Ում կուզեմ՝ պարգեւավճար կտամ

Ում կուզեմ՝ պարգեւավճար կտամ

Քաղաքապետարանը կրկին պարգեւավճարներ է բաշխում աշխատակազմի եւ վարչական շրջանների աշխատողներին։ Բայց միայն յուրայիններին։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը վարչական շրջանի աշխատակազմի մոտ 20 տոկոսին ընդհանրապես պարգևավճար չի տվել եւ եղած գումարը բաժանել է իր մոտիկներին։ Ընդ որում, ուշագրավ է, որ պարգեւավճարների բաշխումը կատարվում է խախտումներով՝ հրամանը ստորագրում է ոչ թե քաղաքապետը, այլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանը, որը Ավետ Պողոսյանի մորաքրոջ տղան է։ Առհասարակ, վարձատրության հետ կապված փաստաթղթերը հրապարակման ենթակա են, սակայն երիտասարդ իշխանավորները բազմաթիվ անօրինական նորամուծությունների շարքում, սա էլ դարձրեցին հրապարակման ոչ ենթակա։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Կենտրոնի Թաղապետ Ավետ Պողոսյանից, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին։ Մենք կապվեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի հետ, հարցրինք, թե ինչո՞ւ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների 20 տոկոսից ավելին պարգևավճար չի ստացել, ինչ սկզբունքով են բաշխվում պարգեւավճարները և ինքն իրավունք ունի՞ պարգևավճարներ բաժանել, համայնքային բյուջե տնօրինել, Համբարյանը հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք։ Հարցրինք նաև՝ ճի՞շտ է, որ Դուք Ավետ Պողոսյանի հետ ազգակցական, բարեկամական կապեր ունի, այս հարցը պարզվեց՝ պատասխան ենթադրող է, ասաց․ «Այո, բարեկամական կապեր ունեմ»։