5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․

«Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը»։

ՀԳ Հաղորդագրությանը կից ՊՆ-ն նաեւ լուսանկարներ է տեղադրել։ Արժեր, որ այս նյութն ուշադիր կարդային այն բոլոր ընթերցողները, որոնք մեզ այսօր մեղադրում էին՝ զորքը Սյունիք տեղափոխելու մասին գրելու համար։ Նաեւ ուշադիր դիտեն, որ ՊՆ-ն լուսանկարներ էլ է հրապարակում՝ ընդ որում այսօրվա իրական լուսանկարներ, այլ ոչ թե արխիվային, ինչպիսին մենք էին հրապարակել։ Առհասարակ՝ արժե անտեղյակ ու իբր հայրենիքի, գաղտնի տեղեկատվության պաշտպանությամբ մտահոգ ամեն մեկը քոմենթ գրելուց առաջ մի քիչ մտածի եւ զուսպ արտահայտվի։ Նման տեղեկատվությունը չի եղել եւ չի կարող լինել պետական գաղտնիք։ Նման տեղեկատվության հաղորդումը հենց մեր պետության եւ բանակի շահերից է բխում եւ թշնամուն հասկացնում, որ մենք քնած չենք՝ պատրաստ ենք համարժեք հակահարված տալու։ Իսկ մեր երկրին ավելի շատ վնասում են զոմբիների քոմենթներն ու անգրագետ գրառումները, որոնք ցուցադրում են մեր հասարակության ցածր մակարդակը, տեղեկատվության հանդեպ զրո պահանջարկը եւ պետական գիտակցության բացակայությունը։