Աբսուրդի թատրոն

Աբսուրդի թատրոն

Չուտես-չխմես՝ կողքից հետեւես, թե ինչպես է տրանսֆորմացվում մարդը։ Ինչպես է նա ազնիվ, անկեղծ, ժողովրդի մասին մտածող ընդդիմադիրից ու ակտիվիստից վերածվում փակ, կասկածամիտ, անհանդուրժող չինովնիկի։ Ինչպես են ժամանակին մամուլի ու խոսքի ազատությունից խոսող, իշխանությունների թափանցիկության, հաշվետվողականության մասին երկարաշունչ ճառեր ասող, բյուջեի ամեն լումայի ու պետական պարտքի ամեն դրամի համար կուրծք ծեծող ջահելներն առանց աչքը թարթելու պետական բյուջեի հաշվին տուրիստական, անպտուղ այցելություններ անում, խուսափում լրագրողներից, դատի տալիս լրատվականներին՝ իրենց խոհանոցը բացահայտելու համար, եւ փնտրում «արտահոսքի» մեղավորներին։ Ո՞վ կսպասեր, որ ողջ կյանքը լրագրող աշխատած կամ լրագրողների աշխատանքի բոլոր նրբություններին ծանոթ մարդիկ, պատգամավոր ու պաշտոնյա դառնալով, մի քանի ամսում ամնեզիա ձեռք կբերեն եւ իսպառ կմոռանան իրենց անցած ճանապարհն ու իշխանությունների ամեն քայլը լուսաբանելու մեջ թշնամություն, հակահեղափոխականություն, սեւերի ու նախկինների վերադարձի վտանգ կտեսնեն։
Զավեշտալի պատմություններ են մեզ հասնում, թե ինչ է կատարվում իշխանական թիմում՝ ինֆորմացիան թաքցնելու, անթույլատրելի ինֆորմացիա հրապարակողներին պատժելու ուղղությամբ։ Ի՜նչ ինկվիզիցիոն գործընթացներ են կազմակերպում, որ իրենց ներքին խոսակցությունները հանկարծ մամուլում չհայտնվեն, իսկ եթե հայտնվել են, ապա մեղավորները դաժանաբար պատժվեն։
Այդ քննարկումներից մեկի ժամանակ էլ ծնվել էր Ազգային անվտանգության ծառայություն դիմելու անամոթ առաջարկը, որ արտահոսքի աղբյուրները պարզվեն։
Բայց առավել ուշագրավ է, թե ինչպես են աշխատում իմքայլականները, երբ գործ ունեն որոշակիորեն ոչ հրապարակային ինֆորմացիայի հետ։ Ասենք, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը կազմված է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից, իրեն առնվազն կինոյի հերոս է զգում։ Այս հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, հատուկ սենյակ է վերցրել՝ ԱԺ նախագահի հարկաբաժնում։ Իբր որ ժուչոկներ չլինեն այդ սենյակում։ Նիստերն անում են հույժ գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ՝ ո՛չ նիստից առաջ, ո՛չ հետո տեղեկատվություն չեն հաղորդում։ Նիստից առաջ բջջայինները թողնում են դրսում եւ այլն։ Իսկ նիստին մասնակցողները նախապես ինչ-որ անհասկանալի հարցաշար են լրացրել։ Չի լրացրել միայն Սասուն Միքայելյանը, ով իր պատվից ցածր է համարել նման ստորացուցիչ հարցերին պատասխանելը եւ ըստ այդմ զրկվել է հանձնաժողովի նիստերին մասնակցելու հնարավորությունից։
Վստահ ենք, որ այն ինֆորմացիան, որը՝ իրենց «ձեւ տված», թաքցնում են այս հանձնաժողովի անդամները, վաղուց հայտնի է շատերին, գուցե նաեւ մեր հակառակորդներին, եթե, իհարկե, նրանցից թաքցնելն է գերնպատակը։ Առհասարակ, քաղաքակիրթ երկրներում ավելի ու ավելի մեծ թվով տեղեկատվություն են բացում հանրության առաջ՝ դա համարելով ժամանակակից հանրությանը բնորոշ ատրիբուտ եւ իշխանություններին զսպող մեխանիզմ։ Մանավանդ՝ այդ ինֆորմացիան տեխնիկայի ու առաջադիմության մեր դարում ավելի ու ավելի բարդ է դառնում թաքցնելը։ Իսկ մեր երիտասարդ հեղափոխականները, փաստորեն, պապից ավելի կաթոլիկ գտնվեցին եւ ոչ միայն պահպանեցին հանրապետականների գաղտնիության շղարշը, այլեւ զարգացրին նրանց ավանդույթները։ Արդյունքում՝ մեծ ծավալի տեղեկատվություն այսօր չի հասնում հանրությանը։ Ոչ միայն, ասենք, վարչապետի կնոջ հիմնադրամների ելումուտի մասին, այլեւ անգամ խորհրդարանի գործունեության, պետական պաշտոնյաների գործուղումների եւ դրանց արդյունքների, այլ երկրների հետ հարաբերությունների։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ հնարավոր է գաղտնի պահել, պահում են։ Իսկ հանրությունն ուզում է եւ իրավունք ունի ամեն ինչ իմանալ։

Հրայր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ