Փաշինյանն ասաց՝ զրոյից սկսվում, և այն, ինչ դոգմա էր 25 տարի, այսօր կասկածի տակ է դրվում․ Մանվել Սարգսյան

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը գոնե վերջին 10-15 տարիներին, անգամ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, աննախադեպ էր։ Բացի այս աննադեպությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ խսիտ ուշագրավ էին, ինչի մասին զրուցել ենք փորձագետ Մանվել Սարգսյանի հետ։
- Պարոն Սարգսյան, ըստ իս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից ամենաուշագրավը սա էր․ «Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է. իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան` մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը»։ Ու ինքն այդ հարցերին չի պատասխանում, սրանից, այսինքն, ի՞նչ հասկանալ։
- Սա հարց է, որ ես էլ եմ սպասում (հարցի պատասխանը ստանալ), էդ ի՞նչ է։ Ես, օրինակ, կասեի, որ Հայաստանի համար էս 3 սկզբունքն ընդունելի են, Հայաստանի համար ընդունելի չեն տարածքային և փախստականների խնդիրները։ Դրանք մեզ չեն վերաբերում, վերջ, Մինսկի խո՛ւմբ։
- Բայց Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ասում է՝ ինչպես արդեն նշեցի, վերջին 4 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և, հետևաբար, առաջիկայում բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների ու 6 տարրերի պարզաբանումը։ Պարզաբանեն ո՞ւմ հետ՝ Ադրբեջանի՞, Մինսկի խմբի՞։ Եվ կարելի՞ է ասել, որ սա քայլ առաջ է բանակցություններում։
- Դա բանակցություն չէ։ Ասում է՝ դուք որ սենց մի թուղթ եք ուղարկել, գրեք՝ ի՞նչ է դա նշանակում, ո՞ւմ եք դիմել դուք։ Մենք կոնֆլիկտի կողմ ենք, և ասեք՝ մեզ ի՞նչն է վերաբերում։ Որպեսզի Մինսկի խումբը գրի, որ, Հայաստան ջան, քեզ վերաբերում է սա՛, սա՛, սա՛, այսքանն էլ քեզ չի վերաբերում։ Ադրբեջա՛ն։
- Ուզում եմ ասել՝ կարելի՞ է ասել, որ այլևս բովանդակային քննարկումների ենք անցնում։
- Բովանդակային քննարկումը ո՞րն է։ Զրոյից է սկսվում։ Որ այն բաները, որոնք որպես դոգմա էին այսքան տարի շարունակ, էսօր կասկածի տակ են դրվում։ Հետևաբար, ասում է․ սկզբից պարզենք՝ էս ինչ առաջարկ է, և ում ինչ է վերաբերում, որից հետո կմտածենք՝ բանակցե՞նք, թե՞ չէ։ Սկզբից համաձայնության գանք այդ խնդիրների վերաբերյալ։ Եվ Հայաստանն ասում է, որ էս կետերը մեզ չեն վերաբերում։ Կգա՞նք համաձայնության, որ, այո, մեզ չի վերաբերում, կգանք նաև համաձայնության՝ ում է վերաբերում։ Սրանք կարևորագույն հարցեր են։ Առաջին անգամ Հայաստանը կասկածի տակ է դնում․․․ հետո, որ առաջարկել եք, հետո՞։ Ո՞ւմ եք առաջարկել։ Ասում է, չէ՞, որ իրավական լեզվով ենք խոսելու։ Իրավունքներից ենք խոսելու՝ ով ինչ իրավունք ունի էս պրոցեսում։ Երբևէ նման բան չի եղել։ Բա ինչո՞ւ Մինսկի խումբը շշկռվեց ու նման հայտարարություն արեց, ու Ադրբեջանն էլ ողջունեց՝ վայ, ինչ լավ է․․․
- Այսինքն՝ այս դիրքորոշումից գոհ եք։
- Ես գոհ չեմ, ես սրա մասին խոսել եմ տարիներ շարունակ։ Հարյուրից ավելի հարցազրույց ունեմ։
- Պարոն Սարգսյան, իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ Արցախը պետք է մասնակցի, Հայաստանն իր փոխարեն չի կարող մասնակցել, բայց վերջում ասաց, որ գնալու է մասնակցի։
- Դե, հա։ Բա ի՞նչ պիտի աներ, չմասնակցե՞ր։
- Եթե չմասնակցեր, այլընտրանքը պատերազմն է, չէ՞։
- Չէ։ Սուտ թեզ է, որն ընդհանրապես չեմ ընդունում։ Դրա վրա մարդիկ այնքան սպեկուլյացիաներ են անում։ Պատերազմը ոչ մի կապ չունի բանակցությունների հետ։ Հակառակը՝ կարող եմ բերել օրինակներ, թե բանակցություններն ինչպես են խրախուսել պատերազմը, որովհետև բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանն իր ռազմական դիվանագիտություն կոչեցյալն էր իրագործում՝ պատերազմական գործողություններ։ Տարիներ շարունակ, և քանի մարդ ենք կորցրել։ Եվ բոլորս էլ գիտեինք, որ երբ գնում ենք բանակցությունների, հեսա զինվորներ են խփելու։ Եվ հետո, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է՝ ես 7 շրջան եմ տալու, տեսանք 2016-ի ապրիլին։ Այ, եթե այս աչքով նայենք, կհասկանանք, որ այս վիճակի տրամաբանությունն այլ է։ Եվ հենց այդ սուտ թեզն է, որ շատերի համար միանշանակ բան է թվում՝ դոգմա։ Իրականությունն այդպես չէ, եթե այդպես լիներ, Ադրբեջանը մշտապես կպատերազմեր, ի՞նչ է եղել որ։ Առավոտից իրիկուն։ Բայց ինչո՞ւ չի պատերազմում, ինչո՞ւ է ողջունում Մինսկի խմբի հայտարարությունը, տարիներ շարունակ ՄԽ-ին քֆրտելուց հետո Հանկարծակի էդ մարդիկ ողջունեցին։ Ինչո՞ւ։ Էս հարցերի պատասխանները չկան։ Երբ լինեն, էդ ժամանակ կտեսնենք՝ ինչ է կատարվում, և ինչ նպատակով է պետք գնալ բանակցությունների։
- Այնուամենայնիվ, Փաշինյանը մի կողմից ասում է, որ չի կարող Արցախի ժողովրդի անունից գնալ բանակցությունների, բայց հետո վերջում պարզվում է, որ գնում է։ Այստեղ հակասություն չկա՞։
- Բացարձակ։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի՞, թե՞ չէ։ Շատ ունի, և հենց առաջինն այն է, և Փաշինյանն այդ մասին այսօր նորից հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Լրջագույն բան է միջազգային ասպարեզում։
- Դա բոլորն են ասել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։
- Իհարկե։ Հիմա․ խնդիրն այն է, թե ինչի մասին եք խոսում, երբ հանդիպում եք։ Մի բան, որը տարիներ շարունակ հարցնում եմ՝ ինչի՞ մասին եք խոսում, երբ գնում, քննարկում եք խնդիրներ, որոնք Հայաստանին չեն վերաբերում, ՀՀ-ն դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Սա այն վիճակն է, որը մենք 20 տարի ունեցել ենք։ 20 տարի մեզ բերել են պատերազմի։ Կան ուրիշ մոտեցումներ, որոնք ներկայացվել են, առաջարկվել են։ Դրանք են՝ խոսել այն խնդիրների մասին, որոնց համար պատասխանատվություն է կրում մեր պետությունը։ Այն խնդիրները, որոնց համար պատասխանատու չեք, չեք քննարկում։
- Նիկոլ Փաշինյանի ուղերձներից ի՞նչ հասկացաք։
- Ես դեռ ընդամենը էդ թեզերն եմ նայում, ես էս երկրում չեմ տեսել սկզբունքայնություն։ Էդ թեզերը ֆունդամենտալ թեզեր են։ Երբևէ որևէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել։ Էս երկիրը չի էլ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ասում ինքը։ Եթե Դուք ուզում եք հակամարտության էությունը փոխել․․․ Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որևէ խնդիր, որն առաջարկել են և՛ Մինսկի խումբը, և՛ ուրիշները, չեն քննարկվում Հայաստանի կողմից։ Հասկանո՞ւմ եք՝ սա մեր գործը չէ։ Իրենք կարող են առաջարկել, բայց մենք չենք կարող տարածքային և հումանիտար խնդիրներ Ադրբեջանի հետ քննարկել։ Դա մեզ չի վերաբերում բացարձակապես։
Կարծիքներ