Նազարբաեւը հեռացավ, որպեսզի վերադառնա․ Զամիր Կարաժանով

Նազարբաեւը հեռացավ, որպեսզի վերադառնա․ Զամիր Կարաժանով

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը բավական հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել հետսովետական տարածքի մեդիա հարթակներում, փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում։ Արդեն երեսուն տարի երկրի ղեկին գտնվող, «խորհրդային դպրոցի» ներկայացուցիչ Նազարբաեւը կամ ինչպես ռուսական որոշ լրագրողներ էին կատակով ասում՝ «ճաճանչափայլը» բավական լավ մարտավարությամբ էր փորձում խաղալ հետսովետական քաղաքական դաշտում եւ մնալ ջրի վրա։ Ղազախստանցի քաղաքագետ Զամիր Կարաժանովը ադրբեջանական Media.az կայքի հետ զրույցում անդրադարձել էր Նազարբաեւի հրաժարականին եւ ասել, որ խոսքը իշխանության տրանզիտի մասին է։ «Նախ եղավ նախագահ Նազարբաեւի դիմումը Սահմանադրական դատարան, որով խնդրվում էր հստակ իրավական առումով բացատրել նախագահաի ինքնակամ կերպով լիազորությունների վայր դնելու պրոցեսը»,- ասել է Կարաժանովը, նկատելով, որ «ժառանգորդների» ցանկը բավական երկար է։ «Անկախ այն հանգամանքից, թե ով կլինի նախագահ, պարզ է, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը Նազարբաեւի հավանությամբ։ Ղազախստանն ունի «Ազգի առաջնորդի մասին» օրենք, որով Նազարբաեւը պահպանում է լրջագույն իշխանական լծակներ հատկապես ուժային կառույցների նկատմամբ եւ արտաքին քաղաքականության ոլորտում»,- մանրամասնել է ղազախստանցի քաղաքագետը, հավելելով, որ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ նա շարունակելու է մնալ երկրի իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարը։ Կարաժանովը նաեւ քիչ հավանական է համարել այն, որ առաջիկայում Ղազախստանը նախագահական կառավարման համակարգից անցում կատարի պառլամենտական կառավարման համակարգի։