Հորդորում եմ վարչապետին չտալ հրաժարական, իր եփած բորշը ինքն էլ պետք է ուտի

Հորդորում եմ վարչապետին չտալ հրաժարական, իր եփած բորշը ինքն էլ պետք է ուտի

Իմ և ավելի ավագ սերունդը լավ կհիշի Աբովյան փողոցի վրա գտնվող «փարիզյան սուրճ»-ի հարևանությամբ հայտնի գրախանութը։ Այդ տարիներին գիրք ձեռք բերելը շքեղություն էր, գիրք կարդալն էլ՝ պարտադիր պայման։ Եվ,որպես կանոն, դասականների գրքերը հնարավոր էր ձետք բերել բացառապես բաժանորդագրվելու միջոցով։ Այսօրվա պես հիշում եմ՝ գնացի վերցնելու Ակսել Բակունցի երրորդ հատորը։ Ինքս տասնհինգ-տասնվեց տարեկան պատանի, ապագայի հովերով տարված, միևնույն ժամանակ նաև երևանյան փողոցների բակային կռիվներում թրծված, իրեն երևանցի ու երևանի տերը համարող կյանք մտնող պատանի, Բակունցի հատորը գեղեցիկ տուփի մեջ դրած ձեռքիս դուրս եկա փողոց, երբ ինձ հասակակից մի տղա բավական ագրեսիվ տոնով մոտեցավ և վիրավորեց, ստանալով իր վիրավրածի երկու անգամ ավել դոզա, գործը հասավ ձեռքերին ևվ ոտքերին։ Շատ արագ գիտակցեցի, որ մի քանի րոպեից այս պատանին կամ պետք է փախնի, կամ էլ լրացուցիչ հանդիպման ժամ խնդրի։ Մի խոսքով, մտել եմ տարերքիս մեջ ու քոթակում եմ, երբ թիկունքկից գլխիս և վզիս հատվածում ուժեղ հարվածից մի պահ երերացի և պտտվելով նկատեցի ինձանից տարիքով մի երիտասարդի, ողջ էներգիաս ներդրեցի պատասխանը տալու, լավ հասկանալով, որ ուժերն արդեն անհավասար են։ Եվ վիրավորականը այն էր, որ այդ բանուկ փողոցում մարդիկ անցնում էին անտարբեր, մի մասն անցնելով հորդորում էին դադարեցնել, մի հոգի էլ կանգնեց, մեզ բաժանեց, թույլ չտվեց, որ կռիվը շարունակվի։ Սակայն մեկը, ով իր վրա կվերցներ անկախ արբիտրի դեր և կպատժեր երկուսով մեկի վրա հարձակվելու համար, այդպես էլ չգտնվեց։ Այդ օրը ես ծեծ կերա անհավասար մարտում և առա հետևյալ դասը՝ եղիր այնքան ուժեղ, որպեսզի անհավասար մարտերում լինես հաղթանակող և հույսդ դիր բացառապես քո վրա։

Հիմա ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված պատերազմում ադրբեջանը հերթական անգամ քոթակ չուտելու համար խնդրեց մեծ ախպորը, ով հաճույքով միացավ և որոշեց պատերազմի ելքը։ Այս ընթացքում Հայաստանը հույս ուներ, որ աշխարհը կպատժի նման ստոր արարքի համար թուրքի լամուկներին, սակայն աշխարհն իմ նկարագրած փողոցային կռվի ականատեսների պես միայն ամոթանք էր տալիս, այն էլ՝ երկուստեք։ Եվ ահա հայտնվում է մեր ավագ եղբայր կոչվող ռուսը և ընդամենը բաժանում է: Այո, չբաժաներ, Հայաստանը կարող էր խնդիր ունենալ, որովհետև  ակնհայտ անհավասար պայքարում էր հայտնվել, սակայն, որպես հայերին բարեկամ կոչվող ռուսը, կարծում եմ, ոչ թե պետք է բաժաներ, այլ ինչպես թուրքը վարվեց՝ կանգներ իր հավատարիմ բարեկամի կողքին։
Անեմ երկու կարևոր հետևություն.
Վրեժը սառը խորտիկ է, ուստի յուրաքանչյուր հայ ինքն իր համար պետք է հետևություն անի, հզորանա և իր ունեցածի տասը տոկոսը նվիրաբերի Հայաստանին և հույսը դնի բացառապես իր վրա։
Այն, որ հիմա քննադատում են Նիկոլին, որպես անկախ դիտորդ փաստում եմ, ավելի լավ լուծման ձևաչափ չեմ տեսնում։ Ավելին, նողկալի է փողոց դուրս եկած օպոզիցիա կոչվածի սեթևեթանքները ռուսների նկատմամբ, և այդպես դուք իշխանություն եք ուզում, այ սրիկաներ, ձեզ երեք մատի կոմբինացիա։

Հորդորում եմ վարչապետին չտալ հրաժարական, իր եփած բորշը ինքն էլ պետք է ուտի, եթե ոչ, պատմությունը չի ների: Անհրաժեշտ է ժողովրդից վերցնել վստահության քվե, որն անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար։
Հարգելի հայրենակից, մենք չենք պարտվել, աշխարհը պարտադրեց մեզ այս պարտությունը, եկեք մութ սենյակում սև կատու չփնտրենք և լինենք միակամ։

Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն
#ԼեվԳրուպ