Իշխանություն, ժողովուրդ, ընդդիմություն՝ մանկուրտների կոալիցիա

Իշխանություն, ժողովուրդ, ընդդիմություն՝ մանկուրտների կոալիցիա

Երբեք չէի պատկերացնի, որ երբեւէ, առավել եւս՝ հայրենիքի կորստյան ռեալ վտանգի պարագայում, կարող է իշխանության, ժողովրդի եւ ընդդիմության համար առաջին պլան չմղվել հայրենիքի կորստյան սպառնալիքը: Այսօր հայրենիքը կանգնած է կորստյան ռեալ վտանգի առջեւ, իսկ ինչո՞վ են զբաղված իշխանությունը, ժողովուրդը եւ ընդդիմությունը: Եթե 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո աշխարհն ինչ-որ չափով զարմացած ու շփոթահար էր մեր անհասկանալի ու անտրամաբանական քայլերից, ապա հետո, հավանաբար, սկսեց արհամարհանքով լցվել մեր՝ հայերիս նկատմամբ:

Չէ՞ որ անգամ Հայոց մեծ եղեռնից հետո մազապուրծ եղած հայերը կամաց-կամաց վերագտնում էին իրենց, բնատուր տաղանդի շնորհիվ բոլոր ոլորտներում հասնում հաջողության, լուրջ դիրքեր զբաղեցնում այդ երկրների պետական կառավարման համակարգերում ու իրենց աշխատանքով արժանանում մեծ գնահատականի: Նրանք աստիճանաբար դառնում էին այդ երկրների լիարժեք քաղաքացիներ՝ բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Այդ երկրներում ձեւավորվում էին հայկական համայնքներ, որոնք մեծ դեր էին խաղում երկրի կյանքում։

Ինչի շնորհիվ էլ հետագայում լուրջ, բազմապիսի օգնություն էին ցուցաբերում Հայաստանին: 
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հնազանդությունն Ադրբեջանի ինքնավստահ, ցինիկ, նվաստացնող առաջարկություններին՝ զարմացնում էր աշխարհին, որը մշտապես խոր հարգանքով էր վերաբերվել Հայաստանին ու հայերին: Ժամանակի ընթացքում վերաբերմունքը փոխվեց հայերի հանդեպ, քանի որ վախկոտներին սովորաբար չեն հարգում: Այս ամենին ականատես էր նաեւ Ադրբեջանը, որը գնալով ուժեղացնում էր տարատեսակ ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Այս իրավիճակը նպաստեց, որ աշխարհը կողմ արտահայտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Արցախի՝ Ադրբեջանի կազմում որպես անբաժանելի բաղկացուցիչ լինելուն։ Աշխարհը կողմ է խաղաղության դարաշրջանի հաստատմանը: 

Սրան պետք է դիմադրեին Հայաստանի իշխանությունը, ժողովուրդը եւ ընդդիմությունը, սակայն նրանք որեւէ լուրջ քայլի չեն դիմում: Պարոնայք իշխանավորներ, հարգելի ժողովուրդ, սիրելի ընդդիմադիրներ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք սպասում, էլ ի՞նչ լինի, որ արթնանաք լեթարգիական քնից եւ քայլ անեք՝ հայրենիքի փրկության համար: Կո՞ւյր եք, չե՞ք տեսնում, որ հայրենիքը ձեռքից գնում է, այն կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած: Վախեցա՞ծ եք, թե՞ քայլ չեք տեսնում անելու եւ հարմարվել եք այն մտքի հետ, որ հայրենիքը պետք է զիջենք մեր դարավոր ու նենգ թշնամուն ու ծառայենք նրան: Սրանով հաստատում եք թշնամու բարբաջանքները, թե Հայաստան պետություն չի եղել, ընդամենը այդ տարածքներում ապրել են նաեւ հայեր, այն միշտ պատկանել է Ադրբեջանին: Իրենք էլ թույլ են տվել մեզ ապրելու այդ տարածքներում...

Զարմանալի է, թե փառահեղ պատմություն կերտած, աներեւակայելի սխրանքներ գործած հերոսական հայ ժողովուրդն ինչու այսպես ամլացավ ու սկսեց կռանալ նենգ թշնամու առջեւ: Լավ, ասենք՝ մեկ դարը երկար ժամանակահատված է՝ մոռացել ենք Հայոց մեծ եղեռնն ու նրա ահասարսուռ հետեւանքները, բայց մի՞թե այսքան արագ մոռացանք 2020թ. 44-օրյա դաժան պատերազմն ու մեր հազարավոր սուրբ զոհերին, վիրավորներին, անհետ կորածներին, գերիներին։ Եվ մեր աննման հարենիքն օրը ցերեկով, հոժարակամ ուզում ենք հանձնել թշնամուն, մեր հերոս, սուրբ զավակների արյունը խմած նենգ թուրքին, որը հերթական անգամ նենգաբար կկոտորի մեր ազգը: 

Համոզված եմ, որ իրեն հարգող ցանկացած ժողովուրդ, հնարավոր է, մոռացության մատնի բազմաթիվ իրադարձություններ, սակայն պատերազմում զոհված իր սրբերի հիշատակը երբեք չի կարող մոռանալ: Սակայն այսօր մեր ժողովրդի, իշխանության եւ ընդդիմության աններելի, անամոթ պահվածքի պատճառով կարծես մոռանում ենք մեր միլիոնավոր նահատակների հիշատակն ու պատրաստվում ենք գնալ եւ խաղաղության անվան տակ թուրքի հետ ստորագրել ամոթալի ղազագիրը։                                                             

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ