Պետք է գնանք մասնագիտական դաշտ և կարծիքներ հարցնենք

 Պետք է գնանք մասնագիտական դաշտ և կարծիքներ հարցնենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ 

Թուխիկյանը համակարգելու է մշակութային ժառանգության պահպանության ոլորտը՝ հուշարձաններ, թանգարաններ, գրահրատարակչություն: Թեպետ ոլորտի խնդիրներն այս տարիների ընթացքում մասամբ ուսումնասիրել է, բայց իր առաջին քայլը փոխնախարարի պաշտոնում լինելու են մասնագիտական թիմերի հետ հանդիպումները։

«Այսօր, օրինակ, պետք է հանդիպեմ մշակութային մարդաբան Լեւոն Աբրահամյանի հետ։ Նման օրակարգ ունեմ՝ հանդիպումներ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր գիտնականներ են եւ ոլորտի պրոֆեսիոնալներ։ Նրանց հետ զրույցը շատ օգտակար կլինի, ես շատ բան կսովորեմ իրենցից, եւ հաջորդ քայլերն արդեն հստակ կլինեն։ Շատ ծրագրեր կան, մեր դոկտրինը նույնպես կա, եւ գիտենք, թե ինչպես պետք է հասնենք մեր նպատակներին»,- ասում է Թուխիկյանն ու ընդգծում, որ շատ է կարեւորում մասնագիտական այդ խմբերի հետ աշխատանքը․ «Շատ դեպքերում մենք ներսում ենք եւ չենք տեսնում սխալները, իսկ կողքից հատկապես գիտնականի գնահատականը շատ կարեւոր կլինի մեզ համար։ Հաջորդիվ կհանդիպեմ հնագետների հետ»։ 

Նա ընդգծում է՝ առանց մասնագիտական խորհրդի հնարավոր չէ որեւէ բան անել․ «Կարող է ես շատ հետաքրքիր պատկերացումներ ունեմ, բայց դրանք գիտականորեն պետք է գնահատվեն՝ արդյոք ճի՞շտ են, թե՞ ոչ, իսկ դա միայն գիտությամբ զբաղվող մարդը կարող է անել։ Նրանք մեզ պետք է հուշեն, թե ինչ անենք, եւ մենք պետք է  կատարենք իրենց պահանջները, որովհետեւ գիտնականներն իրենք են։ Մենք, անշուշտ, պետք է վերլուծենք, ի վերջո՝ կամայական թղթեր ստորագրող չենք լինելու, բայց իրենց խորհուրդները չափազանց կարեւոր են, եւ դրա հիմքի վրա պետք է լինեն մեր որոշումները։ Եթե մենք ունենք վիճահարույց հարցեր, ապա պետք է գնանք մասնագիտական դաշտ, կարծիքներ հարցնենք եւ մի սեղանի շուրջ գանք ամենաօպտիմալ ու ճիշտ տարբերակին, այն է՝ մշակույթի համար շահեկան, արդյունավետ տարբերակին»։   

Վերջին տարում մասնագիտական խմբերի հետ քննարկվեց «Թանգարանների մասին» օրենքը, որը, ըստ նրա, գրեթե պատրաստ է․ «Փոքրիկ շտկումներ կան, որ պետք է արվեն, բայց կարծում եմ՝ այս տարի արդեն կուղարկվի ե՛ւ կառավարություն, ե՛ւ ԱԺ։ Այս տարի պետք է որ ընդունենք թե՛ թանգարանների եւ թե՛ կինոյի մասին օրենքները։ Զուգահեռաբար կսկսենք աշխատել նաեւ թատրոնների մասին օրենքի շուրջ։ Հուշարձանների օրենքի մեջ որոշ փոփոխություններ ենք պատկերացնում, որովհետեւ միջազգային պարտավորություններ, կոնվենցիաներ կան, որոնք պետք է մեր օրենքներում հաշվի առնենք, որոշ բաներ արված են, որոշ բաներ դեռ բաց են, դրանք պետք է շատ արագ լուծենք ու գնանք առաջ»։

Մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունը միաձայն կողմ քվեարկեց 7 կառույց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու համար, որոնց թվում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, բայց դրանք կառավարությունը մինչ օրս չի հաստատել։ «Այդ ցանկերի հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան, եւ դրանք հիմնովին վերանայման կարիք ունեն։ Պատմականորեն շատ ավելի հին հուշարձաններ կան, որոնք անհասկանալի պատճառներով ցանկում ներառված չեն, այսինքն՝ այդ ցանկերի մոնիտորինգը պետք է վերանայվի, եւ մենք չենք բավարարվելու միայն նախարարության մասնագետներով, նաեւ նախարարությունից դուրս մասնագետների պետք է ներգրավենք այդ գործի մեջ, ինստիտուտների հետ հարաբերություններ պետք է հաստատենք։ Այսինքն՝ այդ ինստիտուցիոնալ կապը հուշագրով կամ ինչ-որ ձեւով պետք է ամրագրվի, եւ սերտ համագործակցություն լինի։ Մենք իրար հետ պետք է աշխատենք, մինչեւ հիմա մեկը մյուսին ոչ թե դիտավորյալ խանգարել է, այլ չի եղել այն պատկերացումը, որ սա ընդհանուր գործ է՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար է։ Այս փոխհարաբերությունները պետք է հստակեցվեն եւ ճշգրտվեն, փոխհարաբերությունները նաեւ մշակույթի ոլորտի աշխատողների հետ, ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները, վերադասի ու ստորադասի հոգեբանությունն իսպառ պետք է վերանա, պետք է իրար սիրենք։ Ի դեմս նախարարության, այդ կառույցները պետք է իրենց բարեկամ գտնեն, ոչ թե իրենց գործն անընդհատ դժվարացնող եւ խոչընդոտող կառույց։ Մենք պետք է միասին աշխատենք։ Կարծում եմ՝ գործընթացն արդեն սկսված է, օրինակ՝ Արա Խզմալյանն արդեն իր ոլորտում այդ հարցերը կարգավորում է»։ 

Ամիսներ առաջ շրջանառվեց նաեւ ՊՈԱԿ-ների կրճատման, միավորման մի փաստաթուղթ, որի հեղինակը մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանն էր, եւ որը, ըստ նրա, սեւագիր տարբերակն էր։ Ինչպես նշել էր Ղարիբյանը, կան ՊՈԱԿ-ներ, որտեղ 3 հոգի է աշխատում, եւ նման ՊՈԱԿ-ները պետք է օպտիմալացվեն։ Արդյոք ինքը վերադառնալո՞ւ է այդ սեւագիր տարբերակին՝ հասկանալու համար խնդիրը, թե՞ այլ մոտեցում է որդեգրելու։ «Մշտադիտարկում անպատճառ պետք է արվի, եւ եթե կան նման ՊՈԱԿ-ներ, որտեղ մի տնօրեն, մի հաշվապահ ու մի աշխատող է աշխատում, բնականաբար, դրա լինելիության հարցը պետք է որոշվի։ Եթե կան ՊՈԱԿ-ներ, որ զուտ կառավարչական իմաստով վատ են աշխատում, պետք է հասկանանք, թե ինչու են վատ աշխատում։ Չնայած օրակարգում չկա միավորման հարց, բայց քննություն պետք է անցկացվի՝ աշխատանքի արդյունավետության հետ կապված։ Պետք է վերլուծենք, հասկանանք եւ գանք արմատին։ Արդյունավետ չէ, որովհետեւ տնօրենը լավ չի՞ աշխատում, թե՞ ուրիշ պատճառներ կան։ Պետք է բոլոր խնդիրները լուծենք, ոչ մի անլուծելի հարց չկա։ Շատ հաճախ մարդիկ կաբինետներում նստում են եւ կտրվում աշխարհից։ Այդպես հնարավոր չէ որեւէ բան շտկել։ Պետք է հասկանալ, թե ինչն է խոչընդոտում»,- ասում է Թուխիկյանն ու հավելում, որ հաճախ մշակույթի մարդկանց խոչընդոտում են գանձապետարանի հետ կապված հարցերը, գնումների մասին օրենքը։ 

«Հատկապես ստեղծագործական կոլեկտիվներում, որովհետեւ ստեղծագործության համար հայտարարվող մրցույթները գնումներից նույն ընթացակարգով են արվում, ինչպես որ, ասենք, ասֆալտ կգնեն՝ փողոցներն ասֆալտապատելու համար, իսկ սա աբսուրդ է։ Այդ հարցը մենք ե՛ւ ԱԺ-ում էինք բարձրաձայնել, ե՛ւ մեր հանձնաժողովն է քննել, այսինքն՝ մենք պետք է օժանդակենք մշակույթի ոլորտի զարգացմանը եւ ոչ թե լուռ մնանք, եթե մեկ ուրիշ գերատեսչություն մշակույթի համար ոչ այնքան ճիշտ օրենքներ կամ կարգեր է մեջտեղ բերում։ Նախկինում մշակույթի ոչ մի նախարար չի բացատրել ֆինանսների պատասխանատուներին, որ մշակույթը կամ արվեստը գործունեության ստանդարտ տեսակ չեն, եւ, ուրեմն, պետք է բացառություն անենք, ինչ-որ ենթակետ ավելացնենք ստեղծագործական կարիքների համար, թե, օրինակ, գնումների ընթացակարգն ինչպիսին պետք է լինի։ Աշխարհում այդ փորձը կա, պարզապես, իմ համոզմամբ, այդ մարդկանց հետ ոչ ոք չի նստել խոսել»։