Կասկած չունեմ, որ Անահիտ Մանասյանը լինելու է կաշկանդված և ոչ անկախ ՄԻՊ

Կասկած չունեմ, որ Անահիտ Մանասյանը լինելու է կաշկանդված և ոչ անկախ ՄԻՊ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ Անահիտ Մանասյանն այն միակ թեկնածուն է, որն այսօր կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան: Կոնջորյանը մասնավորապես նշել է. «Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել ՄԻՊ»: 

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Մանասյանի՝ դատախազության աշխատակից լինելու հանգամանքն այնքան խնդրահարույց չէ, որքան, օրինակ, այն, որ հասարակությունը չի ճանաչում վերջինիս. «Ես մի փոքրիկ հարցում անցկացրի և պարզվեց, որ Անահիտ Մանասյանին քսան հոգուց և ոչ մեկը չի ճանաչում»: Ալավերդյանի խոսքով` Արման Թաթոյանն էլ արդարադատության նախարարության աշխատակից էր, սակայն դա նրան չխանգարեց լինել բանիմաց ու գրագետ ՄԻՊ։ 

«Թաթոյանը եղել է Արդարադատության նախարարության աշխատակից: Ըստ իս` դա խնդիր չէ: Թաթոյանին հասարակությունը ճանաչում էր ոչ միայն որպես նախարարության աշխատակից, այլ որպես մի անձ, որը Եվրոպական դատարանում ներկայացնում էր Հայաստանի շահերը: Հարկ է նշել, որ ՄԻՊ-ի պաշտոնում ամենակարևոր հանգամանքը ճանաչված լինելն է: Հասարակությունը պետք է ճանաչի ՄԻՊ-ին և վստահի նրան: Մեծ խնդիր է, որ արդեն երկրորդ անգամ` իրար հետևից մարդիկ են նշանակվում ՄԻՊ-ի պաշտոնում, որոնց հասարակությանը չի ճանաչում: Մարդիկ Անահիտ Մանասյանին տեսնելով հարցնում են` «էս ո՞վ ա»: Ճանաչելի լինելը սահմանադրական պահանջ է: Հասարակության վստահությունն է ՄԻՊ-ի անկախության կարևորագույն երաշխիքը: Այն հնարավորություն է տալիս գործել անկախ: Հայաստանի իշխանություններն արդեն երկրորդ անգամ իշխանական գործադիր անձին ՄԻՊ են դարձնում, այն դեպքում, երբ այդ մարդիկ իրենց իշխանության մաս դարձել են զուտ իշխանավորների քմահաճության արդյունքում: Անգամ լավ աշխատելու ամենամեծ ցանկության դեպքում իշխանության մաս լինելը սահմանափակելու է Մանասյանի անկախությունը: Իշխանական թիմի անդամը չի կարող լինել անաչառ ՄԻՊ, հենց սա է այս ամենի արմատը: Ես կասկած չունեմ, որ Անահիտ Մանասյանը լինելու է կաշկանդված և ոչ անկախ ՄԻՊ», - խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: