Արդյոք շարունակո՞ւմ են աշխատել Սորոսի համար

Արդյոք շարունակո՞ւմ են աշխատել Սորոսի համար

Ռուսական մամուլն օրերս հրապարակեց հայաստանյան սորոսական պաշտոնյաների ու կառույցների մի հսկա ցանկ, ներառյալ երկրի առաջին դեմքը, փոխվարչապետը, կառավարության անդամներ, Քննչական կոմիտեի ղեկավար, տարբեր լրատվամիջոցներ եւ այլ  ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Արդյոք անհանգստացնող չէ՞, որ Հայաստանում այսքան շատ սորոսականներ կան իշխանության ամենավերին օղակներում։ Հարցն ուղղեցինք սորոսականներով ակնհայտորեն չհիացած գյումրեցի իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ Հարցրինք՝ ի դեպ, նախկիններն ասում են, որ իրենց օրոք այս կազմակերպության անդամները ներկայացված չէին իշխանության մեջ եւ, հետեւաբար, չէին կարող քաղաքական որոշումների կայացման հարցում ազդեցություն ունենալ, հիմա այլ է վիճակը։

Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Անհանգստացնող է ոչ թե, որ իրենք եղել են այդ հիմնադրամում՝ բնական է, որ այդ ժամանակներում, երբ հանրապետականները եղել են իշխող, եւ այն մարդիկ, որոնք իշխանության մաս չեն կազմել, ամեն մեկն իր ձեւով իր հացը վաստակել է, եւ կան մարդիկ, որոնք այդ հիմնադրամում են աշխատել։ Ես խնդիր չեմ տեսնում, թե իրենք նախկինում որտեղ են աշխատել, որտեղ են վաստակել իրենք հացը հանապազօրյա։ Խնդիրը ոչ թե այդտեղ է, այլ այնտեղ, թե այսօր իրենք որքանով են շարունակում աշխատել այդ կազմակերպության համար։ Այսինքն՝ մենք պետք է տարանջատենք»։

Ընդ որում, Սոֆյա Հովսեփյանն ասում է․ կարեւոր չէ՝ խոսքը «Բաց հասարակության հիմնադրամների՞ն» է վերաբերում, թե՞ այլ կազմակերպության, եւ ավելացնում է․ «Խնդիրն այն է, թե այսօր որքանով են իրենց լիազորությունները ծառայեցնում այդ կազմակերպությունների ծրագրերն առաջ տանելուն»։

Հարցին, թե ցանկը շատ մեծ է՝ իշխանության ողջ առաջին էշելոնը․ ամեն դեպքում, վտանգ չկա՞։ Մեր զրուցակիցն արձագանքում է․ «Կրկնում եմ՝ ինձ համար կարեւոր է, թե արդյոք կարո՞ղ են իրենց պաշտոնը ծառայեցնել այս կամ այն ընկերության շահերին, թե՞ ոչ։ Եվ եթե չեն անում, ապա չեմ պատկերացնում, թե վտանգն ինչում է, որովհետեւ շատ ավելի վտանգավոր կարող է լինել ինչ-որ մի դպրոցում աշխատած մարդը, որը, պատկերացում անգամ չունենալով իր դպրոցի կառուցվածքի մասին, հիմա կարող է ղեկավարել կամ բարձր պաշտոն ունենալ»։

Սոֆյա Հովսեփյանն ամփոփում է՝ ո՞վ ասաց, որ վտանգը միայն «այդ կազմակերպությունից է» կամ նրանից, թե նախկինում որտեղ է աշխատել, այլ  վտանգը մարդու մտավոր բազայից ու մտավոր, հոգեկան առանձնահատկություններից ու արժեհամակարգից կարող է գալ, ինչպես նաեւ, թե ինչով է պայմանավորված գործունեությունը։ Ինչ վերաբերում է նախկիններին, ապա պատգամավորն ասում է, որ նրանց գործունեությունն էլ կարծես թե եւ շատ դեպքերում նույն հիմնադրամի հետ համաձայնեցված է եղել։ «Նույնն են, մի շարք անհայտ արժեքներ ու դավանանքներ ունեցող կոնվենցիաներն իրենք ստորագրել են՝ չլինելով Սորոսի հիմնադրամի անդամ։ Այսինքն՝ կրկին անձի ու մոտեցումների հարց է, ոչ թե՝ որտեղ է աշխատել կամ որտեղ է աշխատում»,- ասաց իմքայլականը։