Մեղավորը նախկինները չեն

Մեղավորը նախկինները չեն

Այո, գրեթե 2 տասնյակ զոհ տարած «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի մեղավորը նախկինները չեն: Մեղավորը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն է ու նրա «ուսապարկերը»՝ լինեն դրանք գործադիրում, թե խորհրդարանում: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ես, որ երկու տասնամյակ պայքարել եմ նախկինների իշխանության դեմ: Պայքարել եմ նախկինների ժամանակ ծաղկող ապօրինությունների ու անարդարության դեմ: Պայքարել եմ նաեւ այն երեւույթի դեմ, որ մեր պետության կառավարումն իջեցվել է վարչական շրջանի մակարդակի կառավարման: Ու այդ պատճառով նաեւ ողջունել եմ 2018-ի գարնանային իրադարձություններն ու իշխանափոխությունը: Ողջունել եմ՝ հույս ունենալով, որ նոր մարդկանցով ձեւավորված նոր իշխանության պայմաններում քայլ առ քայլ մաքրելու ենք մեր պետության «ավգյան ախոռները»: 

Բայց հասարակ մարդկանց վարչապետի կարգավիճակով գայթակղելով եւ նրանց միջոցով իշխանություն գրավելով՝ Փաշինյան Նիկոլը հենց սկզբից ձեռնամուխ եղավ ոչ թե «ավգյան ախոռները» մաքրելուն, այլ անձնական վրեժ լուծելուն, երկրում թշնամանք ու ատելություն տարածելուն: Այո, այն անձնական վրեժը, որ կուտակվել էր նրա սրտում 2008 թվականի մարտի 1-ի պարտության ու դրան հետեւած իրադարձությունների՝ թաքնվելու, իսկ այնուհետեւ բանտարկվելու հետեւանքով: Չմոռանալով իշխանական վայելքներին տրվելու մասին՝ Փաշինյան Նիկոլը ողջ 2018 թվականն օգտագործեց վրեժի զգացումը բավարարելու նպատակով: Դրա համար նախկիններին քարշ տվեց դատարաններ, խորհրդարանի շենքը պաշարեց եւ Ազգային ժողովի ընտրություն կազմակերպեց: Դրան հաջորդած տարում էլ զբաղվեց դատարանների հարցերով՝ թե՛ դռներ փակել տալով եւ թե՛ իրենց անկախությունը պահպանած դատավորների համար խնդիրներ ստեղծելով: Եվ այդ բուռն գործունեության նպատակը մեկն էր՝ վրեժի զգացումը բավարարելը: Իսկ հայաստանյան «ավգյան ախոռները» շարունակում էին ավելի կեղտոտվել:

«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի պատճառը հենց «ավգյան ախոռների» կեղտոտ լինելն էր: Եթե 2018-ի մայիսից այս կողմ քայլ առ քայլ դրանք մաքրվեին, ապա 2021 թվականի ապրիլի սկզբին տոնավաճառում ծագած հրդեհի արդյունքում հարուցված քրգործը վաղուց ավարտված կլիներ եւ ոչ թե կշարունակվեր մինչեւ այժմ: Եվ 2021-ին տոնավաճառում կատարված ստուգումը եւս կունենար իր դրական հետեւանքը: Բայց քանի որ վարչապետի պաշտոնը Փաշինյան Նիկոլի կողմից ծառայեցվեց իշխանական վայելքների ու վրեժի ծարավը հագեցնելուն, «Սուրմալուի» անցյալ տարվա հրդեհին հետեւեց այս օրերի պայթյունը: Եվ հենց այդ պատճառով է, որ այս պայթյունի մեղավորը նախկինները չեն, չնայած նրանց ժամանակներից է գալիս մեր երկրում տիրող անտերությունը: Նախկինները մեղավոր չեն, քանի որ եթե ամեն ինչ մնալու էր նույնը, ապա ինչո՞ւ 2018-ի ապրիլին ժողովուրդը դուրս եկավ փողոց: Եթե վարչական շրջանի մակարդակի կառավարումը նոր իշխանության օրոք պետք է իջեցվեր «ժէկ»-ի մակարդակի, ապա ի՞նչ գործ ունեին փողոցում այն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում էին ապրել նորմալ երկրում: