Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ

Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ
Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ
Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ
Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ
Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ
Գյումրեցի գեղանկարչի հաջողությունները Ֆրանսիայում. Լուսանկարներ

Hraparak.am-ի զրուցակիցը շուրջ 9 տարի Ֆրանսիայի Նանսի քաղաքում բնակություն հաստատած, ծնունդով գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանն է: Այս օրերին Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ- պատկերասրահում ցուցադրվում են Արման Թադևոսյանի գործերը: «Էկլեկտիկ ցուցահանդես է: Ներկայացնում եմ մի քանի շրջանի աշխատանքներ ՝ «Ծնունդ», «Պար», «Թռիչք», «Խաչելություն», «Պիետա» և այլ հայտնի գործերս : Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Հետքերը՝ ստվերների» »,-ասում է գեղանկարիչը, որի կերտած կտավներն իրենց ոճով առանձնահատուկ են :Արման Թադևոսյանին կարծես հաջողվել է գեղանկարչության մեջ նոր ոճ ստեղծել. նա մարդկանց ստվերներով է պատկերում, եւ հենց այդ է հուշում ցուցահանդեսի խորագիրը: «Մարմնի շարժումը կտավի վրա թողնում է իր դրոշմապատկերը՝ միաժամանակ առաջացնելով մտային մի տարածք, որն էլ իր հերթին լցվում է դիտողի խորհրդածություններով ու գուշակություններով»,- այսպես է նկարագրել հայտնի արվեստագետներից մեկը՝ նրա աշխատանքները տեսնելով։Ինքը՝ գեղանկարիչը, իր այս ցուցահանդեսն առանձնահատուկ է համարում, քանի որ յուրահատուկ համագործակցություն է եղել Գյումրիում ապրող զարդագործ եղբոր՝ Արտակ Թադևոյանի հետ: «Արտակն իր գործերով համամարդկային արժեք է շոշափում , երբ պարպած պարկուճներով կանացի գեղեցիկ զարդեր է ստեղծում եւ բռնություն արարող, արյուն թափող իրը վերածում է խաղաղության խորհրդանիշի: Այս անգամ նա աշխատել է գյումրեցի հայտնի գեղանկարիչների եւ ինձ հետ, պատկերելով մեր գործերը՝ փոխակերպել է զարդերի: Օրինակ, Ալեքսեյ Մանուկյանի գործերից է 10մետրանոց թղթի վրա դաջված քաղաքի դիտահորները, որից եղբայրս ներշնչվելով փոխակերպել է զարդանախշի; Նույնը արել է իմ եւ գյումրեցի արվեստագետ Վազոյի աշխատանքները վերցնելով, եւ արվեստի մեջ ստացել է մի հետաքրքիր երկխոսություն »,- հraparak.am-ին պատմեց Արման Թադևոսյանը:

Արմանի եղբոր՝ Գյումրիում արդեն իսկ բավականաչափ հայտնի զարդագործ Արտակ Թադևոսյանի հետ զրուցեցինք այստեղ, քանի որ Ֆրանսիա մեկնելու հնարավորություն չէր ունեցել, սակայն աշխատանքներն հասցրել էր ժամանակին ուղարկել, որպեսզի ցուցադրվեն: «Նկարիչների գործերը նյութականացնել, վերածել զարդի նորություն չէ, համաշխարհային հայտնի գեղանկարիչներից շատերն են ներշնչվել, եւ դա արվել է այն նպատակով, որպեսզի նրանց առավել ճանաչելի դարձնեն: Պատկերացրեք, մարդը, որ պատկերասրահ չի գնում, չի ճանաչում արվեստագետներին, բայց հանկարծ կրելով նրա գործերը պատկերող զարդեր, այդպես ծանոթանում է արվեստին: Ես էլ որոշեցի մեր ժամանակակից գեղանկարիչներին այսպես ճանաչելի դարձնել եւ մոտեցնել մարդկանց նրանց »,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ եղբոր՝ Արման Թադևոսյանի գործերն իր համար նույնպես յուրահատուկ են: «Եղբայրս կարծես արվեստի նոր ճյուղ է հայտնագործել ու առանձնացրել: Երբ այստեղ՝ ակադեմիայում էր սովորում, պետական քննության ժամանակ նրա աշխատանքը չընդունվեց, եւ այդպես 3 տարի շարունակ:Բայց նա այնքան համառ էր, որ ամեն անգամ նույն գործը ներկայացրեց եւ չփոխեց այն, մինչև որ հասկացան եւ ընդունեցին, ու այդ նույն գործը գերազանց գնահատեցին :Հետո եկան հաջողությունները, Կաննի փառատոն եւ այլն… »,-պատմեց նա:

Նշենք, որ Արման Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև եղբոր աշխատանքները, Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ- պատկերասրահում տևելու է մինչև մարտի տասը: