Կոմպրոմատների տակ կքվածը կոմպրոմատներով է ահաբեկում

Օրակարգային հարց է դարձել, որ իշխանությունը կոմպրոմատներով լռեցնում է նախկին ու ներկա պաշտոնյաներին, պատգամավորներին, գործարարներին, հրամանատարներին։ Բազմիցս ենք լսել, լսում, մի փոքր թպրտոցի դեպքում քրեական գործեր են հարուցվում այս կամ այն թիրախի, նրա հարազատների դեմ։ Ինչ որ մեկի նկատմամբ հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունները բնական է, սարսափեցնում է մարդկանց, առավել ևս, երբ դրանք ուղղվում են ֆինանսական զինաթափմանը։ Այս վեց տարվա մեջ բազմիցս ականատես ենք եղել քաղաքական դաշտը տարբեր կոմպրոմատներով լռեցնելու գործընթացին։ Խոսակցական լեզվով դա շանտաժ է նշանակում։ Վարկաբեկող տվյալների՝ տեղեկությունների հրապարակման սպառնանք՝ որևէ նպատակի հասնելու համար, մեկին ահաբեկելը՝ նրա մասին ունեցած վարկաբեկիչ փաստեր՝ տվյալներ հրապարակելու սպառնալիքով:
Վեց տարի՝ շանտաժի մեջ ենք։ Սպառնում է՝ ինձ ծառայիր, թեկուզ թշնամու օրակարգով, այլապես վարկաբեկիչ տեղեկություններ կհրապարակեմ, եթե չլինի էլ՝ կստեղծեմ կամ փողերդ ձեռքիցդ կառնեմ, մորեմերկ դարձնեմ։ Հայերենում շանտաժին համարժեք բառ կա՝ շորթագործություն, որը հաճախ օգտագործվում է ավելի լայն իմաստով՝ որպես ցանկացած բացասական հետևանքների սպառնալիք պահանջները չկատարելու դեպքում։ Շորթագործություն կատարողը սովորաբար հաշվարկը դնում է այն բանի վրա, որ պահանջները չկատարելու դեպքում բացասական հետևանքները ավելի մեծ վնաս կպատճառեն շորթագործության ենթարկվողին, քան պահանջները կատարելու դեպքում և վերջինս չարիքի փոքրագույնը ընտրելով պետք է համաձայնվի շարադրվող պայմաններին։ Հայաստանն այս վիճակում է։ Վերջին շրջանում այն ավելի վտանգավոր բնույթ է կրում։ Որովհետև կոմպրոմատներով լռեցնում են մարդկանց, որոնք փորձում են ասել, որ հայրենիք, պատիվ ու Աստված ունեն։ Մարդկանց զրկում են իրենց հողից, եկեղեցուց, պատվից, արժանապատվությունից, նսեմացնում են նրանց։
Մի բուռ երկիր ենք, ոչինչ գաղտնի չի մնում։ Անուններ չեմ հրապարակում, որոնց ժողովուրդը դավաճան է համարում և պետք էլ չի հրապարակել, որովհետևիշխանությանը ծառայող բոլոր անձանց են այդպիսին համարում։ Իսկ դա նշանակում է, որ իշխանության մեջ գտնվող բոլոր մարդկանց վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներ ունի և ցանկացած «սայթաքումից» գործ են բացում․․․ Հետաքրքիր վիճակ է։ Դրսից հարկադրում են Նիկոլ Փաշինյանին։ Հարկադրել կարող են՝ միայն կոմպրոմատ ունենալու դեպքում։ Այսինքն դուրսը կոմպրոմատներ ունի Փաշինյանի հանդեպ, որ այդպես հլու- հնազանդ ծառայում է։ Նա զգում է կոմպրոմատի բեռը, ծանրությունը։ Նրան հուշում են, որ նույն կերպ այն կիրառի իշխանություն ներկայացնող իր խմբակի ու ընդդիմադիր հոխորտացողների վրա։ Բազում նման օրինակներ են բարձրաձայնվում։ Չեմ ուզում առանձնացնել յուրաքանչյուրդ կարող եք ձեր մտքում ձեր իմացած փաստը հիշել։
Արդյունքն այն է, որ այսօր բոլոր պաշտոնյաները, զինվորական հրամանատարները, գեներալները, գործարարները, պատգամավորները լուռ են, իսկ ժողովուրդը մենակ է մնացել։ Ով փորձում է մոբիլիզացնել ժողովրդին՝ հայրենիքի վերջին պատառները փրկելու համար, եթե անգամ կենսագրության մեջ բիծ չունենա այդ առաջնորդը, անվանարկվում, արատավորվում է։ Վերջին շարժումը վերցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի»։ Իր հրահանգով խաղաղ ցույցը ջարդում, արյունլվիկ է անում ու հետո ասում, որ Ազգային ժողովի շենքի վրա էին ուզում գրոհել։ Առաջին անգամ չի բարձրաձայնվում՝ եթե Հիսուսն անգամ գա, այդ մարդը, որը աթոռից սոսնձված է, արատավորելու է նրան։ Կոմպրոմատների տակ կքվածը կոմպրոմատներով ահաբեկում է։ Սա է իրական փաստը։ Սրա շուրջ լայն համախմբում է պետք, որպեսզի նա ինչպես տարածքներն է մաս- մաս հանձնում, այնպես էլ շանտաժով հատ- հատ չոչնչացնի արժանապատվություն ունեցող այն մարդկանց, որոնց համար հայրենիքը, պատիվը առաջին տեղում է։ Հերթը բոլորին է հասնելու, չպետք է սպասել, որ հատ- հատ ջարդվեն, լայն համախմբում է պետք։ Պետությունը շանտաժով չեն պահում․․․Գալու է մի պահ, որ նրա վրա ճնշումը դրսից այնքան են մեծացնելու, որ այն մարդիկ, որոնց խաբել ու կերակրել է, հասկանալու են, որ իրենց ներել, լիուլի վճարել են լռելու, կոծկելու, հայրենիքը հանձնելու համար․․․
Կարծիքներ