Հայաստանի Քրեակատարողական ծառայության պետը կարող է լինել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ

Հայաստանի Քրեակատարողական ծառայության պետը կարող է լինել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ

Նախորդ դարի 60-70-ականներին, երբ որևէ ենթամշակութային երևույթ էր ծնվում արևմտյան երկրներում, այն Երևան (իմ դեպքում՝ Թբիլիսի) էր հասնում Մոսկվայի ու Լենինգրադի  միջոցով: Ասենք թե ջինսի հագուստ համատարած կրելը կամ այդ հագուստը կրելուց առաջ մաշեցնելը: Ինչը նորմալ երևույթ էր, քանի որ նախ, անդրկովկասյան այդ երկու հանրապետությունները չունեին անմիջական ու լայն շփումներ արտասահմանի հետ: Ու երկրորդ՝ մեր տարածաշրջանը խորհրդային անծայրածիր երկրի ծայրամասային հատվածներից էր: Սակայն ավելի ուշ և հատկապես անկախություն ձեռք բերելուց հետո այդ երևույթը որոշակիորեն թուլացավ: Դրսի հետ անմիջական կապը հեշտացնում է ենթամշակութային փոխանակումները: Եվ Արևմուտքում ծնունդ առած թե՛ ուսանելին և թե՛ աննորմալը արագ տարածվում են շնորհիվ բաց սահմանների ու նորագույն տեխնոլոգիաների:

Բայց արի ու տես, որ ժողովրդավարության «բաստիոնում» կամ «փարոսում» այդ կանոնն այնքան էլ չի գործում: Այնքան էլ, քանի որ ընդհանրապես գործում է, բայց երկրի իշխանության առումով լուրջ ընդհատումներ է տալիս: Օրինակ, պետական կառավարման համակարգում ներառականության աննորմալ դրսևորումները (երբ որևէ անձի աշխատանքի էին ընդունում՝ կախված ոչ թե վերջինիս մասնագիտական կարողություններից, այլ սեռական կարգավիճակից կամ գենդերային կողմնորոշումից) իրենց վախճանը գտան ԱՄՆ 47-րդ (նաև 45-րդ) նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո: Դա հատկապես վառ արտահայտվեց սպորտում. Պետական ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպություններին արգելվեց մրցություններում իրենք իրենց կին համարող բիոլոգիական տղամարդկանց մասնակցությունը թույլատրելը: Իսկ այդ պահանջի չկատարումը հանգեցրեց դաշնային ֆինասավորման կտրուկ չեղարկմանը: 

Երևույթն արագ տարածվեց նաև ավիացիոն և նավագնացության ոլորտներում, որոնցում ներառականության լայն տարածումը հանգեցրել էր բազմաթիվ վթարների: Ի դեպ, ավելի վաղ հենց ավիաշինության բնագավառում (առաջին ծիծեռնակը «Boeing» (Բոինգ) կորպորացիան էր) էին հրաժարվել այդ երևույթից: Պատճառը կրկին ինքնաթիռների վթարներն էին՝ մարդկային զոհերով: Զինված ուժերի ցամաքային զորքերում վթարների խնդիր չկար, սակայն այնտեղ ևս արգելվեց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առկայությունը: Ճիշտ է, դատարանով դա դեռևս կասեցվել է, սակայն դժվար թե Թրամփին չհաջողվի հաղթահարել այդ արգելքը, քանի որ ԱՄՆ Գերագույն դատարանում իր կոմնակիցներն ունեն քանակական առավելություն: Ի դեպ, այդ ոլորտի վերջին զարգացումը Գրելանդիայում տեղակայված ԱՄՆ տիեզերական ռազմակայանի կին հրամանատար, գնդապետ Սյուզաննա Մեյերսի ազատումն էր «վստահության կորստի» հիմնավորմամբ:
Ինչևէ, վերադառնանք մեր երկիրը: Այստեղ դեռևս ծաղկում են լիբերալիստական (ազատական) գլոբալիզացիայի դրսևորումները:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի գիտակցում, որ աշխարհի մակարդակով գլոբալիզացիան արդեն կնքել է իր մահկանացուն: Եվ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունը կայացնելու համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Եվ այդ թվում՝ զուտ «տղամարդկային» դիրքերում կին պաշտոնյանների նշանակումներում: Օրինակ՝ որպես ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի նշանակումը: Ինչն, ըստ մամուլի հրապարակումների, կատարվել է այն բանի հիման վրա, որ վերջինս կին նախարարի ընկերուհին է: Ենթադրում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ է, որ նախագահ Թրամփը չեղարկել է իր նախորդի բազմաթիվ հրամաններ ու որոշումներ:

Ու այդ համատեքստում մեր երկրի հետ տարեսկզբին ստորագրված «ռազմավարական գործընկերության փաստաթուղթը», չեմ կարծում, թե որևէ արժեք կունենա նրա աչքում: Ինչ մնում է դեռևս գլոբալիստական Եվրոպայի վրա հույս դնելուն, ապա դա նման է նրան, որ որևէ մեկը հույս դնի իր մահացող հեռավոր բարեկամի օգնության վրա: Ինչ մնում է Եվրոպային, ապա վերջինս իր ներքին խնդիրները լուծելու հետ մեկտեղ պետք է լուծի նաև ԱՄՆ-ի հետ առաջացած խնդիրներն ու փորձի աջակցել Ուկրաինային: Ու երբ կհասնի Հայաստանի հերթը՝ երևի միայն Աստծուն է հայտնի: 

Ի վերջո, այնպես չէ, որ ես դեմ եմ կանանց կարիերային առաջընթացին: Բայց բանտային միջավայրն այն վայրը չէ, որտեղ կարող է կինը ղեկավարել: Նույն այդ միջավայրում, օրինակ, կինը կարող էր հոգեբանի ծառայություններ մատուցել: Հաշվի առնելով, որ հոգեբանի համար առաջնային խնդիրն իր պացիենտին ընկալելն է և հատկապես նրան ապրումակցելը: Ինչը շատ ավելի լավ է ստացվում կանանց մոտ, քան թե տղամարդկանց՝ հաշվի առնելով, որ այդ հարցում մեծ դեր ունեն մայրության զգացումը, ինչպես նաև ինտուիցիան, իսկ վերջինս ավելի զարգացած է հենց կանանց մոտ: Վարչապետի աթոռից կառչած անձին վերադառնալով՝ նշեմ, որ վերջինս շարունակում է հարազատ մնալ ազատական-գլոբալիստական մոտեցմանը: Եվ իր վարքագծով վկայել, որ արևմտյան գլխավոր երկրում առաջացած երևույթը դեռևս ոտք չի դրել Հայաստան: Ու այդ դեպքում վերը նշված ծառայության ղեկավարն էլ կարող է նաև կին լինել: Եվ, ինչու չէ, երբ հասնի պահը՝ լինել նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ: