հարկի տակ չեն բնակվում, կամ նույնիսկ՝ բացօթյա կոնտակտները նույնիսկ՝ որոշ բնակավայրերում։ Գիտական շրջանակներում արդեն իսկ կան խոսակցություններ, որ անհրաժեշտ է երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարել։ Հատկապես աշնանային արձակուրդների ժամանակ, կառավարությանը արտակարգ իրավիճակների պայմաններում խորհրդատվություն տրամադրող Scientific Advisory Group for Emergencies կենտրոնի գիտնականները, հորդորում են հայտարարել խիստ կարանտին՝ սոցիալական կոնտակտները զրոյականի հասցնելու համար։ Իհարկե, դպրոցական արձակուրդները մեկ շաբաթ են ընդամենը, սակայն եթե դրանք երկարաձգվեն եւս մեկ շաբաթով, կրթության որակի վրա առանձնապես մեծ ազդեցություն չեն ունենա։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Բրիտանական իշխանություններն իհարկե չեն ուզում իրավիճակի այնպիսի զարգացում, ինչպիսին հիմա Իսրայելում է։ Պաշտոնյաները ապավինում են նաեւ քաղաքացիների կարգապահությանն ու ողջամտությանը։