Առաջին դասարանցիների ծնողները հիմար վիճակում են հայտնվել

Առաջին դասարանցիների ծնողները հիմար վիճակում են հայտնվել

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է ներդնել, անհեթեթ իրավիճակ է ստեղծել առաջին դասարանցիների ընտանիքներում։ Ըստ նորամուծության՝ այս տարի համակարգիչն է որոշում, թե որ երեխան որ դպրոց գնա։ Մեխանիզմը հետեւյալն է․ ծնողը հերթագրվում է իր նախընտրած դպրոցում, եւ նրան ավտոմատ sms է գալիս, որ արդեն կարող է գրանցել երեխային: Հերթագրումը սկսվել է մայիսի 15-ին, առավոտյան 9-ին, այսինքն՝ ծնողը նույն պահին համակարգիչ պետք է գտներ, վայրկենական մուտքագրեր բոլոր տեղեկանքները, որոնք պահանջվում են երեխային դպրոց ընդունելու համար։ Եթե հանկարծ չհասցնի, կամ եթե այնպես ստացվի, որ ընտրած դպրոցը բարձր վարկանիշ ունի, եւ հերթագրվողներն իրենից ճարպիկ են գտնվել, ապա ստիպված է լինելու երեխային այլ դպրոց տանել։ Լրագրող Ռուբեն Գրդզելյանը հայտնվել է նման վիճակում։

«Քանի որ ապրում եմ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի անմիջական հարեւանությամբ, եւ 2 մեծ երեխաներս հաճախում են այդ դպրոց, բնական է, որ երրորդին էլ պետք է ուղարկենք այնտեղ»,- ասում է նա։ Գրանցումը սկսվելուց մեկ օր անց փորձել է հերթագրվել եւ համակարգից տեղեկացել է, որ այդ դպրոցում բոլոր 100 տեղերն արդեն զբաղված են։ «Ո՞նց կարող է ստացվել, որ 100 տոկոս հայտերը ներկայացվեցին հենց 1 օրվա ընթացքում»,- զարմանում է նա եւ ասում, որ բնակարանն Այգեստան թաղամասում գնելիս հաշվի է առել այն, որ դպրոցը մոտ է։ «Պատուհանիցս երեւում է, մտածեցի՝ տնից երեխաները դուրս կգան, կգնան դպրոց ու ինքնուրույն կգան տուն»։ Նա այժմ պետք է ընտրի՝ կա՛մ երեխաներից մեկին ամեն առավոտ հասցնի հեռու դպրոց, ասենք, Նուբարաշեն, կա՛մ դիմի դատարան։ Եթե Կենտրոնի բնակիչը չի հասցրել Կենտրոնի դպրոցում գրանցել երեխային, ի՞նչ անի։ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց․ «Չկա նման բան։ Կարող եմ Ձեզ ցանկ տրամադրել՝ Կենտրոնի դպրոցների թափուր տեղերի, եւ հենց հիմա ինքը կարող է գրանցվել, օրինակ, Մայակովսկու դպրոցում»։ 

- Նա Այգեստանում է ապրում։ 

- Պետությունը չի կարող ամեն մարդու տան կողքը դպրոց բացել։ Դպրոցը ռեզինից չի ու չի կարող բոլոր երեխաներին ընդունել։ 

- Գոնե այն երեխաներին, որոնց եղբայրներն ու քույրերն այդ դպրոցում են, կարելի է, չէ՞, բացառություն անել։

- Օրենքը որեւէ մեկի համար բացառություն չի սահմանում։ 

- Ծնողները մեղք չե՞ն։ Մի երեխային հասցնեն մի դպրոց, մյուսին՝ ուրիշ։ 

- Մենք արդարադատության նախարարությունից եզրակացություն ենք ստացել, որ որեւէ օրենսդրությամբ բացառություն չի սահմանվում։ 

- Իսկ մարդկայնության օրենքն արդարադատության նախարարը հաշվի չի՞ առնում։ Մարդն ունի երեք երեխա, ի՞նչ անի։ 

- Ուղղակի մարդիկ պետք է ժամանակին  գրանցվեն։ 

- Բողոքներ չե՞ք ստացել։ Համոզված եմ, որ էլի բողոքներ կլինեն։

- Ստացել ենք բողոքներ, բայց համակարգն արդարացված է։ Երեւանի համար նույնիսկ սա պիլոտային ծրագիր էր, հիմա հաստատվել է։ 10 հազար երեխա օգտվել է ու գրանցվել է այդ համակարգում։ Այսօր բոլորին հորդորել ենք, որ հետեւեն կայքերին, տեղ ազատվելու դեպքում անմիջապես գրանցվեն, բայց շատ տեղեր էլ չեն ազատվում։ 
Նոր համակարգն ամենեւին չի փրկում դպրոցները հնարավոր կոռուպցիայից։ Օրինակ, համակարգի միջոցով գրանցում են երեխաներին Նուբարաշենից ու Հարավ-արեւմտյան թաղամասից, բայց մի երկու ամսից պարզվում է, որ նրանց հարմար չէ, եւ թափուր մնացած տեղերը կրկին վաճառվում են։