Հ1-ի տնօրենի մրցույթն անհասկանալի ձգձգվում է․ կադրային արտահոսք է սկսվել

Հ1-ի տնօրենի մրցույթն անհասկանալի ձգձգվում է․ կադրային արտահոսք է սկսվել

Մի քանի ամիս է, ինչ մամուլն ու հասարակության մի մասը հետեւում են, թե վերջապես երբ է կայանալու Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Թափուր պաշտոնի հայտարարվելիք մրցույթի վերաբերյալ սկզբում 2 տեսակետ էր շրջանառվում․ մեկը, որ, ինչպես և թույլ է տալիս կանոնադրությունը, մրցույթ կհայտարարվի 6 ամսվա ընթացքում, մյուսը, որ այն կկայանա շատ արագ։ Սակայն դեռեւս «ձեն-ծպտուն» չկա մրցույթից, այն անհասկանալի պատճառներով հետաձգվում է։

Հ1-ի մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, որ մրցույթի հետաձգման պատճառը թեկնածուի մեջ է, փնտրում են իշխանահաճո մեկին։ Բացի այդ, Հանրայինից կադրային արտահոսք է տեղի ունենում, անառողջ մթնոլորտ է այնտեղ։ Արդեն 2 աշխատակից լրատվական բլոկից դուրս է եկել։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանից պաշտոնական պատասխան խնդրեցինք՝ ի վերջո, ինչո՞ւ է մրցույթն այսքան ձգձգվում։

«Կորոնավիրուսի հետ կապված՝ անընդհատ հետաձգվում է, բայց կկայանա։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել»։

- Կյանքը կարծես բնականոն հունի մեջ է ընկել։

- Ես էլ կարծում եմ, որ արդեն մտնում է, ուրեմն մրցույթը շուտով կկայանա։ Հիմա մենք վերջնական չենք քննարկել, որոշել։ Մենք էլ հույս ունենք, որ մի քիչ կկարգավորվի, կանցկացնենք մրցույթը։ Մտածում ենք, որ զրույցներ պետք է լինեն, ոչ թե պետք է թղթերը նայենք ու ընտրենք, այլ մարդկանց հետ պետք է խոսենք։ Այս առումով այդ հանձնաժողովը, որը պետք է ընտրի թեկնածուներին, մի քանի հոգի են, եւ այդ դիմակներով տհաճ է հանդիպելը։ Եթե մեզ թույլ տան, առանց դիմակների կանենք մրցույթը։

- Պարոն Զաքարյան, լուրեր են շրջանառվում, որ մրցույթը չկայանալու պատճառն այն է, որ իշխանահաճո թեկնածու են փնտրում։ 

- Բայց ինչի՞ պիտի ձգեն, կամ իշխանահաճո թեկնածու ինչո՞ւ պիտի չլինի։ Լուրջ չեմ վերաբերվում դրան, որովհետեւ, եթե հանձնաժողովը որոշի իշխանահաճո թեկնածուին ընտրել, ոնց էլ լինի, կլինի այդպիսի թեկնածու։ 

- Մամուլը գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի անունը։

- Օրինակ, պաշտոնակատարն ինչո՞ւ պետք է իշխանությանը հաճելի չլինի, եթե դիմի։ Հետո՝ կարող է Հովհաննեսից ավելի իշխանահաճո մեկը լինի, դժվար եմ ես պատկերացնում՝ ով է իշխանահաճո։

- Դե, տարիներ շարունակ տեսել ենք Հանրայինի մատուցածը, ու կարծես նույն ձեւով շարունակվում է։

- Ես չեմ ուզում այդ մասին խոսել, որովhետեւ հեռուստադիտողը կարող է ասել։ Եթե այն կարծիքին է, որ նույն ավանդույթն է, ի՞նչ ասեմ։ Բայց դե հիմա կարծում եմ, որ այդ խնդիրը չկա։ Ես՝ ինքս, պատգամավոր եմ եղել ընդդիմադիր, եւ մեզ համար մեծ խնդիր էր, որ մենակ «Ա1+»-ին էր եթեր տրամադրվում, հիմա այնքան հեռուստաընկերություններ կան, որ եթեր են տրամադրում բոլոր ուժերին։ Այսինքն՝ այդ խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում իրենց կարծիքը հասցնել, չկա։ Դրա համար ես չեմ գտնում, որ Հ1-ը դեր է խաղում մթնոլորտ ստեղծելու հարցում։ 

- Սա էլ հանրային է, տարբեր հայացքներ ունեցող անձանց պետք է սպասարկի, այդպես չէ՞։

- Այդպես է։ Ես խնդիր չեմ տեսնում դրա մեջ, ուղղակի Հանրայինն ունի մեկ ուրիշ բան, որ պետք է ցույց տա այն, ինչ մյուսները ցույց չեն տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքականի մասին, ապա ես կրկնում եմ՝ այն ժամանակները չեն, որ մեկ հատ լիներ, հիմա այդ խնդիրը չկա, որ եթե Հանրայինը ցույց չտվեց, զրկվեցին իրենց կարծիքը հայտնելու իրավունքից։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ 

- Դե որ ընդդիմադիր հեռուստաընկերություններ կան, ուրեմն Հ1-ը լինի իշխանակա՞ն։

- Չէ, ես չեմ ասում այդպես։ Հ1-ն իսկապես պետք է լինի Հանրային, գուցե ինչ-որ խնդիրներ կան, որ պետք է շտկել։

Հիշեցնենք․ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ապրիլի 20-ին պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրիգորյանն ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ Հայաստանի մի շարք հեռուստաընկերություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Կադրերը, որտեղ ՀՀ վարչապետը հազում եւ ջուր է խմում, մոնտաժվել, ապա կրկնություններով ու ռաբիս երաժշտության համակցությամբ տարածվել էին համացանցում: Անմիջական հեռարձակումն ապահովել էր Հանրայինը: