Մի կողմից պահանջում է, մյուս կողմից՝ անտեսում

Մի կողմից պահանջում է, մյուս կողմից՝ անտեսում

Մի կողմից պահանջում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանում, մյուս կողմից անտեսում ՀՀ Սահմանադրության 32 հոդվածով ամրագրված  բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Հետևելով փաստաբանների ՖԲ գրառումներին ու գործողություններին՝ ակնհայտ տարակուսանք ես ապրում: Եթե փաստաբան Տիգրան Աթանեսյանը մի քոմենթի համար արգելափակում է լրագրողի ՖԲ էջը, ի դեպ նշեմ, որ քոմենթը  չի ներառել վիրավորական որևէ բառ, այլ տեսակետ է եղել՝ կապված Մասիսի քաղաքապետի գործի վերաբերյալ, ապա փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր գրառումներով մտորելու տեղիք է տալիս: 

Վերջինս, հանդես գալով որպես Հասմիկ Սարգսյանի, որը ապօրինի մուտք էր գործել ընկերուհու բնակարան և դրամապանակից գումար հափշտակել և Վելես ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի, որին մեղադրանք է առաջադրվել Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբանդյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը հափշտակելու համար գործերով փաստաբան` տարակուսանք առաջացնող, կարելի է ասել նաև իրար հակասող գրառումներով է հանդես գալիս:

Երկու գործերում էլ առկա է բնակարանի անձեռնմխելիության իրավունքի հարցը: Հասմիկ Սարգսյանի գործով հանդես գալով` փաստաբան Մ. Շուշանյանը գրում է` «Հասմիկ Սարգսյանի կողմից գումար հափշտակելու շարժառիթը եղել է իր անչափահաս երեխաների նվազագույն արժանապատիվ գոյության ապահովման անհնարինությունը, իսկ ավելի հստակ և որոշակի՝ սովի չմատնվելու նպատակով սնվելու համար անհրաժեշտ սնունդ ձեռք բերելու հնարավորության բացակայությունը, իսկ գումար հափշտակելու նպատակը՝ սնունդ գնելը...»  և ոչ մի բառ մարդու բնակարանի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ: Այսինքն փաստաբանը այս գործում շեշտը դնում է միայն գողության վրա, հետևաբար չքրեականացնելով ապօրինաբար այլ անձի բնակարան մուտք գործելը:

Ինչ վերաբերում է Մարինա Պողոսյանի գործին, որի բացահայտման համար իրավապահ մարմինների կողմից իրականացվել էր Արփի Մերասի և Մ. Պողսյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը վերջինիս բնակարանում, ապա այս գործով 05.12.18-ին Մ. Շուշանյանն անդրադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանի 04.12.18թ. այն որոշմանը, որ գաղտնալսումն օրինական է, որտեղ Մ. Պողոսյանը խոստովանել է իր հանցանքը`  կատարում է հետևյալ գրառումը` «Երեկ կայացրած 2 որոշումներով դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստացի օրինականացրեց Մարինա Պողոսյանի անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքների նկատմամբ կատարված ապօրինի միջամտությունը...»։ 

Եթե նախորդ գործում փաստաբանն անտեսում էր բնակարանի անձեռնմխելիության իրավունքի փաստացի խախտումը, ապա այս գործով պահանջում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման ընդունում:

Շուշանյանի մոտեցումը, իր հրապարակային գրառումներից ելնելով, այս շրջանակում կարելի է դիտարկել խտրական, քանի որ սոցիալապես անապահովի կարգավիճակում եթե ընդունելի էր լինելու իրավունքի խախտումը, ապա ինչու պետք է իրավունքի խախտում համարվեր հանցագործության բացահայտման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն իրականացրած ներքին դիտումը։

Նարա Մարտիրոսյան