Հանրային քննարկմանը հանրությունը չի մասնակցում

Հանրային քննարկմանը հանրությունը չի մասնակցում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը եւ սահմանել տնօրենի թափուր տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաեւ փոխել հաղթող ճանաչվելու համար նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես, հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Նկատենք, սակայն, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում է լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Թեպետ նախարարությունից վստահեցնում են, որ նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը, բայց ակնհայտ է, որ պետությունը միջամտում է նաեւ դպրոցների կառավարմանը։ Ավելին՝ թե՛ բուհական, թե՛ հանրակրթության համակարգում պետությունը գնում է վերահսկողության ճանապարհով, եւ, ինչպես բուհերի ռեկտորների, այնպես էլ հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության դեպքում խորհուրդների կազմը ձեւավորվում է 5/4 հարաբերակցությամբ։

Հետաքրքրական է, որ մինչեւ մայիսի 30-ը հանրային քննարկման դրված նախագծի տակ ոչ մի հանրային քննարկում էլ չկա։ Թեպետ նախագիծը դիտել է 1440 հոգի, բայց իրենց կարծիքն ու դիտարկումն են գրել միայն 3-ը։ Ավելին՝ նախագծին կողմ է քվեարկել 11 հոգի, դեմ՝ 8-ը։