«Հրապարակ»․ Պատգամավորների աշխատասենյակների հարցը մնում է չլուծված

«Հրապարակ»․ Պատգամավորների աշխատասենյակների հարցը մնում է չլուծված

Երրորդ օրն է, ինչ 7-րդ գումարման ԱԺ-ն սկսել է աշխատանքները, սակայն պատգամավորների աշխատասենյակների հարցը մնում է չլուծված։ Նախկին պատգամավորներն այնպես են սրբել իրենց աշխատասենյակները, որ դրանք մնացել են առանց անհրաժեշտ գույքի՝ սեղան-աթոռների։

«Իմ քայլ»-ականները նիստերին գնում են դահլիճ, դահլիճից՝ բուֆետ ու այսպես ողջ օրը թափառում են։ Թափառումը երբեմն ընդմիջվում է խմբակցության նիստով, որն անցկացվում է դահլիճի հարեւանությամբ գտնվող թիվ 334 ընդարձակ սենյակում։

«Իմ քայլը» երեկ օրվա ընթացքում առնվազն 2 անգամ նիստ է արել։ Պատգամավորներն ասում են, թե աշխատանքային քննարկում են անում, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցության նիստերի ժամանակ ավելի ստաժավորները գործընկերներին սովորեցնում են՝ ինչպես գրանցվել, ինչպես ելույթ ունենալ ամբիոնից, ինչ ասել, ոնց նստել, երբ դահլիճից դուրս գալ եւ այլն։