Արցախի նախագահի հայտարարությունը հակառակորդին վախ է ներշնչել

Արցախի նախագահի հայտարարությունը հակառակորդին վախ է ներշնչել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս ասել է, որ եթե հակառակորդը փորձի թիրախավորել Ստեփանակերտը, Գյանջայում պատասխան կստանա: Այդ առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել մի երկարաշունչ հայտարարությամբ , որտեղ  «ոչ մի նշանակություն չունեցող» որակելով հանդերձ Արցախի նախագահի զգուշացումը, վերստին սլաքներն ուղղում է Հայաստանի դեմ՝ իրավիճակը ներկայացնելով այնպես, որ, իբր, հայկական զինված ուժերի ձեռագիրն է՝ «թիրախ ընտրել խաղաղ բնակավայրերն ու անպաշտպան բնակչությանը»: Դա նորություն չէ: Հակառակորդը միշտ էլ սեփական տմարդի վարքը փորձել է քողարկել: Այս դեպքում, սակայն, հստակ զգացվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության վախը, որքան էլ փորձ է արվում ապրիլյան քառօրյան եւ տավուշյան մարտերը ներկայացնել «հաղթական»: Թուրքական բանակի օգնությամբ «սրբազան պարտք կատարելու» մասին Զաքիր Հասանովի երեկվա հայտարարությունից հետո, մանավանդ, ակնհայտ է, որ Ադրբեջանում Արցախի նախագահի ասածը շատ լուրջ են ընդունել: