Դպրոցները հրահանգ չունեն, թե ինչ ձեւաչափով են դասերը սկսելու 

Դպրոցները հրահանգ չունեն, թե ինչ ձեւաչափով են դասերը սկսելու 

Նախօրեին, Պարետատան նիստի ժամանակ որոշում կայացվեց հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսել սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Դպրոցների վերաբացման հետ կապված Պարետի որոշումն արդեն ուղարկվել է դպրոցներին, որտեղ ներկայացված է Covid 19-ի կառավարման պլանը հանրակրթության ոլորտում։ Ըստ դրա, դպրոցները պետք է ապահովվեն անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, նաեւ ապահովեն անձնակազմին եւ աշակերտներին անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։ Ըստ կառավարման պլանի, ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից-դասարան տեղաշարժը։ Հնարավորության դեպքում ապահովել դասասեղանների միջեւ 1.5 մետր հեռավորություն։ Ապահովել յուրաքանչյուր դասասեղանին 1 աշակերտի խաչաձեւ նստեցումը, ինչպես նաեւ ապահովել առավելագույնը 10 աշակերտի ներկայություն։ Ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով։ 

Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանն ասում է, որ ուղարկվածը դեռ նախագիծն է, որը դեռ հաստատված չէ. «Մենք հաստատ չգիտենք, թե ինչ մեխանիզմով ենք աշխատելու, հստակ է միայն այն, որ սեպտեմբերի 15-ից դասերը մեկնարկելու են, բայց թե կոնկրետ ինչ ձեւաչափով դեռ որեւէ հրահանգ չունենք։ Այսինքն կարող է պարզապես սկսվի՝ պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները։ Այս երկու օրը նախարաւությունը պարետատան հետ միասին կտա այդ հրահանգը եւ համաձայն այդ հրահանգի մենք կկազմակերպենք ուսումնական գործընթացը, իսկ այս պահի դրությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե աշակերտների այս թվի դեպքում պետք է այսպես արվի, իսկ այլ քանակի դեպքում՝ այլկերպ։ Որեւէ բան մեզ դեռ չի ասվել»,- ասում է Սիմոնյանն ու նկատում, որ ուղարկված պլանը դեռ նախագիծ է, ըստ որի նախարարությունը փորձում է գնահատել դպրոցների հնարավորությունը, ինչը ճիշտ մոտեցում է։ 

«Նախարարությունը բոլոր դպրոցներից տվյալներ է ուզել, թե որ դպրոցը ինչ չափանիշներ ունի, ինչ խնդիրներ, քանի ազատ դասարան, քանիսն են շահագործման ենթակա, այսինքն, յուրաքանչյուրի դեպքում, կարծում եմ լինելու է անհատական մոտեցում։ Մենք նախարարությանը տվել ենք այդ բոլոր ցուցանիշներն ու տվյալները, ըստ այդմ պետք է որ նորմալ կազմակերպեն գործընթացը։ Նախագծի մեջ ասվում է, որ 2 տարբերակով կարող է իրականացվել ուսուցումը. դասարանում կարող է լինել 10 աշակերտ կամ 20 աշակերտ, հիմա կոնկրետ մեր դպրոցը ունի այդ հնարավորությունը, որովհետեւ թե մեր աշակերտների, թե մեր դասարանների թիվը քիչ է, հետեւաբար մենք կարող ենք 10-10 հոգով նստեցնել երեխաներին եւ ապահովել ուսումնական գործընթացը նաեւ կատարել այն գնումները, որը Պարետատան կողմից պարտադիր է՝ ալկոգել, դիմակներ, միակ խնդիրը սառ ու տաք ջուրն է, սառը ջուրը կա, բայց տաք ջուր պետք է ապահովվի, իսկ տաք ջուր քաշելը մեզ համար խնդիր է։ Մենք կդնենք էլեկտրականը, բայց արդյոք էլեկտրականը անվտանգ է երեխաների համար, դրանք հարցեր են, որոնց մասով մեզ պետք է տան հստակ հրահանգ, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվենք»,-իր մտահոգությունն է հայտնում դպրոցի տնօրենը։   

Սիմոնյանի կարծիքով, հոգ չէ 15 օրով ուս. տարին ուշ սկսելու հանգամանքը, քանի որ եվրոպական երկրներում, նաեւ Վրաստանում, դասերը սկսվում են սեպտեմբերի 15-ից, ինչը կարծում է նորմալ է, հաշվի առնելով նաեւ շոգերը. «Ամեն դեպքում շոգ է լինում եւ երեխաներին դժվար է նստել շոգ դասարաններում, հատկապես որ օդորակիչների չկան եւ այլն։ Այդ իմաստով ես նորմալ եմ համարում այդ հանգամանքը, որովհետեւ բոլոր նորմալ եվրոպական երկրներում սեպտմեբերի 15-ից է սկսում ուսումնական գործընթացը»։ 

Ինչ վերաբերում է նրան, որ աշակերտները ուսումնական պլանից շատ հետ չե՞ն ընկնի, ապա. «Ուսումնական պլանը հնարավոր է ճկել, հարմարեցնել, հիմա եթե 15 օր ուշ ենք սկսում, հնարավոր է 15 օր երկարի ուսումնական պրոցեսը, դա մեր կանոնակարգելու խնդիրը չի, այլ նախարարության, մենք ընդամենը կատարող մարդիկ ենք եւ քանի որ նախարարությունում նստած են մարդիկ, ովքեր տիրապետում են այդ դաշտին, ուրեմն այդ ամենը պետք է հաշվի առնեն»։ 

Եթե արտակարգ դրությունը շարունակվի եւ համաճարակով պայմանավորված երկրում ծանր իրավիճակ լինի, այդ դեպքում հնարավոր է նաեւ դասացուցակի օպտիմալացում, նույն ֆիզկուլտուրայի դեպքում, բայց թեթեւ իրավիճակի դեպքում ֆիզկուլտուրայի դասավանդումը հնարավոր համարում է բաց տարածությունում. «Բոլոր դպրոցներն ունեն մարզադաշտեր, հիմա ի՞նչ է եղել, բաց տարածքում հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրա առարկան, նայած պարետատունը որ չափորոշիչը եւ որ սահմանումը կընտրի»,-ասում է Սիմոնյանն, ում կարծիքով առաջիկա օրերին հրահանգավորումը կլինի, որպեսզի սկսեն նաեւ պատրաստվել։       

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա դպրոցները ունենում են հավելյալ ծախսերի համար միջոցներ, որի բյուջեն կուղղեն այդ ծախսերին։  

Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն ասում է, որ պաշտոնապես իրենց դեռ չի եկել կարգադրություն, ուստի չի հասցրել ծանոթանալ եւ գնահատել նախագիծը։ Ամեն դեպքում, Պուշկինի դպրոցի համար խնդիր չէ սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը, քանի որ կանխատեսել էին նման ընթացք եւ որոշ ծախսեր չէին կատարել հենց այդ նկատառումով, ըստ այդմ, որոշ տնտեսումներ ունեն։  

Ստեփան Շահումյանի անվան հ. 1  հիմնական դպրոցի տնօրեն Աննա Եղյանն էլ ընդգծում է՝ դպրոցների տնօրեններն իրենց առաջարկները՝ գրավոր տարբերակով ներկայացրել են լիազոր մարմին, որը դեռ քննարկման փուլում է. «Պարետատունը, ինչպես որ կկարգադրի, այնպես էլ կարվի, ամեն դեպքում վստահ եղեք, որ յուրաքանչյուր տնօրեն ելնելով անվտանգության նկատառումներից՝ ի շահ ուսուցիչների, աշակերտների, ծնողների, այդ ամբողջը կկազմակերպվի»,-ասում է նա ու հավելում, որ դեռ ժամանակ ունեն եւ անպայման ոսկե միջինը կգտնեն։