«ԱԶԿ-ն այլևս ինքնուրույն հաղթանակներ չի կարողանում տանել»․ Անուշ Հովհաննիսյան

«ԱԶԿ-ն այլևս ինքնուրույն հաղթանակներ չի կարողանում տանել»․ Անուշ Հովհաննիսյան

Արդեն հայտնել էինք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նախնական տվյալներով, դարձել է քաղաքապետ։ 

Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն ստացած քվեներով առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրից, ով ստացել է քվեների 45.24 տոկոսը։ Ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին վստահություն է հայտնել ընտրողների 53.92 տոկոսը։ 

«Հրապարակի» հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն անչափ կարևոր էին մի քանի առումներով․ «Նախ Սամբուլը Թուրքիայի բնակչության գրեթե քարորդն է, իսկ պրոդուկտ ստեղծելու կամ տնտեսական առումով մեկ երրորդն է։ Մինչ այս ընտրությունները, բնական է, որ Ստամբուլը գտնվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տիրապետության տակ։ Այս առումով Ստամբուլի պես քաղաքի վրա ազդեցությունը կորցնելը շատ լուրջ խնդիր է ԱԶԿ-ի համար»։  

Անուշ Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր տեսակի կեղտոտ միջոցները օգտագործվել են ընդդիմադիր թևին հնարավորինս չեզոքացնելու համար․ «Թուրքիայում կարծես ավանդույթ դարձած լինի այն, որ պետք է անպայման վկայակոչեն այս կամ այն թեկնածուի ոչ թուրքական ծագումը։ Այս ամենը կատարվում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Իմամօղլի դեմ ևս օգտագործում էր այն վարկածը, թե ինքը ավելի շատ հույն է, մաքուր թուրք չէ։ Այս կերպ փորձում են այնպես անել, որ ազգայնական ռեակցիան գործի, մարդիկ ձայն չտան այդ թեկնածուի օգտին»։

Թուրքագետը կարծում է,  ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն շատ ճիշտ է գործել իր նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրական տրամադրվածություն է ապահովել։

Ըստ Անուշ Հովհաննիսյանի՝ չի կարելի ասել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է իշխանությունը, բայց չի կարելի չնկատել նաև, որ վերոնշյալ կուսակցությունը այլևս ինքնուրույն հաղթանակներ չի կարողանում տանել․ «Անպայման փորձում են դաշինք կազմել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Սա իհարկե արդեն նշանակում է, որ դիրքերը սկսում են կամաց-կամաց թուլանալ»։