Վերջին արկածախնդրությունից առաջ

Վերջին արկածախնդրությունից առաջ

Փաշինյանի եւ Ալիեւի պահվածքից չի երեւում, որ Երեւանն ու Բաքուն շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Հակառակ պարագայում հնարավոր չէր լինի նրանց միմյանցից կտրել: Մինչդեռ չեն էլ հանդիպում: Ինչ է՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հինգ պակաս ասելիք չունեի՞ն միմյանց: Փաստորեն, ստում էին եվրապաշտոնյաներն ու ԱՄՆ պետդեպը, երբ հայտարարում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն այնքան են մոտեցել, որ համաձայնագիրը հիմա-հիմա կստորագրվի: Ոչինչ էլ, ըստ էության, չի արվել այդ համաձայնագրի ուղղությամբ: Պարզապես մենք հողեր ու կոմունիկացիաներ զիջեցինք հենց այնպես, որպեսզի փոխարենը ոչինչ չստանանք: Կարելի է ասել՝ Ալիեւը խաբել է Նիկոլին, Նիկոլը՝ մեզ:

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ եթե Հայաստանը համաձայնի եւս մի քանի ցավոտ զիջումների, ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի: Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունն ԱՄՆ-ին հետաքրքրում է այնքանով, որ միջինասիական գազը «Զանգեզուրի միջանցքով» անարգել հասնի Թուրքիա: Հակառակ պարագայում ինչո՞ւ է ԱՄՆ-ն բացառապես մեզ տանում ցավոտ զիջումների, ինչո՞ւ է մեզ դրդում հրաժարվել նոր տարածքներից կամ հենց մեր տարածքով անցնելիք «միջանցքի» վերահսկողությունից: Ադրբեջանը ոչինչ չունի կորցնելու, նա միայն կշահի մեր ցավոտ զիջումներից: Եվ, ուրեմն, չի՞ ստացվում, որ մեզ ուզում են «քցել», խաբել ադրբեջանական գազով, նորանոր տարածքներ կորզել ու չարաչար «քցել»:

Նիկոլի՝ Ալիեւի հետ հանդիպումից թռնելը ՀՀ ԱԳՆ-ն բացատրեց այն հանգամանքով, թե իբր Ալիեւը չի ցանկացել հանդիպել: Սա քիչ հավանական է: Ալիեւն այդպիսի խնդիր չուներ: Կրկնում եմ՝ ինչ էլ լինի, նա շահած է դուրս գալու, հետեւաբար, չէր կարող անել մի այնպիսի ոչինչ չասող քայլ, ինչպիսին Նիկոլի հետ հանդիպումից հրաժարվելն է: Ես ավելի քան վստահ եմ, որ հենց Նիկոլն է վերջին պահին հրաժարվել այդ հանդիպումից՝ հասկանալով, որ իրեն ստիպելու են հրաժարվել Սյունիքից, ու էն դեղին քարտեզը, որ հետը ման է տալիս ամենուր, փոքրանալու է կիսով չափ:

Ֆեյսբուքում արդեն գրում են, որ Նիկոլն իր այդ քայլով հերոսացավ՝ «mer xzore dure pakec alievi qti arag, da xzor aptak er»: Երանի թե այս խոսքերում ճշմարտության մի փոքրիկ հատիկ լիներ: Մինչդեռ իրականությունն այլ է: Փաշինյանի համար ամենացավոտ զիջումը սեփական աթոռի զիջումն է: Ո՛չ Արցախ, ո՛չ Տավուշ, ո՛չ Սյունիք, ո՛չ Լոռի այդ աթոռի արժեքը չունեն: Պարզապես Փաշինյանը վերջին պահին հասկացել է, որ ԱՄՆ պետդեպը, «ցավոտ զիջում» ասելով, նկատի ունի հենց վարչապետի աթոռի զիջումը: Կրիան էլ երեւի կհասկանար, որ իրեն պատյանի միջից կհանեն ու կքաշեն շամփուրին, եթե համաձայնի հրաժարվել Սյունիքից: Սյունիքը Տավուշ չէ, որից ինչ-որ բարձունքներ հանձնի, բետոնե սյուներ տնկի, փշալար քաշի ու պարծենա, թե՝ սահմանազատում եմ անում: Սյունիքի հանձնումով շատ բան է փոխվում աշխարհում, այստեղ այնպիսի շահեր են բախվում, որ Փաշինյանի մեծ կտորը ականջը կմնա, եթե փորձի Ալիեւի հետ ինքնագլուխ քայլեր ձեռնարկել այստեղ: Ռուսաստան, Իրան, Չինաստան… Սյունիքը հանձնել Ադրբեջանին՝ կնշանակի բացահայտ պատերազմ հայտարարել այդ երկրներին, կնշանակի ազդարարել մեծ թուրանական պետության սկզբնավորման, Ռուսաստանի եւ Իրանի կործանման, ինչպես նաեւ Չինաստանի մեկուսացման ու տկարացման գործընթացի սկիզբը: Արդյո՞ք Նիկոլն է այն մարդը, որ պետք է գար ու իրականացներ այդ ամենը: Իհարկե՝ ոչ: Նիկոլի ժամկետը լրացավ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Այդ օրը նա այլեւս դիակ էր, որին պետք էր ընդամենը հուղարկավորել: Հանգամանքները, սակայն, դասավորվեցին այնպես, որ նա մնաց: Չգիտեմ, գուցե կարողացավ իր արեւմտյան, թուրք եւ ադրբեջանցի տերերին համոզել, որ դեռ ունակ է էլի բաներ անելու: Եվ արդեն անում էր՝ Տավուշում սյուներ տնկեց, փշալար քաշեց, վազեց Սյունիք ու սկսեց Սյունիքում պարծենալ փշալարի էֆեկտով… Բայց հենց դեմ տվին միջանցքի հարցը, քարկապ ընկավ Նիկոլը: Ըստ երեւույթին, զանգ ստացավ զայրացած քեռիներից՝ նույնիսկ չփորձես… Եվ Նիկոլը թռավ Ալիեւի հետ հանդիպումից:

Ասում են՝ առաջիկայում Նիկոլ-Ալիեւ նոր հանդիպում կլինի, այդ ուղղությամբ աշխատում են: Հնարավոր է, որ աշխատում են, հնարավոր է, որ հանդիպում էլ լինի: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք Նիկոլի առջեւ կրկին «Զանգեզուրի միջանցքի» հարց կդնեն: Իր շահած ժամանակը Փաշինյանը կօգտագործի ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից եւ Ադրբեջանից նոր երաշխիքներ ստանալու համար, որ իրեն ու իր աթոռին ոչինչ չպատահի, եթե ինքը գնա վերջին արկածախնդրության: