Շաբաթվա իրադարձությունը․ ֆրանսահայերի հանդիպումը՝ Արայիկ Հարությունյանի հետ (ֆոտոշարք)

Շաբաթվա իրադարձությունը․ ֆրանսահայերի հանդիպումը՝ Արայիկ Հարությունյանի հետ (ֆոտոշարք)

Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպումը ֆրանսահայերի համար շաբաթվա գլխավոր իրադարձությունն էր, և նրանց սպասումը ճիշտ էր․ Արցախի նախագահի հետ հանդիպումն անցել է լեփ-լեցուն դահլիճում, այն աստիճան լիքը, որ ոմանք նույնիսկ ստիպված էին ոտքի վրա անցկացնել հանդիպումը Maison de la chimie-ի մեծ ու գեղեցիկ սրահում՝աթոռների սղության պատճառով, գրում է Nouvelles d'Arménie-ն։

Արայիկ Հարությունյանը միջոցառման վայր է ժամանել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումից անմիջապես հետ, որը Արցախի նախագահին վստահեցրել է իր լիակատար աջակցությունը Ղարաբաղյան հիմնահարցին։ 

«Արցախը մենակ չէ, դրա մեջ համոզվելու համար՝ նայեք այս սենյակին»,- ասել է հանդիպման կազմակերպիչներից մեկը՝ ներկաներին հրավիրելով մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան գոյամարտում զոհված բոլոր հայ զինվորների հիշատակը։

Իր ելույթում CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը նշել է․

«Մենք եկել ենք այստեղ՝ լսելու Արցախի ներկայացուցչին, մի երկրի նախագահի, որն ավելի քան 30 տարի եղել մեր մտահոգությունների հիմքում, առավել ևս՝ վերջին մի քանի տարիներին, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո: Ինչպես գիտեք, հարգելի ընկերներ, իրավիճակը ծայրահեղ ծանր է, քանի որ պանթուրքիզմի ուժերը ներկայումս գործադրում են բոլոր ջանքերը՝ օկուպացնելու և ստրկացնելու Արցախը, որը 30 տարի ազատվել է նրանց լծից։ Ցավոք, մենք բոլորս գիտենք, թե ինչ կարող են նշանակել այս նպատակները տեղի հայ բնակչության համար՝ հաշվի առնելով պատմության դասերը և աննախադեպ ռասայական ատելությունը, որը պահպանվում է Ադրբեջանում այս ժողովրդի նկատմամբ»։

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանն իր հերթին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղին աջակցելու անհրաժեշտությունը ոչ միայն զինվորների կողմից «թափված արյան» անվան տակ՝ «Արցախը փրկելու» պատճառով, «ոչ միայն այն պատճառով, որ դա արդար գործ է, ոչ միայն այն պատճառով, որ «Արցախը մերն է», այլ որովհետև եթե կորցնենք Արցախ, կկորցնենք նաև Հայաստանը, քանի որ Արցախը Հայաստանի վահանն է, դա նաև պայքար է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար։ 

«Մենք լավ գիտենք, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում, նրանք երազում են իրենց իշխանությունը հաստատել հայերի վրա։ (...) Պանթուրքական ուժերը ցանկանում են ավարտին հասցնել 1915 թվականի ցեղասպանությունը։ CCAF-ի բոլոր միավորումները, Ֆրանսիայի ողջ հայությունը ոտքի է կանգնում, որպեսզի այս ամենը լսելի դարձնի երկրի քաղաքական դերակատարների, ընտրված պաշտոնյաների և նույնիսկ Հանրապետության նախագահի Էմանուել Մակրոնի մոտ։ Մենք մեր գործն արել ենք և շարունակելու ենք անել, քանի որ Արցախի և Հայաստանի պաշտպանությունը մեր և սփյուռքի առաջնահերթությունն է»,-ընդգծել է Փափազյանը։
Արայիկ Հարությունն իր խոսքում, նախ, Լեռնային Ղարաբաղի անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ապրող հայերին ու հայ ժողովրդի բարեկամներին՝ 1988 թվականից ի վեր Արցախյան պայքարին աջակցելու համար: 

«Երբ մենք սկսեցինք, ԽՍՀՄ-ն այն ժամանակ փորձում էր կանգնեցնել մեզ անկախության ճանապարհին (...) Մենք շարունակել ենք մեր պայքարը։ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ժողովրդի աջակցության շնորհիվ մենք առաջին հաղթանակը տարանք Ադրբեջանի դեմ։ Մենք ընդունեցինք զինադադարը և հասանք այլ հաջողությունների։ Հետո մենք փորձեցինք համապատասխանել քաղաքակիրթ աշխարհի արժեքներին, քանի որ դրանք համապատասխանում են մեր արժեքներին։ Սակայն միջազգային հանրությունը չի միջամտել հօգուտ Լեռնային Ղարաբաղի։ Մենք պարզապես ուզում ենք ապրել այս տարածքում, որտեղ դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդը, բայց հայտնվել ենք էկզիստենցիալ խնդրի առաջ։ Այսօր աշխարհն այլեւս իրեն չի ճանաչում արժեքների մեջ, պաշտպանում է փողն ու տնտեսական շահերը»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: 
Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի, անժամկետ առաքելությունն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ, ընդգծել է Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախի անվտանգության մասին հարցին։